Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մարտի 9-ին Արարատի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության: Նա նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը 2011թ. մարտի 10-ից մարզում կիրականացնի ստուգումներ: Ինչպես բոլոր մարզերում, այստեղ եւս ստուգումները սկսելուց առաջ ՎՊ նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են այն հիմնարկների ղեկավարներն ու համայնքապետերը, որտեղ նախատեսվում են ստուգումները: Ի. Զաքարյանը նշել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ` համայնքների մշակութային ու կրթական կենտրոններում: Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաեւ մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ու սոցիալական ծրագրերի, մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ: ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ի. Զաքարյանը շեշտել է, որ «ՎՊ մասին» ՀՀ օրենքի համաձայն, մինչեւ ստուգումները պալատի համապատասխան վարչությունները դիմել եւ ստացել են մարզի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, դրանց հիման վրա գնահատվել են ռիսկերը, ուստի ստուգումները կանցկացվեն հենց ռիսկային համարվող տարածքներում: