Նարնջագույն փողկապը դժվարությամբ էր ճարել

29/10/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության՝ Մատենադարանին հարող հարթակում նախօրեին անցկացրած արտահերթ հինգերորդ համագումարը աննախադեպ կարելի է համարել: Չնայած «Հանրապետությանը» դահլիճ չտրամադրելու միջոցով կուսակցության համագումարը տապալելու՝ իշխանությունների անթաքույց փորձերին, նախատեսված միջոցառումն, այնուամենայնիվ, կայացավ: Եվ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս կուսակցությունն իր համագումարն արեց բաց երկնքի տակ:

Համագումարին ներկա էին հրավիրված 523 պատվիրակները: Միաձայն ընտրվեց «Հանրապետության» նոր՝ 11 հոգանոց քաղխորհուրդը` Արամ Սարգսյան, Սմբատ Այվազյան, Արտակ Զեյնալյան, Գեղամ Հարությունյան, Սուրեն Սուրենյանց, Արա Կետիկյան, Սուրեն Աբրահամյան, Սեւակ Սաղաթելյան, Վահան Բաբայան, Ռաֆիկ Մկրտչյան եւ Հովիկ Արսենյան կազմով: Կուսակցության քաղխորհրդի նախագահ ընտրվեց Արամ Զավենի Սարգսյանը: Պատվիրակները հաստատեցին կուսակցության խորհրդանիշն ու համագումարի բանաձեւը: «Հանրապետություն» կուսակցության խորհրդանիշը ծիրանագույն երանգներով հայկական զարդանախշ շրջանն է: Ու եթե ի նկատի ունենանք այն հանգամանքը, որ այսօր շատ է խոսվում սահմանադրության նախագծի հանրաքվեն հեղափոխության սկիզբ դարձնելու խոստումների մասին, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանում սպասվող հեղափոխության խորհրդանիշն էլ լինելու է ծիրանագույնը: Ի դեպ, Արամ Սարգսյանը համագումարին ներկայացել էր հենց ծիրանագույն փողկապով: «Մի վիրավորեք, սա նարնջագույն չի, ծիրանագույն է: Եվ գույների ցանկացած մասնագետ կասի դա»,- բացօթյա համագումարից հետո բացօթյա ասուլիսի ժամանակ իր փողկապի գույնն ու խորհուրդը բացատրեց Արամ Սարգսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ մեծ դժվարությամբ է գտել ու ձեռք բերել իր ուզած ծիրանագույն փողկապը: «Սա հեղափոխության գույնն է, եւ ես հուսով եմ, որ մենք նարնջագույն շապիկների կողքին կունենանք նաեւ նարնջագույն վրաններ: Մենք այդ օրը (նկատի ունի նոյեմբերի 27-ը.-Ա.Գ.) ունենալու ենք նաեւ լույսեր, մոմեր, որոնք խորհրդանշելու են մեր լույսն ու ապագան»,- հայտարարեց պարոն Սարգսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց եվրոպական կառույցներին՝ իշխանություններին հանրաքվեն անցկացնել ստիպելու համար, քանի որ ընդդիմության համար այն կարող է դառնալ լավագույն առիթ` երկիրն այս իշխանություններից ազատելու գործում: «Սահմանադրական հանրաքվեի հարցում ընդդիմությունը վեր է ածվել դիմադրության շարժման: Անկախ առանձին տարվող քարոզչությունից, վերջին ակորդը միանշանակ միասնական է լինելու։ Մենք հանրաքվեից հետո Երեւանում ենք հավաքվելու, եւ այստեղ է ժողովուրդը կայացնելու իր որոշումը»,- ասաց «Հանրապետության» առաջնորդը։

Իսկ իր ելույթն Արամ Սարգսյանը եզրափակեց հետեւյալ կերպ. «Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությանը, Աստված օրհնի մեզ, ամեն»:

Հ.Գ. Ի դեպ, թեեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դժգոհեց կուսակցությանը դահլիճ չտրամադրելու հանգամանքից, սակայն համագումարին հրավիրված մյուս ընդդիմադիր լիդերներին անչափ դուր էր եկել քաղաքական միջոցառում անցկացնելու այս նոր ձեւը: Եվ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ընդդիմությանը կոչ արեց հետեւել բացօթյա համագումար անցկացնելու օրինակին: «Սա շատ ավելի հաճելի է ու ժողովրդավար»,- մյուս կուսակցություններին բացօթյա համագումար անել առաջարկեց Վ. Մանուկյանը: Թերեւս նույն կարծիքին է նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` ՀՀ-ում եկել են նոր՝ համագումարները բաց երկնքի տակ անելու ժամանակներ: Իսկ հնարավո՞ր է, «Նոր Ժամանակներն» էլ հետեւի «Հանրապետությանն» ու նոյեմբերի 2-ին կայանալիք իրենց համագումարն անցկացնի բացօթյա. հետաքրքրվեցինք Արամ Կարապետյանից: «Ոչ, մենք փակ համագումար ենք անելու ու անելու ենք ավելի մեծ համագումար»,- վստահեցրեց նա: