Թիվը խիստ կրճատվել է

10/03/2011

Հայաստանում հաստատվել է գիտության բնագավառում թեմատիկ հայտերի ֆինանսավորման նոր կարգ, ըստ որի` մինչեւ 2010թ. գոյություն ունեցող 710 գիտական թեմաներից այժմ ֆինանսավորում կստանան ընդամենը 95-ը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը երեկվա ասուլիսում ասել է, թե իր, ինչպես նաեւ՝ նախագահի Վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչեւ 2010թ. գոյություն ունեցող թեմատիկ ֆինանսավորումը չափազանց մեծ է եղել Հայաստանի նման փոքր երկրի համար. «Մենք հասկացանք, որ թեմատիկ ծրագրերի այդ բազմազանությունը, որ կար Հայաստանում մինչեւ 2010թ. (ունեցել ենք 710 թեմաներ), շատ մեծ թիվ էր կազմում: Այդքան ակտուալ թեմաներ 3 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում չէր կարող լինել: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թեմաների մեծ մասը բազային ծրագրերի իդեալական կրկնություն էր, փաստորեն, նույն բանի համար պետությունը կրկնակի ֆինանսավորում էր տրամադրում»: Նա անդրադարձել է նաեւ ակադեմիական տարբեր ինստիտուտների, այդ թվում՝ Մատենադարանի գիտաշխատողների՝ այս տարվա աշխատավարձերը չստանալու խնդրին: Վերջիններս հունվարի աշխատավարձերը դեռ նոր-նոր են սկսել ստանալ, եւ միայն այն բանից հետո, երբ հեռագիր են ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին այն մասին, որ մինչ այդ օրը աշխատավարձ չեն ստացել: «Պատճառ կա դրա համար. հիմնարկները մինչեւ ֆինանսական պայմանագրերը չստորագրեն, ֆինանսավորում չի բացվում: Պայմանագրերի նոր ձեւերը հունվարի 26-ից ուղարկվել են հիմնարկներ, մինչեւ դրանք չստորագրեին, չբերեին հաստատման, ֆինանսավորումը չէր բացվի»,- պարզաբանել է Ս. Հարությունյանը: Հարցին, թե ըստ որոշ գիտաշխատողների` իրենց ֆինանսավորումը դադարել է ֆինանսական չարաշահումների պատճառով, որը թույլ է տվել Գիտության պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավարը, որն էլ վերջերս է հեռացվել աշխատանքից, Ս. Հարությունյանը հերքել է` ասելով. «Աշխատակազմի ղեկավարի հեռացման մասին իրեն հարցրեք, նա իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից»: Սակայն նա այդպես էլ չի հերքել, որ նախագահի Վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումներից հետո չարաշահումներ էին հայտնաբերվել Գիտության պետական կոմիտեում: Ըստ նրա` դրանք ֆինանսական բնույթի չարաշահումներ չեն եղել: