Հայկական եւ ռուսական կողմերը փորձում են հասնել նրան, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առավելագույնը՝ ստորագրի մի փաստաթուղթ, նվազագույնը՝ հայտարարություն անի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով երեք նախագահների կայանալիք հանդիպումը: «Այնքան էլ չեմ հավատում, որ դա կստացվի, քանի որ հիմքեր չեմ տեսնում, որոնց պատճառով Ալիեւը կարող է նման հայտարարություն անել: Չի բացառվում, որ Ալիեւն ինչ-որ բան ասի, ոչ ավելին»,- հավելել է նա: Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա, նրա խոսքով, դա տեղի չի ունենում մի պատճառով. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն ցանկանում պատերազմ վերսկսել»: