Հերմեսի բանակցային հմտությունները
Զեւսը ոգեւորված Հերմեսի «տաղանդներով»՝ որոշում է նրան հանձնարարել դիվանագիտական նուրբ առաքելություն. բանակցությունների է ուղարկում Պրոմեթեւսի մոտ, ով, ըստ ավանդության, կրծքով պաշտպանում էր մարդկանց կյանքն ու շահերը, պայքարում նրանց բարօրության համար: Նա բոլորին սովորեցնում էր գիր ու հաշիվ, արհեստներ ու գիտություն, տներ ու նավեր կառուցել, պաշտպանվել բնության արհավիրքներից, պատրաստել դեղաբույսեր եւ այլ հազար ու մի օգտակար բաներ: Սակայն նրա ամենամեծ գործը հետեւյալն էր: Երբ Զեւսը, դառնալով աշխարհի տիրակալ, մտադրվում է կործանել ողջ մարդկությունը, Պրոմեթեւսը ըմբոստանում է. նա գողանում է Զեւսից աստվածային կրակը եւ փոխանցում մարդկանց` կյանքի հարատեւման համար: Կարո՞ղ էր Զեւսը ներել այդ վեհանձն քայլը: Անշուշտ, ոչ: Տեղի է ունենում բարու եւ չարի բախում: Զեւսը` լինելով իշխանություն եւ բռնություն, գործադրում է անարդար, բիրտ ուժ. շղթայում է Պրոմեթեւսին եւ գամում կովկասյան լեռների մի խուլ քարանձավում: Այսօրվա տոտոլիտար իշխանությունների տարբերակով` դարձնում է քաղաքական բանտարկյալ: Մարդկանց համար արած ծառայությունների դիմաց Պրոմեթեւսը դատապարտված է տանջանքների: Զեւսի գործողություններում կան նաեւ անձնական շարժառիթներ. նենգություն եւ քինախնդրություն: Նույնպես ծանոթ պատկեր է ժամանակակից քաղաքական իրականությունից: Բանն այն է, որ Պրոմեթեւսը արյունահեղությունից խուսափելու համար չի տալիս այն կնոջ անունը, որից Զեւսը զավակ պիտի ունենար, եւ այդ զավակը գահընկեց պիտի աներ Զեւսին ու խլեր աշխարհակալության իրավունքը:
Եվ Հերմեսը գալով այդ վեհանձն ասպետի` շղթայակապ Պրոմեթեւսի մոտ, շարունակում է հոր սկսած գործը: Մեծ դրամատուրգ Էսքիլեսն իր «Շղթայված Պրոմեթեւսը» թատերգությունում պատմում է, թե ինչ լուտանքներ, ինչ անպատվաբեր խոսքերի եւ վիրավորանքների շարան է ուղղում կադրային դիվանագետ Հերմեսն այդ պատվարժան մարդու հասցեին, անվանում նրան «իմաստակ, հույժ թունավոր արարած»: Այնուհետեւ Հերմեսը հոր անունից մահվան սպառնալիքներ է տեղում խեղճ Պրոմեթեւսի գլխին.
Տես, եթե դու իմ խոսքերին չենթարկվես, //Սպասում է քեզ չարյաց ալիք, փոթորիկ: //Չես խուսափի դրանից. նախ խորդուբորդ //Ժայռդ հայրս որոտներով, շանթերով //Կփշրի եւ քո մարմինը կծածկի Մարակույտով, //դու կթաղվես ընդերքում:
Երկար, անվերջ մի ժամկետի ընթացքու Լույս չես տեսնի. Զեւսի շունը թեւավոր`//Արյունարբու արծիվն, ագահ կլափի //Ծվենները քո բզկտված մարմնի:
(Էսքիլես, «Շղթայված Պրոմեթեւս», Թարգ. Արամ Թոփչյան)
Ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ Պրոմեթեւս-Զեւս-Հերմես պայքարում արդարությունը, վերջիվերջո, հաղթում է. հազար տարի հետո Հերակլեսը փշրում է շղթաները եւ ազատում Պրոմեթեւսին: Հետո նա եւ Զեւսը հաշտվում եւ բարեկամանում են: Զեւսը առաջվանը չէ: Խելք է հավաքել. նա արդեն հանդես է գալիս՝ որպես ազատության, արդարության եւ դեմոկրատիայի ջատագով: Ի հիշատակ ազատագրման, Պրոմեթեւսն իր բազկին ամրացնում է փշրված շղթայի օղակներից մեկը: Մարդկանց օղակներ եւ օղեր կրելու սովորույթը գալիս է այդտեղից: Կլոր մատանին հավաստում է զույգերի սերը, միությունը` ալյանսը եւ հավատարմությունը: Իսկ կրակը՝խորհրդանշում է հոգու ազատության խոյանքը, առաջընթացի ու ազատության ձգտումը:
Պրոմեթեւսը սիրված հերոս է շատ սերունդների եւ ժողովուրդների կողմից: Նրա կերպարին անդրադարձել, նրան փառաբանել են Վոլտերը, Գյոթեն, Բայրոնը, Բեթհովենը եւ այլք: Նրա մասին առասպելը իր փոխակերպված արտացոլումն է գտել շատ էթնոսների բանահյուսություններում:
Մենք, օրինակ, ունենք առասպել Արտավազդ թագավորի մասին, ով հոր անեծքի հետեւանքով շղթայվում է Մասիսի քարանձավներից մեկում: Մի ուրիշ հայր էլ Ագռավաքարում բանտարկում է իր տղային` Փոքր Մհերին: Հետաքրքիր է, ի՞նչ կստացվի, եթե հիմիկվա հայրիկները փորձեն նույն բանն անել իրենց երես առած եւ շփացած երեխաների հետ:
Հերմեսի ծագումնաբանության մասին
Ի դեպ, միայն Էսքիլեսը չէ, որ «փառաբանում է» Հերմեսի դիվանագիտական հմտություններն ու ճկունությունը: Դարերի խորքից մեզ է հասել հին հունական էպիկական հիմների ժողովածուն: Թափառաշրջիկ գուսանները (ռապսոդներ) երգում-արտասանում էին այդ հիմները քնարի նվագակցությամբ: Հիմները սովորաբար վիրված էին լինում այս կամ այն աստծուն եւ կատարվում էին նրա պատվին կազմակերպված տոնակատարությունների ժամանակ: Ահա թե ինչ էր ասվում Հերմեսին նվիրված հիմնում.
…Ճարպիկ հնարագետ, վարպետ, //Խորամանկ ստահակ, եզնագող, երազների առաջնորդ, ավազակ, //Դռների դարանակալ, լրտես գիշերային:
Համաձայնեք, որ նման խոսքերն ամենեւին պատիվ չեն բերում դիվանագետին, այն էլ՝ բարձրաստիճան դիվանագետին, ինչպիսին էր Հերմեսը: Թերեւս նրա արատները թաքնված են ծագումնաբանության մե՞ջ: Միգուցե: Հերոդոտոսը նշում է, որ Թրակիայի ցեղերը սերում են Հերմեսից, որոնք վերջինիս համարել են իրենց ամենապաշտելի աստվածը:
Շատ բնական է: Ամեն ժողովուրդ հպարտանում է իր ծոցից ելած տաղանդավոր դիվանագետով: Ֆրանսիացիներն ունեցել են Թալեյրան, անգլիացիները` Չերչիլ, գերմանացիները` Բիսմարկ, ռուսները` Գորչակով: Իսկ մե՞նք: Եթե Իսրայել Օրուն միջից հանենք (նրա դիվանագիտական գործունեությունը կարոտ է մանրազնին ուսումնասիրության)՝ ո՞ւմ անունն ենք թողնելու սերունդներին…
Պատմահայր Հերոդոտոսն այսպես է նկարագրում Հերմեսին լույս աշխարհ բերած ազգին. «Երեխա ծնվելիս, հարազատները նստում են նրա շուրջը եւ ողբում, թե ինչքան տառապանքներ նա պետք է կրի կյանքում, թվարկում են բոլոր չարիքները, որոնք թափվելու են նորածնի գլխին: Մինչդեռ մեռնողին նրանք թաղում են զվարճությամբ եւ ուրախանալով, որ փրկվեց բոլոր չարիքներից եւ այժմ գտնվում է երանության մեջ.: Թրակիացիներն ունենում են շատ կանայք: Տղամարդկանցից որեւէ մեկը մահանալիս, նրա կանայք, հարազատների մասնակցությամբ, բուռն վիճում են, թե կանանցից ո՞ր մեկն է առավել սիրելի եղել իր ամուսնուն: Նա, ով համարվում էր ամենասիրելին, նրան էլ տղամարդիկ եւ կանայք գովաբանում են, հետո մորթում ամուսնու գերեզմանի վրա եւ թաղում հետը: Իսկ մնացյալ կանայք խիստ վշտանում են այդ ընտրությունից, նախանձում` իրենց համարելով անարգված: Թրակիացիները երեխաներին վաճառում են օտարներին: Նրանք չեն պահպանում իրենց աղջիկներին, այլ թույլ են տալիս կենակցել ցանկացած տղամարդու հետ: Անբան մարդը նրանց համար համարվում է լավագույնը, իսկ երկրագործը` ամենաանարժանը: Նրանք ավելի պատվարժան գործ են համարում պատերազմով եւ կողոպուտով ապրելը»:
Այսպես է ներկայացնում դիվանագետների կնքահոր` Հերմեսի ցեղակիցներին մեծ պատմաբանը, սակայն տեղնուտեղը, կարծես դիվանագետներին սփոփելու նպատակով, նշում է, որ թրակիացիներից ավելի վայրենաբարո ցեղեր են եղել, օրինակ, մասսագետները (հայկական աղբյուրներում՝ մասքուդներ):
Ընդհանրապես, այդ հույն պատմիչները երբեմն այնպիսի բաներ են գրում, որ արյունդ սառում է երակներիդ մեջ: Դատեք ինքներդ: Մասնագետներն ապրում էին միակին համակարգում, բայց ցեղի տղամարդիկ իրավունք ունեին օգտվել բոլոր կանանցից, ուզած ժամանակ, առանց տարիքի սահմանափակման: (Հասակակիցներիս խորհուրդ չէի տա շտապել ուրախանալու): Բանն այն է, որ այդ հաճելի պահի կողքին, երբ մեկը ծերանում էր, բոլոր ազգականները հավաքվում եւ մորթում էին նրան, հետն էլ` ոչխար, եւ ողջ միսը եփելով` մի լավ քեֆ էին անում: Սա նրանք համարում էին ամենաերանելի մահը: Իսկ երիտասարդ հասակում մահացածներին չէին ուտում, այլ հողով ծածկում էին եւ սգում, որ խեղճ մարդը չհասավ զոհվելու տարիքին, չարժանացավ մորթվելու եւ ուտվելու պատվին…
Սակայն վերադառնանք Հերմեսին: Նորից, ըստ Հերոդոտոսի, հելլեները դիվանագետին պատկերել են «պրկված ֆալոսով»: Նա չի մանրամասնում. Հերմեսի այդ վիճակը նրա բացառիկ կարողությունների վկայությո՞ւնն է, թե՞ նա «Վիագրայի» տիպի ինչ-որ հաբ էր կուլ տալիս (չափից ավելի) եւ ունենում էր պրիապիզի, որի դեպքում շտապ վիրահատություն է պահանջվում: Ինչեւէ, մենք եւս ձեռնպահ մնանք եւ չխորանանք հարցի ֆիզիոլոգիական բացատրության մեջ: Վատն այն է, որ Հերմեսի ժառանգական կոդի շնորհիվ նրա ընտանեկան «փառապանծ» ավանդույթները փոխանցվում են հաջորդ սերունդներին: Նրա որդին` Ավտոլիկոսն, ունի կերպարանափոխվելու եւ անտեսանելի դառնալու հատկություն: Շնորհիվ դրա` նա վաստակում է ամենամեծ «գողականի» համբավը եւ այնպիսի արարքներ գործում, որի նկարագրությունից անգամ թուղթը կկարմրի:
Այս բոլորի կողքին, մեր գործընկեր Հերմեսի մեղքերը գոնե մի փոքր մեղմելու նպատակով՝ նշենք, որ գիտության կողմից լրիվ ուսումնասիրված չէ եւ բաց է մնում հետեւյալ հարցը: Գոյություն ունի՞ արդյոք խաբեբայության ժառանգականորեն ծրագրավորված հակում, գենետիկական կոդ, թե՞ մարդուն (քաղաքական գործչին եւ դիվանագետին) այդ քայլին մղում են կյանքի հանգամանքները, դաստիարակությունը, սոցիալական միջավայրը եւ ծառայողական պարտականությունները: Ինչպե՞ս բացատրել, որ կան մարդիկ, ովքեր ի ծնե ազնիվ են եւ մնում են այդպիսին ողջ կյանքում, եւ կան պաթոլոգիապես սրիկաներ, որոնց հակվածությունը դեպի խաբեությունը գրանցված է նրանց քրոմոսոմներում: Սպառիչ պատասխան մենք դեռեւս չունենք, սակայն փորձենք հաջորդ գլխում գոնե հպանցիկ անդրադառնալ ստին` որպես դիվանագիտական կատեգորիայի, տեսնելու համար, թե ինչ դեր է խաղում այն միջպետական հարաբերություններում եւ արտաքին քաղաքականության մեջ:
Ստե՞լ, թե՞ չստել. THAT IS THE QUESTION
Սուտը մարդկության հասակակիցն է: Կա վարկած, որ խաբել մարդիկ սկսեցին, երբ ուշ քարե դարում, 40-50 հազար տարի առաջ, ծնվեց կրոմանյոնյան ցեղերի առաջին հոդաբաշխ խոսքը: 3 հազար տարի առաջ եգիպտական Ռամեսիդների օրոք պապիրուսի վրա գրանցված «Ճշմարտության եւ Ստի մասին հեքիաթում» պատմվում է ազնիվ եւ խաբեբա եղբայրների մասին: Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվում է 4 հազար տարվա ծագում ունեցող «Հանգուցյալների գիրքը», որտեղ գրանցված են անդրշիրիմյան ուղեւորության մեկնողների կախարդանքի հմայիլները, որոնցով նրանք կանգնելու են Աստծո առաջ: Դրանցից մեկում ասվում է. «Ես ճշմարտությունն եմ բերել, մի կողմ եմ նետել սուտը: Ես անարդարություն չեմ գործել մարդկանց դեմ: Ես վատություն չեմ արել: Ես ցորենի չափը չեմ պակասեցրել, չեմ պակասեցրել երկարության չափը, չեմ խախտել հողաբաժնի սահմանները, չեմ ծանրացրել կշռաքարերը, չեմ փոխել կշեռքի սլաքները: Ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ, ես մաքուր եմ…» Ավելի օպտիմալ հմայիլ այսօրվա «Սուպերմարկետների» վաճառողների համար դժվար է գտնել: Ստի, խաբեության, ուխտադրժության եւ դավաճանության բազմաթիվ դեպքեր են հանդիպում մարդկության ամենահանճարեղ գրքում` Աստվածաշնչում: Մի ամբողջ պատկերասրահ: Այստեղ է նենգ օձը, որը խաբելով Եվային՝ ուտել է տալիս չարաբաստիկ պտուղը, որի պատճառով մենք բոլորս թաղված ենք մեղքերի օվկիանոսում: Կայենը մորթում է հարազատ եղբորը` Աբելին, հետո էլ առանց աչքը թարթելու` ստում Աստծո առաջ, Դալիլան ստորաբար կտրում է քաջ Սամսոնի մազերը, հետո` կյանքի թելը: Թագավոր Դավիթը սեքսուալ հողի վրա նենգաբար սպանում է մի մարդու, որի կնոջ վրա աչք էր դրել…
Այնպես որ, մենք անարդար եւ սուբյեկտիվ կլինեինք, եթե Հերմեսին ներկայացնեինք միակողմանի` որպես հրեշ, աթենքյան փողոցի վերջին ստահակ եւ սինլքոր: Չմոռանանք, որ լավ թե վատ՝ նա մեր` դիվանագետների նախահայրն է, իսկ ծնողներին, ինչպես գիտեք, չեն ընտրում: Ի դեպ, անտիկ որոշ աղբյուրներ Հերմեսին ներկայացնում են որպես հմայիչ, անգամ խարիզմատիկ երիտասարդ, ով հմուտ եւ հաջողակ էր դիվանագիտական գործերում, փայլուն բանակցող էր, կարողանում էր հեշտությամբ օգտաշատ եւ վստահելի կապեր ստեղծել, տիրապետում էր մարդկանց համոզելու եւ իր կողմը գրավելու գաղտնիքներին: Ի տարբերություն հին հունական դպրոցի շատ դիվանագետների, ովքեր հաճախ էին խախտում գաղտնապահության կանոնները եւ ինֆորմացիայի արտահոսքի առիթ ստեղծում, Հերմեսը, հավանաբար, ականջին օղ էր արել Պլուտարքոսի այն միտքը, թե «բնությունը մարդու մեջ ոչինչ այնպես չի սահմանափակել, ինչպես լեզուն՝ դրա առաջ տեղավորելով ատամների պահակախումբ»: Պատահական չէ, որ այն ամենն, ինչը հուսալիորեն փակ է, կոչվում է հերմետիկ` ի պատիվ Հերմեսի: Բացի ամեն ինչից, մենք Հերմեսին ենք պարտական գեղագիտական այն հաճույքի համար, որը մեզ պարգեւում է նրա կերպարը արվեստի գլուխգործոցների միջոցով: Հերմեսը ոգեշնչել է քանդակագործներ Պրակսիտելին, Տորվալդսենին, Բեգասին, հանճարեղ նկարիչներ Ա. Կորեջիոյին, Յա. Տինտորետոյին, Պ. Վերոնեզեին, Պ. Ռուբենսին, Կ. Լորրենային: Միայն հանուն սրա Հերմեսի նկատմամբ կարելի է ներողամիտ լինել: Չմոռանանք նաեւ նրա անունով գործող միջազգային ֆիրմաները, որոնց բարձրորակ արտադրանքից հաճույքով օգտվում են գեղեցիկ իրերի սիրահարները, այդ թվում՝ հենց դիվանագետները:
Վերջին հաշվով, իրո՞ք Հերմեսն է դիվանագիտության մեջ սկզբնավորել ստի ու խաբեության կատեգորիան: Եթե անգամ այդպես է, ինչն, իհարկե, դատապարտելի է, ինչո՞ւ նրանից հետո եկող դիվանագետների սերունդները չեն սրբագրել այդ ամոթալի արատը իրենց գործունեությունում: Ինչո՞ւ ազնվությունը եւ ճշմարտախոսությունը չեն դարձրել իրենց հավատամքը եւ անխախտ սկզբունքը: Ընդհակառակը, խորամանկությունը, ճարպկությունը, ինտրիգը, նենգությունն ու որոգայթներն անպակաս են եղել միջազգային կյանքում եւ միջպետական հարաբերություններում:
Դրանք եղել են եւ՛ Անտիկ աշխարհում, եւ՛ Միջին դարերում, եւ՛ դիվանագիտության նորագույն պատմության շրջանում: Պարզապես, հնում քաղաքական դավը եղել է ավելի դաժան եւ արյունալի: Փոխարենն՝ ունեցել է պարզունակ, բայց անողոք սցենար: Արդ, գոնե մենք` պրոֆեսիոնալներս, չձեւանանք անմեղ հրեշտակներ եւ փաստենք, որ այսօրվա դիվանագիտությունը բոլոր երկրներում, այդ թվում եւ՝ Հայաստանում, բոլոր մակարդակներով հեռու է իդեալականությունից եւ բարոյական անաղարտությունից: Ուրիշ հարց, թե ինքը` դիվանագետը, որպես անհատ, որքանո՞վ է մեղսակից քաղաքական խաղերին, եւ ո՞րն է նրա «հանցանքի» աստիճանը: Այստեղից` սակրամենտալ հարց: Ազնիվ մարդը կարո՞ղ է լինել դիվանագետ, կամ դիվանագետը կարո՞ղ է լինել ազնիվ մարդ: Շեքսպիրյան բազմաչարչար եւ առկախված «լինե՞լ, թե չլինելը» բեկվում է «ստե՞լ, թե՞ չստել» ոչ պակաս վիճահարույց պրիզմայում:
Մեծ անգլիացու հոգսը թեթեւացնելու նպատակով, գնանք նրանից երկու հազար տարի հետ եւ տեսնենք, թե ինչ է ասում այդ կապակցությամբ պարսից արքա Դարեհը. «Պետք է ստել այնտեղ, ուր ստելն անհրաժեշտ է. ստելիս թե ճշմարտությունն ասելիս՝ մենք հետապնդում ենք նույն նպատակը: Ստողներն այդ անում են, որպեսզի ստով համոզեն եւ դրանից օգուտ քաղեն. իսկ ճշմարիտ խոսողները ձգտում են ճշմարտությամբ օգուտ քաղել եւ առավել վստահության արժանանալ:
Այսպիսով, երկու դեպքում էլ մենք նույն նպատակն ենք հետապնդում: Ու եթե ոչ մի օգուտ չլիներ, ապա նույն ձեւով ճշմարիտն ասողը կդառնար ստախոս, իսկ ստախոսը` ճշմարտախոս»: Ի՞նչ է սա` սոփեստություն, դեմագոգիա, ցինիզմ: Թողնենք ընթերցողի դատին:
Շարունակելի