ՀՅԴ-ն ու կոալիցիան

05/03/2011

Մեր տեղեկություններով՝ մարտի 3-ին ԱԺ նիստերի ընթացքում խմբակցություններն իրենց վերցրած 20-ական րոպե ընդմիջումները նախապես համաձայնեցրել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, որ այդ օրը նախ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց՝ պատճառաբանությամբ, թե չի հասկանում «ազգային» բառի նշանակությունը՝ մշակութային ոլորտին վերաբերող ՀՅԴ-ի հեղինակած մի օրինագծում: Այնուհետեւ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պահանջեց 20 րոպե, եւս մեկ անգամ 20 րոպե ընդմիջում պահանջեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանն, առանց որեւէ դժգոհության, բավարարեց այս երեք պահանջները: «Հարցերի հետ կապված մարդիկ ունեն մոտեցումներ, քվեարկությունից առաջ կանոնակարգը թույլ է տալիս վերցնել ընդմիջում, որը, եթե խմբակցությունն իր քվեարկությունը դեռ չի որոշել, ընդմիջում է վերցնում, որ որոշում կայացնի՝ կո՞ղմ է քվեարկում, թե՞ դեմ»,- ավելի ուշ լրագրողներին պարզաբանել էր նա: Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահն այս 20 րոպեանոց բոյկոտը կազմակերպել էր այն պատճառով, որ խորհրդարանը կարող էր ավելի շուտ ավարտել հարցերի քննարկումը, քան կսպառվեր նիստին հատկացված ժամանակը: Եվ այդպիսով խորհրդարանում կստեղծվեր անհարմար իրավիճակ. ԱԺ-ն քննարկելու օրինագիծ չէր ունենա: Բանն այն է, որ քառօրյայի առաջին օրը նիստը բոյկոտել էր խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» խմբակցությունը: Եվ քանի որ նրանք չէին մասնակցում նիստերին, խորհրդարանում բուռն քննարկում չեղավ, եւ հարցերի քննարկումն էլ շատ արագ էր ավարտվում: Այդ պատճառով Հ.Աբրահամյանը որոշել է 20 րոպեանոց 3 ընդմիջումներով ձգել ժամանակը: Եվ երեկ իշխանական խմբակցություններում կատակում էին, թե այդ ժամանակ պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն իրենց կոալիցիոն գործընկերն է, որովհետեւ մի 20 րոպեանոցով էլ նրանք «պադերժկա» արեցին: