Հայաստան-Ռուսաստան խաղի տոմսերն արագ սպառվում են
Մարտի 7-ից սկսվել է Եվրո-2012-ի Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը: Հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղում սկսվել է տոմսերի ակտիվ վաճառք: Տոմսերը վաճառվում են միայն անձնագրով: Մեկ անձնագրով անձը կարող է ձեռք բերել 4 տոմս: Հակառակորդ թիմի երկրպագուներին տոմսերի վաճառքն արգելվում է, քանի որ ռուսներին արդեն հատկացվել են անհրաժեշտ քանակով տոմսեր: Մինչեւ հանդիպումը դեռ 17 օր կա, բայց արդեն շուրջ յոթ հազար տոմս վաճառվել է:
Բրանդաոն մեղադրվում է բռնաբարության մեջ
«Մարսելի» հարձակվող Բրանդաոն մեղադրվում է բռնաբարության մեջ: Ներկա պահին նա ձերբակալված է եւ գտնվում է ոստիկանական բաժանմունքում: Ինչպես տեղեկացրել են Ոստիկանությունում, երեսունամյա ֆուտբոլիստը ձերբակալվել է երեքշաբթի առավոտյան իր իսկ տանը: Բրանդաոն տեղափոխվել է բաժանմունք եւ հարցաքննության ենթարկվել: Զոհը, ում անձը չի հրապարակվում, հայտարարել է ոստիկաններին, որ դեպքը տեղի է ունեցել ամսվա սկզբին: Բրանդաոն ընկերների հետ զվարճանալիս է եղել գիշերային ակումբներից մեկում, որտեղ էլ ծանոթացել է աղջկա հետ: Երեկույթից հետո Բրանդաոն առաջարկել է ուղեկցել նրան, սակայն ճանապարհին մեքենայի մեջ բռնաբարել է: Հետաքննությունը դեռ նոր է սկսվել եւ, հավանաբար, կտեւի մեկ ամիս: Այնուամենայնիվ, Բրանդաոն միանշանակ կազատազրկվի եւ «Մարսելին» կգցի ծանր կացության մեջ:
Մարադոնան կգլխավորի Ուկրաինայի հավաքականը
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Արմանդո Մարադոնան պատրաստ է գլխավորել Ուկրաինայի ազգային հավաքականը: Հիսունամյա Մարադոնան արդեն սկսել է սովորել ուկրաիներեն: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան մինչեւ Եվրո-2012-ի սկիզբը կորոշի գլխավոր մարզչի հարցը: Ներկա պահին գլխավոր մարզչի պարտականություններն է կատարում Յուրի Կալիտվինցեւը:
Չեմպիոնների լիգա
Երեկ կայացան չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու պատասխան հանդիպումները: Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ ընդունեց «Ռոմային»: Հիշեցնենք, որ այս թիմերի միջեւ առաջին հանդիպումն ավարտվել էր 3։2 հաշվով` հօգուտ Դոնեցկի թիմի: Սեփական հարկի տակ Մխիթարյանի թիմը 3։0 հաշվով ջախջախեց «Ռոմային»: «Շախտյորի» կազմում գոլերի հեղինակ դարձան Հուբսշմանը, Վիլյան եւ Էդուարդոն: «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Արսենալին»: Այս թիմերի միջեւ առաջին հանդիպումն ավարտվել էր 2։1 հաշվով` հօգուտ «Արսենալի»: «Բարսելոնայում» տեղի համանուն թիմը հաղթեց 3։1 հաշվով: «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, իսկ մյուս գոլը հեղինակեց Չավին: Լոնդոնցիներն իրենց հաշվին գոլ գրանցեցին «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսքեթսի ինքնագոլի շնորհիվ: Այսպիսով, քառորդ եզրափակչի ուղեգրեր են նվաճել «Բարսելոնան» եւ Դոնեցկի «Շախտյորը»:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ