Մարտի 7-ին «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Նանա Արամյանի` «Սեւ-մանուշակագույն զրույցներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
Ներկայացված էր Նանայի վերջին 2-3 տարիների աշխատանքների մի մասը: «Իմ արվեստային մոտեցումների համար այս նկարները բավական շրջադարձային են. երկար տարիներ համակարգչային մեդիայում էի աշխատում, այս գործերը նկարչության լրիվ դասական մոտեցում ունեն: Նոր ասելիք էր կուտակվել, որը փորձեցի արտահայտել: Ես ինքս էլ մեծ սպասումներ ունեմ այս ցուցահանդեսից, քանի որ շատ հետաքրքիր եւ կարեւոր է հանդիսատեսի եւ արվեստային հասարակության կարծիքն ու մոտեցումը: Նախատեսել էի 30 աշխատանք ներկայացնել, բայց ցուցասրահում տեղավորեցինք 20-ը եւ որոշ գրաֆիկական աշխատանքներ»,- ասաց Նանա Արամյանը: Հետաքրքիր էին ոչ միայն գույները, այլեւ նկարների անվանումները` «Կրքի քարտեզագրում», «Լինել երկուսով», «Հուդիթ», «Համերգ», «Անկախություն», «Կիբերմիջատ», «Ջոյստիկ», «Աղջկական երազներ», եւ այլն:
Նանայի համար չափազանց կարեւոր էր այս ցուցադրությունը, նրա համար արվեստում կարեւորը երկխոսության գաղափարն է. «Բազմաթիվ զրույցներում, դեբատներում, դիսկուրսներում կարող են շատ-շատ բացահայտումներ տեղի ունենալ: Ես փորձում եմ հանդիսատեսին հրավիրել երկխոսության կարեւոր թեմաների շուրջ` ներկայացնելով իմ կոնցեպցիան, մոտեցումները»,- ասում է նա: Օրը լի էր մանուշակագույնով: Հյուրերից շատերը նույն գունային գամմայի մեջ էին հագնվել, մանուշակագույնի երանգներով ծաղիկներ էին նվիրում նկարչուհուն: Մանուշակագույն էր նաեւ նրա ամուսնու` նկարիչ Նարեկ Ավետիսյանի վերնաշապիկը: «Մանուշակագույնը ինձ համար մեծ դեր չէր կատարում, բայց Նանան ինձ ջերմացրեց այդ գույնի հանդեպ: Նույնիսկ կտավներումս սկսել են հայտնվել այդ երանգները: Սեւը նույնպես չկար, բայց երբեմն սկսում է հայտնվել: Հոգեբանները շատ տեսություններ ունեն գույների մասին. հատկապես կանայք են հավանում մանուշակագույնը, այն էլ խենթի նման: Բավական զգայական, էմոցիոնալ եւ ինչ-որ առումով շատ հոգեւոր գույն է, իսկ սեւը` ընդգծող երեւույթ, որի մեջ հարկավոր չէ բացասական, միստիկ բաներ տեսնել: Սեւը նրա համար է, որ լույսը ընդգծվի»,- ասում է Նարեկ Ավետիսյանը: