Տնտեսական անցուդարձին հետեւող մեր հայրենակիցներին երեւի ծանոթ է «ճգնաժամի դասեր» արտահայտությունը։ Այն «հիթ» դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհիվ, ով 2009-2010 թվականների ընթացքում նախանձելի հետեւողականությամբ, տարբեր առիթներով եւ տարբեր տեղերում խոսում էր այդ դասերի մասին (օլիգոպոլիաների բացասական ազդեցություն, ոչ դիվերսիֆիկացված տնտեսություն եւ այլն)։
Սկզբում անհասկանալի էր, թե ինչու է վարչապետը նույն բանը այդքան հաճախ կրկնում, ընդ որում, նույն մարդկանց համար։ Դա նմանվում էր թույլ մտավոր ունակություններ ունեցող աշակերտների համար հատուկ դասընթացի։ Սակայն, ըստ երեւույթին, Տիգրան Սարգսյանը մի բան գիտեր։ Ավելի կոնկրետ՝ գիտեր իր ենթակաների ընկալունակության շրջանակները, դրա համար էլ ջանք չէր խնայում «ճգնաժամի դասերը» նրանց հասկացնելու համար։
Իսկ հիմա պարզվում է, որ մենք սխալվում էինք. վարչապետը դեռ մի բան էլ քիչ է կրկնել, քանի որ կառավարության անդամները (կամ նրանց մի մասը) այդպես էլ ոչինչ չեն հասկացել։ Սա ոչ թե մեր կարծիքն է, այլ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆի։ Իհարկե, վերջինս բառացիորեն չի ասել՝ «կառավարության անդամները չեն սերտել դասերը», եւ նախընտրել է մտքերը շարադրել առավել «անշառ»` կրավորական սեռով, սակայն, հասկացողը կհասկանա։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ճգնաժամի շատ դասեր լավ չեն սերտվել եւ չեն դարձել հիմք բարեփոխումների համար։ «Հայաստանը նման էր մի մեծ պղպջակի, որը ճգնաժամի ժամանակ պայթեց»,- ասել է Բերգլոֆը՝ ավելացնելով, որ բարեփոխումների դանդաղումը կապված է օլիգարխիկ համակարգի առկայության եւ տնտեսական մրցակցության բացակայության հետ։
Բարեփոխումներ, իհարկե, անում է հենց կառավարությունը, այսինքն՝ հենց կառավարությունը պետք է առաջին հերթին սերտեր այդ դասերը։ «Մտահոգող են շարունակում մնալ գնաճի բարձր ցուցանիշը եւ մակրոտնտեսական խոցելիության աճը։ Սրանք անհանգստացնող նշաններ են։ Ճգնաժամի պատճառով պետության պարտքը կտրուկ աճել է եւ նույնքան բարձր է, որքան Կենտրոնական Եվրոպայում։ Պակաս մտահոգիչ չեն նաեւ բարձր դոլարիզացիան եւ տեղական կապիտալի շուկայի թերզարգացվածությունը։ Հայաստանը դեռեւս շատ բան ունի անելու»,- նշել է տնտեսագետը։ Նշենք, որ երեկ Բերգլոֆը լրագրողներին ներկայացրել է ՎԶԵԲ-ի պատրաստած հերթական զեկույցը` Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ։ ՀՆԱ-ի աճի՝ ՎԶԵԲ-ի գնահատականը գրեթե շատ մոտ է կառավարության գնահատականին՝ 4.5% աճ 2011թ. (2011 թ. պետական բյուջեում կանխատեսված է 4,6% աճ)։ Սակայն ՎԶԵԲ-ի եւ կառավարության կանխատեսումները խիստ տարբերվում են աճի վրա ազդող գործոնների հարցում։ Օրինակ՝ ՎԶԵԲ-ի մասնագետների կարծիքով՝ տնտեսական աճին կնպաստեն դրամական ներհոսքերի վերականգնումն ու պղնձի բարձր գները, իսկ կառավարությունը ՀՆԱ-ի աճը կապում է գյուղատնտեսության աճի ու վերամշակող արդյունաբերության հետ։
Ինչեւէ, մեր իշխանությունների համար խոշոր հաշվով կապ չունի, թե ՀՆԱ-ն ինչի հաշվին է աճել։ Կարեւորը՝ ցուցանիշը դրական լինի ու բարձր։ Հետո կնայեն, կտեսնեն՝ ո՞ր ոլորտն է առավելապես նպաստել ՀՆԱ ցուցանիշի աճին, եւ կսկսեն հայտարարել, թե իրենց ուզածն էլ հենց դա էր, որ հենց ա՛յդ ոլորտն է կարեւոր տնտեսական զարգացման համար։ Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, Հայաստանում կարեւոր է առաջին հերթին ոչ թե իրական վիճակը, այլ՝ ցուցանիշն ու տարբեր «ռեյտինգներում» ամոթով չմնալը։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե սա ասում ենք հենց այնպես, կոնկրետ օրինակ բերենք։ Կառավարության պաշտոնական կայքի ամենաներքեւի մասում մի առանձին բաժին կա՝ «2011թ. գերակա խնդիրները»։ Այստեղ խնդիրները դասակարգված են գերատեսչությունների միջեւ, եւ յուրաքանչյուր նախարարության համար նշված են գերակա խնդիրները եւ այդ խնդրի լուծմանն ուղղվող քայլերը։ Էկոնոմիկայի նախարարության համար նշված են 4 գերակա խնդիրներ, որոնցից մեկը հետեւյալն է. «Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավում»։ Այսինքն՝ գերակա խնդիրը ոչ թե գործարարությամբ զբաղվելը դյուրինացնելն է, այլ՝ վարկանիշում վեր բարձրանալը։
Ավելացնենք, որ կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել այդ «գերակա խնդրի լուծմանը». մարտի 3-ին տեղի ունեցած նիստում կառավարությունը վերանայել է իր նախկին մի շարք որոշումներով շինարարության մեջ սահմանած նորմերը, էապես նվազեցրել կառուցապատման ընթացակարգերի թիվը, տեւողությունն ու արժեքը, «ինչի շնորհիվ կապահովվի կառուցվող օբյեկտի անվտանգությունը` մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից» (չակերտների մեջ նշվածը մեջբերում էր կառավարության պաշտոնական կայքից)։ «Վարչապետի դիտարկմամբ՝ այս փաստաթղթով պետությունը զգալիորեն դյուրացնում է շինարարության փաստաթղթերի տրամադրումը, ինչի անհրաժեշտությունն ամրագրված է նաեւ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում։ Եթե այսօր մեր քաղաքացիները 137 օր եւ շուրջ մեկ միլիոն դրամ են ծախսում նման թույլտվություն ստանալու համար, ապա նոր կարգով նույն նպատակին կտրամադրեն 27 օր եւ անհամեմատ փոքր գումար։ Կրճատվում են նաեւ կոռուպցիոն ռիսկերը»,- նշված է կառավարության պաշտոնական լրահոսում։ Նշենք նաեւ, որ այս փոփոխությունը ներկայացված է՝ որպես «գործարար միջավայրի բարելավման նպատակ ունեցող որոշում»։
Թե Հայաստանի գործարար միջավայրի բարելավման տեսակետից շինթույլտվության պարզեցումը ի՞նչ կապ ունի՝ անհասկանալի է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նույն «ճգնաժամի դասերի» մեջ իր ուրույն տեղն ուներ շինարարության տեսակարար կշիռը փոքրացնելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Հայաստանում շինարարությամբ զբաղվողները պատահական մարդիկ չեն, «վերեւների» ամենանեղ շրջանակից են, եւ իրենց հարցերը, այսպես թե այնպես, առանց լուրջ դժվարությունների լուծում էին։ Այսինքն՝ այս որոշումը օգտակար է առաջին հերթին խոշոր կառուցապատողներին։ Բա ո՞ւր մնաց փոքր բիզնեսը, որտե՞ղ է նրա շահը. որքան գիտենք՝ կառավարությունը շատ է կարեւորում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը։
Իրավիճակը պարզ է դառնում, երբ նայում ենք «Doing Business 2011» զեկույցը։ Գործարարության դյուրինությունը գնահատելու համար զեկույցի հեղինակները դիտարկում են 10 չափանիշներ, որոնցից մեկը հենց շինթույլտվություն ստանալն է (որքա՞ն ժամանակ է պահանջվում, որքա՞ն արժե, քանի՞ ընթացակարգ պետք է անցնել)։ Այս ցուցանիշով Հայաստանը բավականին անհաջող դիրքերում է. եթե ընդհանրացված վարկանիշում մենք զբաղեցնում եք 48-րդ տեղը, շինթույլտվության չափանիշով 78-րդ տեղում ենք։ «Doing Business 2011»-ում նշվում է, որ միջին հաշվով 137 օր է ծախսվում շինթույլտվություն ստանալու համար. այսինքն՝ վարչապետն այդ թիվը նշում էր կոնկրետ աղբյուրից։ Ինչ վերաբերում է շինթույլտվության համար ծախսվող «շուրջ մեկ միլիոն դրամին», ապա այստեղ կառավարության ղեկավարը փոքր-ինչ կլորացրել է, քանի որ զեկույցում գումարը մոտենում է 1.3 միլիոնի։ Դրանից շուրջ 1 միլիոնը բաժին է ընկնում քաղաքապետարանին։
Մի խոսքով, եթե ուրիշ ոչինչ չանենք, ապա միայն շինթույլտվության հետ կապված այս որոշման շնորհիվ Հայաստանը հաջորդ տարվա «Doing Business» վարկանիշում մի քանի հորիզոնականով վեր կբարձրանա։ Այդ ժամանակ մեր պաշտոնական բանախոսները ոգեւորությամբ կնշեն, որ Հայաստանի գործարար միջավայրը, ըստ «Doing Business»-ի, բարելավվել է՝ առանց «մանրանալու», թե հատկապես ինչի՞ շնորհիվ եւ ո՞ւմ համար։ Կարեւորը՝ «գերակա խնդիրը» լուծված կլինի։