«Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները թեւակոխում են ավարտական փուլ, հետեւաբար՝ Հայաստանը պետք է ձգտի Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր լինել»,- «Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.» զեկույցի ներկայացման ժամանակ երեկ հայտարարել է Բրյուսելի Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչ Ջակլին Հեյլը: Նրա խոսքով` Եվրամիությունը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում բավականին լուրջ գործընկեր է Հայաստանի համար, տարբեր ոլորտներում գումարներ է ներդնում ծրագրերի իրականացման համար։ «Սակայն Հայաստանի քաղաքական բարեփոխումների ընթացքը բավականին թերի է եղել»,- ընդգծել է նա: Ըստ նրա` ԵՄ-ն արձագանքեց ինչպես Հայաստանում տեղի ունեցած մարտիմեկյան իրադարձություններին, այնպես էլ Մոլդովայում տեղի ունեցած դեպքերին։ «Մոլդովայի կառավարությունը ստանձնած պարտավորությունները կատարեց եւ ավելի բարվոք վիճակում է այսօր, ավելի շատ աջակցություն է ստանում Եվրամիությունից»,- ասել է Ջակլին Հեյլը: Նրա խոսքով` Եվրամիության վերջին զեկույցի համաձայն՝ Հարավային Կովկասում դեռեւս լուրջ խնդիրներ կան բարեփոխումների խոստումներն իրականություն դարձնելու հարցում: Որպես օրինակ՝ նա նշեց այն, որ Հայաստանում «ԶԼՄ-ների մասին» օրենքը հօգուտ լրատվամիջոցների լրամշակելու կարիք կա: «Սակայն կառավարությունը խոստումներ է տալիս ու չի կատարում դրանք»,- ընդգծել է Ջակլին Հեյլը` հավելելով, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը բարվոք չէ, երկրում առկա են քաղաքական բանտարկյալներ, խոսքի ազատությունը սահմանափակված է: «Ընդունվել է որոշում, որով գործադիրի կողմից հ/կ-ների աշխատանքին միջամտելու հնարավորությունն ավելացել է»,- ասել է նա: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն էլ նշել է, որ որոշ չափով Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրն արձանագրել է իրական հաջողություն. «Շատ հաճախ քաղաքացիական հասարակությունը կցանկանար, որպեսզի մենք այս գործիքը նորմատիվ եղանակով իրականացնենք, այսինքն՝ ստիպենք, պարտադրենք բարեփոխումները: Սակայն դա չէ մեր նպատակը»: