Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է գույքագրել առկա հնարավորությունները քաղաքի ընդհանուր բարեկարգման եւ մաքրման ոլորտներում: «Պետք է հասկանանք` այդ ոլորտում ինչքան ներդրումներ են մեզ պետք»,- ասել է նա: Անդրադառնալով Երեւանի հանրակրթության զարգացման 2011-2015թթ. ծրագրին ու հանրակրթության զարգացման նոր հայեցակարգին, նա կարեւորել է դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձեւավորումը, դպրոցների էլեկտրոնային կայքերի ստեղծումը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծում ստանան։ «Դպրոց մտնող յուրաքանչյուր կամավոր վճարում պետք է թափանցիկ ու հասկանալի լինի բոլորի համար: Սա է խաղի կանոնները, որպեսզի վերականգնվի վստահությունը դպրոցի եւ ուսուցչի հանդեպ, որն այսօր ցածր մակարդակի վրա է»,- նշել է Կ. Կարապետյանը: Նա պահանջել է հետեւողական լինել եւ վերահսկել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ` ասելով. «Կառուցապատողին, որն իր պարտականությունները չի կատարում, պետք է ենթարկենք վարչական պատասխանատվության: Եվ այս մոտեցումը պետք է կիրառվի անխտիր բոլոր խախտողների նկատմամբ»: Նա ուշադրություն է հրավիրել տնտեսավարողների կողմից վարձակալած տարածքների հարակից հատվածները բարեկարգելու եւ կանաչապատելու խնդրին` ընդգծելով, որ այս մասով եւս պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պետք է համապատասխան տույժի ենթարկվեն, ընդհուպ՝ մինչեւ վարձակալության պայմանագրերի դադարեցում: