Բանակցելն ավելի լավ է, քան չբանակցելը

05/03/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ մասնակցելու են հերթական եռակողմ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում: Այս հանդիպման նախօրեին արդեն բավականին հետաքրքիր լրատվական արտահոսք կա կամ մեկնաբանություններ են հնչում: Հետաքրքիր էր, օրինակ, երեկ ռուսական մամուլում հրապարակված մի մեկնաբանություն, թե՝ «օլիմպիական Սոչիի կողքին լարվածության օջախ ունենալը չի բխում Ռուսաստանի շահերից»: Այս միտքն արտահայտել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանեւսկին, ով այսօր կայանալիք հանդիպումն այս առումով բավականին խորհրդանշական է համարել: «Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են պատկերացնում ԼՂ խնդրի լուծումը, եւ չեն ուզում զիջումների գնալ: Դա բնական է, քանի որ, օրինակ, ՀՀ-ում, գործող քաղաքական գործիչների մեծամասնությունը 1989-1994 թվականներին կռվել են Ղարաբաղի համար, եւ դա նրանց համար գրեթե անձնական հարց է»,- ասել է նա: Ֆ.Ստանեւսկին նշում է, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, եւ երկու պետությունները պատրաստվում են տարածքային վեճի արմատական լուծմանը: «Վերջին 3 տարիների ընթացքում երկու կողմերն էլ ավելացնում են իրենց ռազմական հզորությունները»,- ասել է արդեն ՌԴ ԱՊՀ հարցերով խորհրդի նախագահ Վադիմ Գուստովը` նշելով, որ Ադրբեջանը բանակին տրամադրում է 3,1 մլրդ դոլար, իսկ ՀՀ-ն` ընդամենը 390 մլն դոլար: «Եթե բանակցող կողմերը շարունակեն «տեղում դոփել», պատերազմից դժվար կլինի խուսափել: Մանավանդ հիմա, երբ զենքը գործի դնող ձգանի դեր են կատարում արաբական հեղափոխությունների հաջողությունները»,- ասել է Ֆ.Ստանեւսկին: Իհարկե, ՌԴ-ն չէր ցանկանա, որ օլիմպիադայի շրջանում պատերազմական վիճակ կամ լարվածություն լինի ԼՂ-ում: Նույն վիճակն էր նաեւ 2008թ. ամռանը, երբ սկսվեց ռուս-վրացական հակամարտությունը, եւ վրաց-ռուսական կարճատեւ պատերազմը ստվերեց Սոչիում տեղի ունեցող սպորտային խաղերը: Սակայն դա հարցի երկրորդ կողմն է, առաջնային է այն, որ վերլուծաբանները գնահատում են, որ ԼՂՀ հարցի շուրջ պատերազմի վերսկսման վտանգն աճել է: Իհարկե, Հայաստանում կարող են քամահրանքով վերաբերվել ռուս վերլուծաբանների նմանօրինակ գնահատականներին, սակայն պետք չէ մոռանալ, որ հատկապես Ռուսաստանում հենց նրանք են արտահայտում իշխանական վերնախավերի դիրքորոշումները: Եվ իսկապես չի բացառվում, որ այսօրվա հանդիպումը որոշակի հանգրվան ունենա այդ առումով: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի սկզբին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում ընդունված հայտարարությունից հետո սա հայկական ու ադրբեջանական կողմի առաջին հանդիպումն է: Իսկ Աստանայում ստորագրված հնգակողմ հայտարարության մեջ նշված էր, թե «Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` նրանց կողմից խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված անհրաժեշտ որոշում ընդունելու գործում»: Այս օրերին տիրապետում է այն տեսակետը, թե Սոչիում Դ.Մեդվեդեւը կփորձի ազդել կողմերի վրա ` խաղաղ կարգավորման հետ կապված որեւէ հայտարարություն կամ փաստաթուղթ ստորագրելու համար: «ԼՂ խնդրի կարգավորման խնդրում ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով համագործակցում է ՌԴ-ի հետ»,- երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը` միաժամանակ հերքելով տեսակետը, թե իբր ռուսները գործընթացը աստիճանաբար իրենց վերահսկողության ներքո են վերցնում` կազմակերպելով եռակողմ հանդիպումներ:

«ԱՄՆ-ը կարծում է, որ ռուսները գործում են թափանցիկ ձեւով եւ Մինսկի խմբի համանախագահող միջնորդ մյուս կողմերը` ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, տեղեկացվում են հանդիպումների մանրամասներին: Համանախագահների միջեւ այս խնդրում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես ենք գալիս ընդհանուր շահերի պաշտպանության դիրքերից»,- ավելացրել է Ֆ.Գորդոնը:

Ամեն դեպքում ի՞նչ սպասումներ կան Հայաստանում Սոչիի հանդիպումից: «Դրական միտում կլինի, եթե կողմերը սկսեն գոնե նույն բանի մասին խոսել»,- ասում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` հիշեցնելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը միշտ հայտնել է, թե ինքն ընդունում է այդ տարբերակը, հայկական կողմը սկզբում ժխտում էր, թե նման բան գոյություն ունի, ավելի ուշ հաստատեցին, բայց ավելացրեցին, թե չեն ընդունում: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է, թե հայկական կողմի համար գլխավորը կարգավիճակի հարցն է: Վերջինս, սակայն, այսօրվա հանդիպումից լուրջ առաջընթաց չի ակնկալում: «Եվ միշտ ասել ենք, որ խնդիրը բացառապես պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով: Առաջ շարժվելու քայլերից մեկն էլ պիտի լինի այն, որ կողմերը համաձայնեն կնքել ռազմական գործողությունները բացառող պայմանագիր: Քանի որ Ադրբեջանը գործնականում պատրաստ չէ կառուցողական քայլերի, չեմ կարծում, որ մենք կարող ենք լուրջ առաջընթաց ակնկալել: Ամեն դեպքում մեզ համար բանակցելն ավելի լավ է, քան չբանակցելը: Այս իմաստով ՌԴ-ի ու մյուս համանախագահող երկրների դիրքորոշումը համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ: Խնդիրն Ադրբեջանի մոտ է»,- ասում է Է.Շարմազանովը:

Ֆ.Գորդոնը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին եւ ասել, թե «Թուրքիան ասում է, որ կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի ԼՂ խնդրում»: «Սակայն ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որեւէ այլ խնդրի հետ: ԱՄՆ-ը այս տեսակետին է եղել ի սկզբանե, եւ այս դիրքորոշումը պահպանվում է»,- ասել է Ֆ.Գորդոնը:

Կ.Մանոյանը գտնում է, որ ԱՄՆ-ը Թուրքիային խոստացել է, որ հայերը կհանձնեն ազատագրված տարածքները, թեեւ այդ մասին հայ-թուրքական արձանագրություններում ոչինչ նշված չէ: Մի քանի շաբաթ առաջ էլ տեղեկատվական արտահոսք եղավ, թե եթե հայկական կողմը 2 շրջան հանձնի, Թուրքիան սահմանը կբացի: Եվ Կ.Մանոյանը գտնում է, որ նման արտահոսքերը հայկական կողմին ճնշելու նպատակ ունեն:

Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂՀ խնդիրը իրար չկապելու դիրքորոշում ունի: «Բայց մենք միշտ զգուշացրել ենք ՀՀ իշխանություններին, որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի այդ հարցում փոխելու Թուրքիայի դիրքորոշումը: ԱՄՆ-ը այսօր լուրջ խնդիրներ ունի Միջին Արեւելքում, բացի այդ, արդեն ընդգրկված են երկու` Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմում: Հիմա արդեն նոր մարտահրավերներ են ստեղծվել արաբական հեղափոխությունների հետեւանքով: Իսկ Թուրքիան որպես ռազմավարական դաշնակից՝ օդի պես անհրաժեշտ է ԱՄՆ-ին»,- ասում է Լ.Զուրաբյանը: