Գողացել են «Մերկ Բալզակին»

10/03/2011

Երուսաղեմում գտնվող Իսրայելի թանգարանից գողացվել է Օգյուստ Ռոդենի «Մերկ Բալզակը` խաչած ձեռքերով» բրոնզե արձանը: Այս մասին երեկ հայտնել է իսրայելական «Հաարեց» պարբերականը: Արձանի անհետացման մասին հայտնի է դարձել միայն թանգարանի մի քանի տարի ձգվող վերանորոգումից հետո: Արձանը տեղադրված էր թանգարանին հարակից այգում եւ վերանորոգման աշխատանքների ընթացքում ժամանակավորապես պահվել է պահոցում: Թե ինչ պայմաններում է անհետացել գրողի արձանը, առայժմ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ թանգարանի այգում տեսախցիկներ տեղադրված չեն եղել: Գողացված արձանը Ռոդենը քանդակել է 1892-1893թթ.: Դա Բալզակի այն արձանների շարքից է, որը Ռոդենը ստեղծել է փարիզյան ծառուղում տեղադրված գրողի արձանը կերտելիս: Իսրայելի թանգարանին արձանը նվիրել էր ամերիկացի հավաքորդ Բիլլի Ռոուզը: Իսրայելի ոստիկանությունն արդեն սկսել է Բալզակի արձանի որոնման աշխատանքները: