«Բյուրոկրատ» գրախանութում կայացավ «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը, որի ստեղծման գաղափարը պատկանում է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամին։
Գիրքը միաժամանակ ֆոտոալբոմ ու բանաստեղծությունների եւ առասպելների հավաքածու է, որի կենտրոնում ջուրն է։ Ջուրը սկզբնաղբյուր է, կյանքի խորհրդանիշ, մարդկանց միավորող ու միջավայր ստեղծող կենսական անհրաժեշտություն։ Սակայն ջուրը նաեւ շատ թանկ ու անվերարտադրելի ռեսուրս է, որի հետ հարկ է խելամիտ ու պատասխանատվությամբ վարվել։ «Մեր առաջին տարրը» գրքի լույս աշխարհ գալուն նախորդել է մրցույթը, որը համախմբել է մեր տարածաշրջանի (Վրաստան, Թուրքիա, Իրան) լուսանկարիչներին ու գրողներին։ Արդյունքում՝ ստեղծվել է ոչ թե բնապահպանական խնդիրներին անդրադարձող, այլ ջրավազանների, գետերի, ջրային ծեսերի, անգամ մեկ կաթիլ ջրի մեջ ամփոփված գեղեցկությանը նվիրված մի պոետիկ ալբոմ։ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ ցանկություն կար ջուրը ներկայացնել որպես ներշնչանքի աղբյուր ու գեղագիտական արժեք։ «Այս գրքում քաղաքականություն չկա»,- ասաց նա։ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, ով նաեւ ջրի թեմային նվիրված ֆոտոմրցույթի ժյուրիի անդամ է, նկատեց, որ այսօր մեզ հարկավոր է առաջին հերթին ոչ թե հիանալ Վարդավառի ավանդույթով կամ գեղեցիկ ջրային տեսարաններով, այլ՝ բարձրաձայնել խնդիրների մասին. «Լավ կլիներ, որ իրական աղետալի էկոլոգիական վիճակը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես ստեղծվեր, որպեսզի մենք հասկանայինք՝ որքան է ամեն բան փոխկապակցված եւ որքան վնաս է հասցված մեր հողին եւ ջրին»։
«Մեր առաջին տարրը» գիրքը թողարկվել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ու գերմանական «Արքայազն Կլաուս» մշակութային եւ զարգացման հիմնադրամի սատարմամբ։ Շնորհանդեսին ներկա՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը չափազանց ուշագրավ ու բոցավառ ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ ջուրը նաեւ քաղաքական գործոն է, եւ պետական մարմինները պիտի ամենայն պատասխանատվությամբ մոտենան ջրային ռեսուրսներին։ Նա մանրամասն ներկայացրեց Սեւանի, Ալավերդիի աղետալի վիճակը ու Դեբեդ գետի չափազանց աղտոտված լինելու փաստը, ինչը անդրադառնում է եւ բանջարեղենի, եւ որսի ենթակա ձկնատեսակների որակի վրա։ Նա հիշատակեց այն վտանգը, որը ջրի մաքրության համար ներկայացնում է ոսկու արդյունահանումն ու մշակումը։ «Դուք Սեւանի նման հրաշք ունեք, սակայն արդյունաբերական թափոնները լիճն եք լցնում՝ չմտածելով ապագայի մասին։ Պետական ատյանները, նաեւ ազգի ազնվականությունը չեն կարող լուռ մնալ, երբ բնությանը հարված է հասցվում։ Շատերին թվում է, որ ազնվականները անպիտան «խաղացողներ» են բնության դաշտում, սակայն այդպես չէ։ Իսկական ազնվականը առաջին հերթին պիտի բնապահպան լինի»,- ասաց նա՝ շեշտելով, որ «Արքայազն Կլաուս» հիմնադրամը միավորում է գերմանացի ազնվականներին։ Պարոն Շմիդտը սարսափով ու զարմանքով պատմեց, որ անձամբ տեսել է, թե ինչպես են մի գերատեսչության շենքից դուրս հանում երկու անպետք սառնարաններն ու թողնում բակում՝ փտելու։ «Միգուցե այդ մարդկանց թվում է, որ փողոցային կատուները պիտի գան ու այդ սառնարանների հետ մի բան անեն։ Սակայն, կարծում եմ, որ մարդու աչքը չպիտի նման տեսարանների սովորի»,- ասաց նա։
Բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ էկոլոգիական խնդիրներն այսօր շատ լայն են ընկալվում՝ իրենց մեջ ներառելով նաեւ մշակույթը, եւ որքան շատ են էկոլոգիական խնդիրներին անդրադարձող ֆիլմերը, ցուցահանդեսներն ու գրքերը, այնքան ավելի է մեծանում հասարակական ռեզոնանսը։ Նրա դիտարկմամբ՝ մշակույթի եւ էկոլոգիայի միաձուլման դաշտում մենք շատ կորուստներ ունենք։ «Էկոլոգիական խնդիր է նաեւ քաղաքի պատմամշակութային տեսքը, ճարտարապետական պատկերը, որտեղ ուղղակի անդառնալի կորուստներ կան։ Վերջին տարիներին մենք միայն կոմերցիոն ճարտարապետություն ենք իրականացրել, եւ դրանով պարզապես աղավաղել ենք մեր քաղաքը։ Եվ երբ մենք՝ բնապահպաններս, այդ մասին խոսում ենք, շատ ճարտարապետներ մեզ մեղադրում են նորի, գեղեցիկի չընդունման մեջ»,- ասաց նա։ Զ.Սարգսյանը շարունակեց այդ միտքը. «Ալեքսանդր Թամանյանի անունը անընդհատ հիշատակելով ու օգտագործելով, մենք այնպես փոխեցինք Երեւանի տեսքը, որ այժմ հնարավոր չէ ընկալել քաղաքն իր ամբողջությամբ։ Չէ՞ որ մարդու աչքը սովորել էր մեկհարկանի հին շենքեր տեսնել քաղաքի կենտրոնում, իսկ այժմ դրանք վերացել են»։
Կոմերցիոն ճարտարապետությունը (էլիտար համարվող շենքերը) այսօր դժվարությամբ են իրենց կոմերցիոն դերը կատարում, Հյուսիսային պողոտան, օրինակ, մեծ իմաստով՝ անմարդաբնակ մնաց, քանի որ քարե ջունգլիներ հիշեցնող թաղամաս-դեկորացիայում բնակարանների վաճառքը հաջող չի ընթանում։ «Միգուցե հենց շուկան էլ կարո՞ղ է խմբագրումներ անել քաղաքի տեսքում» հարցին Կ.Դանիելյանը պատասխանեց. «Քաղաքին մեծ վնաս է հասցված, եւ սպասել, որ շուկայական մեթոդներով հակահարվածներ կծնվեն, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Բայց երեւի թե այսօր դա միակ ճանապարհն է, որն իրոք աշխատում է»։ «Մեր առաջին տարրը» գիրքն ավարտվում է Օրհան Փամուկի «Երբ Բոսֆորի ջրերը նահանջեցին» էսսեով, որտեղ շատ նրբանկատորեն ակնարկվում է անձնական պատասխանատվության մասին։ Վերջիվերջո, անապատացումը ոչ միայն բնությանը, այլեւ մարդկային հարաբերություններին է սպառնում։ Նույնիսկ, եթե այս գրքի ստեղծողները ցանկանում էին ընդամենը ջրի գեղեցկությունը շեշտել, ապա արդյունքն ավելի հնչեղ ստացվեց։ Գիրքը վեճեր ու հարցեր տալու ցանկություն արթնացրեց։ Ինչն էլ իր հերթին՝ շարունակություն է ենթադրում (արդեն ոչ թե այլաբանական առասպելների ու ոտանավորների, այլ՝ հստակ վավերագրական եւ ռեպորտաժային լուսանկարչական շարքերի տեսքով)։ Հայաստանում Գերմանիայի դեսպանը շատ դիպուկ ասաց. «Հարկավոր չէ աղբին վարժվել, աղբը մաքրել է պետք»։