«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը ցանկանում է Ստամբուլի օդային տարածքով ամերիկաբնակ հայերին տեղափոխել Հայաստան եւ աշխարհի տարբեր երկրներ: Այս մասին, ըստ թուրքական «Hurriyet»-ի` Ստամբուլ-Լոս Անջելես առաջին չվերթի իրականացման առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ղեկավար խորհրդի նախագահ Համդի Թոփչուն՝ ընդգծելով, որ իրենց ընկերությունը ցանկանում է կամուրջ դառնալ ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ: «Լոս Անջելեսում բնակվում է 500.000 հայ, որոնց զգալի մասը ԱՄՆ է գաղթել Հայաստանից: Նրանք ցանկանում են տեսնել իրենց պապերի հողերը: Մենք էլ ցանկանում ենք նրանց Ստամբուլի վրայով տեղափոխել իրենց հայրենիք»,- հայտարարել է Թոփչուն՝ նշելով, որ հիշյալ հարցով իրենք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ում գործող հայկական մի շարք կազմակերպությունների նախագահների հետ: Ընդգծելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Թուրքական ավիաուղիները» առայժմ չարթերային թռիչքներ չի իրականացնում՝ Հ. Թոփչուն ասել է. «Մենք հետամուտ ենք մեր իշխանությունների վարած քաղաքականությանը: Առայժմ թռիչքներ չկան: Սակայն Հայաստանի մայրաքաղաք Երեւանում գրասենյակ ենք բացել»: Նա հույս է հայտնել նաեւ, որ իրենց նախագծերի իրականացումը մեծապես կնպաստի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամության վերականգնմանը. «Եթե մեր ծրագրերն իրականություն դառնան, դա մեծապես նպաստելու է բարեկամության ամրապնդմանը: Վստահ եմ, որ ցանկացած հայ, ով գեթ մեկ անգամ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռով ժամանի Ստամբուլ եւ մեկ օր մնա այնտեղ, փոխվելու է նրա՝ Թուրքիայի եւ թուրքերի հանդեպ ունեցած վերաբերմունքը»: Թոփչուն նաեւ հավելել է. «Մենք 500 տարի գոյակցել ենք՝ որպես եղբայրներ: Հայերը մեծ ներդրում ունեն Թուրքիայի արվեստի բնագավառում: Բացի այդ, նրանք ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել»: