Փնտրեք կնոջը… Հնարավոր է՝ գտնեք

10/03/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մարդկությունը շարունակվում է: Եվ դրա համար պարտական ենք ոչ թե պետական հզոր գործիչներին, նորագույն տեխնոլոգիաներին կամ գիտական նվաճումներին, եւ ոչ էլ կանանց մեծարման դարավոր ավանդույթին: Պարտական ենք մի շատ կարեւոր դիպվածի` երբ աշխարհի ստեղծման օրից երկու հոգի` կին եւ տղամարդ, սիրում են միմյանց: Եվ դրա շնորհիվ է, որ մարդկությունը շարունակվում է: Ավելի հանճարեղ գյուտ, ստեղծագործություն, իրադարձություն չկա: Մեկ էլ հանկարծ կին-տղամարդ այդ հարաբերությունների մեջ հայտնվում է երրորդը` պետությունը, եւ պատվեր իջեցնում` տարվա այսինչ օրը կամ ամբողջ մեկ ամիս տղամարդը կնոջ (կանանց) հանդեպ ինչ-ինչ պարտականություններ պետք է առավել ընդգծված կատարի, ավելի ուշադիր լինի եւ, ցանկալի է, նվեր մատուցի: Եվ սկսվում է արհեստական հարաբերությունների օր կամ ամիս:

Եթե պետությունը մարտի 8-ը հռչակում է Կանանց միջազգային օր, պետությունն էլ պարտավոր է իր վրա վերցնել այդ օրվա պատասխանատվությունը` որեւէ ժեստով ցույց տալ, որ կանայք պետական մակարդակով այդ օրը ուշադրության կենտրոնում են: Դիցուք` մարտի 8-ին կանանց համար քաղաքային տրանսպորտով երթեւեկությունը սահմաներ անվճար կամ տրամադրեր կտրոններ` տարին մեկ անգամ անվճար բուժզննություն անցկացնել, օրինակ, մամոգրաֆիայի կենտրոնում: Սակայն ի՞նչ է անում պետությունը. մեծահոգաբար թույլ է տալիս տղամարդկանց այդ մեկ օրը կամ ամբողջ ամիսը «մեծարել» կանանց` ինչպես կհաջողացնեն: Իսկ երկրի առաջին դեմքերը մոլորության մեջ են` կարծելով, թե եթերից հնչած իրենց շնորհավորական ուղերձներից ավելի մեծ նվեր կանանց համար հնարավոր չէ պատկերացնել: Լինենք անկեղծ, այդ խոսքերը գրոշի արժեք չունեն, քանի որ դրանց թիկունքին ոչինչ չկա: Խնդրեմ` մարտի 7-ին, բոլորից առաջ ընկնելով, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն այդքան հաճելի խոսքեր շռայլեց կանանց. «Ցանկանում եմ, որ գարնան պես լուսավոր ու կենսատու լինեք` դառնալով կյանքի սկիզբ ու հավերժություն»: Գեղեցիկ խոսքեր են, ոչինչ չես ասի: Տեսականորեն դրանք ուղղված են բոլոր կանանց` միասին վերցրած, սակայն կոնկրետ՝ ոչ մեկին: Իսկ կյանքում այնպես է, որ առանձին վերցրած կինն արդեն սեռ չունի, հատկապես, եթե փորձում է պայքարել իր իրավունքների համար: Տակավին մի քանի օր առաջ Ալիկ Սարգսյանի ղեկավարած ոլորտի ոստիկանները ցույց տվեցին իրենց մկանների ուժը` ուժգին հարվածելով եւ հրելով կառավարության մատույցներում բողոքող «քնքուշ մայրերին», «նրբամիտ տիկնանց», այդ թվում` ԱԺ «Ժառանգություն» խմբի պատգամավորներին:

Մարտի 8-ը միջազգային տոն է, նշվում է շատ երկրներում, սակայն անդրադառնանք մեր երկրին: Հայաստանում մարդն, ինքնին, արժեք չէ: Հետեւաբար` կինը եւս: Ասել, որ հայ կանանց տղամարդիկ հարգում են, կարեւորում, լուրջ չափազանցություն է: Երբ կանանց հանդեպ պետության իրական վերաբերմունքը համեմատում ենք բերանացի արած շնորհավորական տեքստերի հետ, տպավորությունն այնպիսին է, որ ծաղիկներ կամ օծանելիք ներմուծողները կաշառել են երկրի ղեկավարներին` օրացույցում մարտի 8-ն ու ապրիլի 7-ը կարմիրով ներկելու համար:

Իհարկե, վատ գաղափար չէ` տարվա մեջ մեկ-երկու անգամ կնոջը շնորհավորել միայն այն արժանիքի համար, որ նա Կին է: Սակայն մեր երկրում կանանց առանձնապես երես չեն տալիս: Խիստ ժամանակամետ է համարվում «Կնոջ մազը՝ երկար, խելքը` կարճ» արտահայտությունը: Իսկ ֆրանսիացին, օրինակ, ասում է. «Կինը սխալ է, նրանից ներողություն խնդրիր»: Եվ եվրոպացիներն էլ կանանց դիմելի՛ս անգամ ընդգծում են նրա` կին լինելու կարեւորությունը` «մադամ», «սենյորա», «միսիս»: Հայ կանանց տղամարդիկ, որպես կանոն, դիմում են այսպես` «մորքուր», ավելի երիտասարդներին` «քուրիկ» կամ «քուր ջան»: Այսինքն` վարվելաձեւի տնավարությունը, անկրթությունն արդեն հիմնավորվում են, արդարացնում` կնոջը մորաքրոջ կամ քրոջ կարգավիճակ տալով:

Եվ դրա պատճառն առանձին վերցրած տղամարդիկ չեն, այլ այն միջավայրը, որում ապրում ենք: Կանանց տոնն առանձնացնել 365 օրվա մեջ արդեն հետաքրքիր էլ չէ, եթե չասենք` անաքրոնիկ. կանանց եւ տղամարդկանց անհավասարության խնդիր այլեւս չկա: Այդ հարյուր տարի առաջ էր, որ կանայք մարտի 8-ին փողոց էին դուրս գալիս` պայքարելու տղամարդկանց հեգեմոնիայի դեմ, հասնելու իրենց իրավունքների պաշտպանությանը: Սակայն ժամանակն այնպես սրբագրեց ամեն ինչ, որ կոնկրետ մեր հասարակությունում կյանանց եւ տղամարդկանց անհավասարության խնդիր արդեն չկա: Կանայք եւ տղամարդիկ հավասարապես իրավազուրկ են: Հավասարապես ունեն արժանապատիվ ու նորմալ վարձատրվող աշխատանքի խնդիր: Կանանց եւ տղամարդկանց ընտրության իրավունքը հավասարապես է քամահրվում: Ընտրակեղծիքներին կանայք մասնակցում են նույն ակտիվությամբ, ինչ տղամարդիկ: Ոստիկանները իշխանություններից դժգոհ կանանց հարվածում են նույն ուժգնությամբ, ինչ տղամարդկանց: Ճանապարհային ոստիկանները մեքենա վարող կանանցից եւս երեքից հինգ հազար դրամ են վերցնում` ակտ չկազմելու համար: Կանանց եւ տղամարդկանց Հայաստանում (նաեւ աշխարհում) արտաքուստ տարբերակելը եւս ժամանակի հետ բարդանում է: Տղամարդիկ կանանց հանդեպ բռնություն են կիրառում ընտանիքում: Կանայք իրենց տղամարդկանց հոգեբանական բռնության են ենթարկում: Մի խոսքով` համատարած հավասարություն է:

Այն երկրներում, ուր կանանց հանդեպ հարգանքի արհեստական ռեւերանսների հարկ չի զգացվում, ամեն ինչ նորմալ է` օրն աշխատանքային է: Իսկ երբ տոնը բովանդակություն չի ունենում, դրան իմաստ հաղորդելու համար օրը դարձնում են ոչ աշխատանքային: Ավելին` այս տարի մարտի 7-ը եւս ոչ աշխատանքային օր էր: Դրանից առաջ շաբաթն ու կիրակին էին: Իսկ հիմա պատկերացրեք, որ ամբողջ չորս օր բուժհիմնարկները չեն աշխատում: Ավելի անհասկանալի որոշում հնարավոր չէ պատկերացնել: Հետաքրքիր է, որ այդպիսի որոշում են ընդունել ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում: Թե քանի-քանի հիվանդ, ով անհապաղ, ուղղակի րոպե առաջ հետազոտվելու խնդիր ուներ, թե բուժման օրերը թող որ չորս օրով հետաձգվելը քանիսի համար կարող է ճակատագրական լինել, կերեւա ավելի ուշ, երբ Քաղցկեղով հիվանդ մարդկանց միջազգային օրը կներկայացվի հերթական վիճակագրությունը:

Կյանքն ինքն այնպես է վերախմբագրում ամեն ինչ, երբ կնոջը երջանկացնելու համար նման տոները արժեք չունեն: Բոլորի անունից նման բան ասելը, հասկանալի է, արդարացի չէ, սակայն կնոջ համար իրական տոն է յուրաքանչյուր այն օրը, երբ գիտակցում ես` մերձավորներդ, երեխաներդ առողջ են եւ կողքիդ են: Երբ հասկանում ես` ամուսինդ սիրում է քեզ` անգամ, եթե նրա համար տհաճ է մարտի 8-ին արհեստական կնամեծարությամբ հանդես գալ, բայց դեմ չէ այդպիսին լինել` տարվա մնացած օրերին: Կան էլի շատ այլ կարեւոր լրացումներ: Իսկ ոչնչից տոն քամելը ավելորդ ճիգ է, լարվածություն: Թեեւ կանանց զգալի մասի համար հաճելի է, երբ հանուն իրենց հաճելի րոպեներ պարգեւելու՝ տղամարդիկ լարվում են: Ուրեմն այդ կանայք իրավացի են: Ինչպես միշտ…