Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը շարունակվում է: Իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը լծվել են փոփոխություններին «այո» կամ «ոչ» ասելու անհրաժեշտությունը հիմնավորելու գործին: Նկատենք սակայն, որ «այո»-ի կամ «ոչ»-ի հիմնավորումներում էական տարբերություն չկա:
Ե՛վ «այո»-ի, եւ՛ «ոչ»-ի կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են մեր երկրի հետագա զարգացման անհրաժեշտությամբ: Իսկ դա հիմնավորելու համար «այո»-ի կողմնակիցներին օգնության են գալիս եվրոկառույցները: «Հո միայն մե՞նք չենք ասում, որ այս նախագիծը լավն է, եվրոպացիներն էլ են այդպես կարծում»,- մոտավորապես այսպես կարելի է ամփոփել փոփոխությունների «այո» քարոզողների հիմնավորումը: Իսկ որ խախտելով մեր երկրի օրենքները, արտերկրի քաղաքացիները միացել են «այո» քարոզարշավին, նրանց չի մտահոգում: Ընդդիմությունն էլ իր «ոչ»-ը հիմնավորելիս կարեւորում է նաեւ այն, թե ովքե՞ր են ներկայացրել առաջարկվող փոփոխությունները: Մասնավորապես այս կարծիքին են «Հանրապետություն» կուսակցությունում: Այստեղ նույնիսկ նախագիծը ներկայացնողներին համեմատում են մարմնավաճառների ու թմրամոլների հետ: «Ոնց որ մի օր թմրամոլներն ու մարմնավաճառները գան ու ասեն, որ մեզ բարոյականության դասեր են տալու»,- ասում են կուսակցությունում, որտեղ նույնիսկ ավելորդ են համարում սահմանադրական փոփոխությունների բովանդակության մեջ խորանալը եւ փոփոխություններին «ոչ» ասելու իրենց հիմնավորման առանցք են դարձրել փոփոխությունների նախագիծը ներկայացնողների ով լինելը: «Կեղտոտ ձեռքերով Սուրբ գիրք չեն թերթում: Հոգու ու մարմնի մաքրություն է պետք»,- նախագծին «ոչ» ասելու իրենց դիրքորոշումն է հիմնավորում կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինիս խոսքերով` «ոչ» ասելով սահմանադրական բարեփոխումներին, իրենք «ոչ» են ասում այս իշխանություններին, «ոչ»` մեր բոլոր պարտություններին, «ոչ»` ամենաթողությանն ու կրիմինալին, Մեր հայրենիքը` համաշխարհային առեւտրի ապրանք ու մեր` իշխանությունների ձեռքին գործիք դառնալուն: ««Ոչ» ասելով` «ոչ» ենք ասում կեղծիքին, սպանությանը, գավառամտությանը, տգիտությանը, աղքատությանը եւ անարդարությանը»,- շարունակում է Ա. Սարգսյանը: Նա կարեւորում է սահմանադրական փոփոխությունների գործընթացին «ոչ» ասելը, եւ այդ առումով տարբերություն չի տեսնում «ոչ»-ի ու հանրաքվեն բոյկոտելու միջեւ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն ընտրողներին կոչ է անում նոյեմբերի 27-ին գնալ ընտրատեղամասեր ու ընտրաթերթիկները վերածել բարի ցանկությունների նամակի: «Այդ ընտրաթերթիկներում նամակներ գրեք` սիրած աղջկան, տղային, վարչապետին, նախագահին»,- մանրամասնում է նա: Վերջինիս համոզմամբ` սահմանադրական փոփոխություններին «ոչ» քարոզելու կարիք չկա էլ, քանի որ «այո» քարոզողների կերպարը եւ վարքը բավարար է, որպեսզի ժողովուրդը մերժի նրանց: Ա. Սարգսյանը սրա համար նույնիսկ շնորհակալություն է հայտնում նրանց: Դե, իսկ սահմանադրական «այո» քարոզող, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Արմեն Ռուստամյանի համոզմամբ` «այո»-ն բազմաթիվ հիմնավորումներ ունի, ու «այո» քարոզելու տարբեր ձեւեր կան: Իսկ այդ ձեւերի շարքում Ա. Ռուստամյանը նշում է հեռուստատեսային քարոզչությունը եւ կարեւորում է մամուլի դերն այս հարցում: «Մարզերում քարոզչության, իրազեկման զանազան ձեւեր կլինեն եւ հրապարակումներով ավելի կպարզաբանվի այս նախագծի առավելությունները»,- ասում է Ա. Ռուստամյանը, ըստ էության չպատասխանելով այն հարցին, թե ո՞րն է «այո»-ի իրենց հիմնավորումը: Նրա խոսքերով` նպատակ ունեն նախագիծը հասցնել յուրաքանչյուր տուն, ինչից կարելի է ենթադրել, որ Ա. Ռուստամյանն այն կարծիքին է, որ նախագիծն այնքան մեծ առաջընթաց է գործող Սահմանադրության համեմատ, որ այն ընդամենը պետք է հասանելի դարձնել քաղաքացիների համար, եւ մարդիկ այն կարդալով կգնան ու անպայման «այո» կքվեարկեն: