ԱՊՊԱ-ն՝ որպես հանցավոր համաձայնություն

10/03/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Փութաջանությունը, որով հարազատ կառավարությունը ներդրեց ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրությունը, արդեն իր պտուղներն է տալիս: Նախ՝ պարզ դարձավ, որ մինչեւ հունվարի 27-ը նույնքան ավտովթար գրանցվեց Հայաստանում, որքան 2010թ. ամբողջությամբ: Ավտովթարներից հիմա արդեն բոլորն են բողոքում: Վարորդներն ասում են, որ վթարից հետո երկար են սպասում` մինչեւ հայտնվեն պետավտոտեսուչ ոստիկանները, այնուհետեւ` ապահովագրական գործակալները: Արդյունքում` երկարատեւ խցանումներ են առաջանում առանց այն էլ ծանրաբեռնված մայրաքաղաքում: Իսկ ավտոտեսուչ քննիչները երբեմն դեպքի վայր են հասնում մի քանի ժամ հետո: Պատճառը նաեւ այն է, որ քննիչների հաստիքացուցակը նախատեսված չէր մեկ տարվա ցուցանիշի չափ ավտովթար 27 օրում ձեւակերպելուն: Հիմա արդեն ԱՊՊԱ-ից բողոքելու հերթը ապահովագրական գործակալությունների ղեկավարներինն է: Մի քանի օրվա տարբերությամբ ԱՊՊԱ-ով զբաղվող երկու խոշոր ընկերությունների` «Ռոսգոսստրախի» եւ «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրենները հետաքրքիր փաստեր ներկայացրեցին: Նախ տնօրենները պնդում են, որ վթարից հետո «առավել քիչ տուժած քաղաքացիներն են իրենց մեղավոր կողմ հայտարարում»: Այսինքն` ապահովագրող ընկերությունների հաշվին, որպես կանոն, վերանորոգվում են վթարի ենթարկված առավել թանկարժեք մեքենաները: Որպես տուժած կողմի ծախսերի փոխհատուցում: Ապահովագրական գործակալների տվյալներով` առավել շատացել են ետ շարժվող մեքենաների վթարները: «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի տվյալներով` իրենց ընկերությունը պարտադիր ապահովագրության միջոցով հավաքագրել է մոտ մեկ մլրդ 800 մլն դրամ, սակայն արդեն որպես փոխհատուցում վճարել է 270 մլն դրամ: Այսինքն` հավաքագրած գումարի մոտ 15%-ը: Փոխհատուցումը վճարվել է 400 պատահարի (ավտովթարի) դիմաց: Այսինքն` մեկ ավտովթարի միջին արժեքը կազմում է մոտ 675.000 դրամ: Փոխհատուցումն այդչափ մեծ գումար է կազմում այն պատճառով, որ վթարից հետո տուժած կողմը նախկինի նման չի համաձայնում մեքենան նորոգել իր կամ պատահական «ուստի» մոտ: (Այս փաստը պիտի որ ոգեւորի կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ անզիջում պայքարի ելած ՀՀ վարչապետին): Նախ՝ «ուստեքի» մեծ մասը փոխանցումով գործ չի անում: Հետեւաբար՝ ԱՊՊԱ-ով զբաղվող ընկերությունները նրանց չեն կարող օրինական վճարել: Երկրորդ` թանկարժեք ավտոմեքենաների տերերը պահանջում են իրենց մեքենաները նորոգել մասնագիտացված «սերվիսներում»: Սույն հիմնարկներն էլ փոխանցման պարագային նորոգման արժեքը առնվազն 20% (ԱԱՀ` ավելացված արժեքի հարկի դրույքաչափով) թանկացնում են: Ուստի փոխհատուցող ԱՊՊԱ ընկերությունները նորոգման համար նախկին շուկայական արժեքից շատ ավելին են վճարում: Դժվար է ասել` այս ընկերությունների մենեջերները իրենց բիզնես-պլաններում այս փաստը հաշվարկե՞լ էին, թե՞ ոչ: Նրանք հիմա գերադասում են վարորդներին մեղադրել վթարներ կազմակերպելու ու այլ խաբեությունների մեջ: Մեղադրելուց զատ՝ նաեւ սպառնում են, որ եկող տարի նկատելիորեն կբարձրացնեն ապահովագրության արժեքը: Գործող 25-30.000 դրամ ապահովագրական մուծումները խոստանում են դարձնել մոտ 100.000 դրամ: Կարծես թե հենց իրենք են սահմանում ապահովագրական վարձավճարները: Ակնհայտ է, որ պետական պարտադիր ապահովագրության փաստով ոգեւորված գործարարներն ակնկալած եկամուտը չեն ստանում: Ասել, որ սա սպասելի չէր` սխալ կլինի: Ապահովագրության ներդրման պահին շատերն էին հիշեցնում, որ Վրաստանում եւս այդ համակարգը ներդրվեց առանց անհրաժեշտ քննարկում-վերլուծությունների: Ներդրվեց ու կարճ ժամանակ անց չեղյալ հայտարարվեց: Բայց օտարի փորձը մեր համար հիմք չէ: Մենք, հավանաբար, միայն սեփական սխալներից կարող ենք դասեր քաղել: Ես առանձնահատուկ հաճույքով եմ հետեւում սեփական ժողովրդից բողոքող ԱՊՊԱ գործադիր տնօրենների խոսքին: Վարորդներին կեղծարար հայտարարելը առանձնահատուկ քաջություն չի պահանջում: Հետեւաբար՝ որեւէ բացասական հետեւանք չի ապահովում: Բայց տեսեք, թե ինչ քնքշությամբ են նրանք խոսում հայրենի ոստիկանների մասին: Ըստ ապահովագրական գործակալների` հարազատ Պետավտոտեսչությունը` ՊԱՏ-ը, իրենցից ավելի օպերատիվ է: Ճանապարհային ոստիկանները ավտովթարի վայր ժամանում են Երեւանում դեպքից հետո 20 րոպեի ընթացքում՝ սահմանված 40 րոպեի փոխարեն: Իսկ մարզերում` 40 րոպե հետո, մինչդեռ օրենսդրական ակտերը նրանց համար 90 րոպե ժամանակ է սահմանել: Կարելի է մտածել, որ որեւէ մեկը հակառակ ենթադրություն կաներ` թե նոր-նոր ձեւավորված ապահովագրական կազմակերպությունները օպերատիվությամբ կհաղթեն հատուկ ծառայության մարմիններին: Բայց մեկ այլ փաստ էլ կա: Ավտովթարի իրավական փաստաթղթերը հենց իրենք` օպերատիվ, կազմակերպված եւ այլ պետավտոտեսուչներն են կազմում: ԱՊՊԱ-ով զբաղվող գրասենյակները փոխհատուցման վճարները կատարում են ոստիկանական այս ծառայության մասնագետների կազմած փաստաթղթերի հիման վրա: Հետեւաբար՝ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե վարորդները կեղծ ավտովթարներ են կազմակերպում, խեղաթյուրում են ավտովթարների իրական պատկերը, ապա դրանք անում են Ճանապարհային ոստիկանության հետ հանցավոր համաձայնության գալով: Միայն Ճանապարհային ոստիկանության հոգատար վերաբերմունքի արդյունքում է հնարավոր, որ «առավել քիչ տուժած քաղաքացիներն իրենց մեղավոր կողմ հայտարարեն»: Հայտարարեն ու խոշոր փոխհատուցում ստանան: Բայց ոստիկաններին քննադատելը անհետեւանք չի մնա: Հետեւաբար՝ ԱՊՊԱ գործարարներին մնում է կեղծարար հայտարարել վարորդներին ու լոբբինգ անել, որ եկող տարի բարձրացնեն պարտադիր մուծումների դրույքաչափերը: Հարազատ կառավարությունը, վստահաբար, ըմբռնումով կմոտենա այս պահանջին: