Մարտի 11-ին լրանում է աշխարհահռչակ արգենտինացի երաժիշտ եւ կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի ծննդյան 90-ամյակը: Պիացոլլան իր ստեղծագործություններով հիմնովին փոխել է պատկերացումներն ավանդական տանգոյի մասին, ներկայացնելով այն ժամանակակից շնչով` ներառելով ջազային եւ դասական երաժշտության էլեմենտներ: Նա հայտնի է նաեւ՝ որպես անզուգական բանդոնեոնահար: Հայրենիքում` Արգենտինայում, կոմպոզիտորի մասին խոսելիս ասում են` «El Gran Astor»` հզոր Աստոր: Պիացոլլայի երաժշտության սիրահարների համար մարտի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտորի 90-ամյակին: Հատուկ այդ համերգին մասնակցելու համար հրավիրված իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենան իտալացի դիրիժոր Ռոբերտո Մոլինելլիի ղեկավարությամբ: