Ինչպես հայտնի է՝ կառավարությանը քննադատելու մենաշնորհն այսուհետ պատկանելու է հենց իրեն՝ կառավարությանը։ Քանի որ, ինչպես կառավարության նիստում նշել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, «հանրությանը մեր իսկ ներկայացրած բացթողումները բացահայտելու համար անհրաժեշտ է նաեւ որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք, եւ պարզվում է, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն»։
Մենք չենք քննադատի, սակայն չզարմանալ, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չենք կարող։ Իսկ զարմանքի հերթական առիթը տվեց հենց Տիգրան Սարգսյանը՝ այցելելով հյուրանոցային համարների առցանց ամրագրման armhotels.am կայքի շնորհանդեսին եւ ելույթ ունենալով այնտեղ։ Նախ մի փոքր՝ գաղափարի մասին։ Այս համակարգը հնարավորություն է տալիս օն-լայն (այսինքն՝ ինտերնետի միջոցով) Հայաստանում հյուրանոցային համարներ ամրագրել եւ վճարում կատարել։ Ցանցին այս պահին միացած են 106 հյուրանոցներ։ Լավ, հարմար բան է՝ հատկապես Հայաստան այցելել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Սակայն «արագ փոփոխվող աշխարհում» դա արդեն վաղուց նորություն չէ. ԱՄՆ-ում քոլեջի ցանկացած ուսանող (անգամ պատանի) չի պատկերացնում, որ հնարավոր է այլ կերպ համար ամրագրել։ Երբ վարչապետը, էկոնոմիկայի նախարարը եւ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները նման ուշադրության են արժանացնում ըստ էության շատ սովորական մի նախաձեռնություն, սա արդեն զարմանալի է։ Սա ցույց է տալիս, թե բարձր տեխնոլոգիաները գերակա ճյուղ հռչակած Հայաստանում իրականում տեխնոլոգիական զարգացումն ինչ մակարդակի վրա է։
Հանուն արդարության նշենք, որ այս զարմանքն ինչ-որ տեղ արդարացված է։ Բանն այն է, որ «ՌՈՒՄԷԱ» ընկերության կողմից ներկայացված www.armhotels.am առցանց ամրագրման համակարգի ստեղծման բիզնես ծրագիրը ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում վարչապետի գլխավորությամբ ստեղծված տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցման օպերատիվ շտաբում հավանության է արժանացել: Ծրագրի իրականացման համար ընկերությանը տրամադրվել է 25 մլն դրամի վարկային միջոցներ` հինգ տարի մարման ժամանակով ու արտոնյալ պայմաններով։ Այսինքն՝ կառավարության կողմից նման ընդգծված ուշադրությունը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ ստեղծվել է գերժամանակակից, դարակազմիկ համակարգ, այլ՝ պարզապես առիթ է՝ ցույց տալու համար, թե կառավարությունը հակաճգնաժամային ինչ քայլեր է արել։ Կարճ ասած՝ սովորական PR։
Վարչապետը նշել է, որ www.armhotels.am առցանց ամրագրման համակարգը լավագույն ներդրումներից մեկն է զբոսաշրջության զարգացման բնագավառում, եւ որ այս ժամանակակից ծրագիրը բազմաթիվ պատուհաններ է բացում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու համար եւ հնարավորություն ստեղծում օնլայն ռեժիմով օգտվել ծառայություններից։ Հետո ներկայացրել է ոլորտի զարգացումները՝ նշելով. «2009թ.` ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4 տոկոսանոց աճ, եւ դա՝ այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս: Մենք լիահույս ենք, որ 2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է»։
Վարչապետը նշել է, որ մեր հայրենակիցների 95%-ը երբեք չի եղել Հայաստանում, իսկ դա մեծ պոտենցիալ է, որն անհրաժեշտ է զարգացնել։ Անկեղծ ասած, նման գնահատական տալու համար հարկավոր է ճշգրիտ իմանալ աշխարհասփյուռ հայության թիվը (ինչն անհնարին է), եւ մանրամասն վերլուծություն կատարել, թե մինչ այժմ քանի սփյուռքահայ է այցելել մեր երկիր, նրանցից քանիսն են մեկից ավելի անգամ եկել, եւ այլն։ Ինչեւէ, երեւի նման հաշվարկներ կան, պարզապես մենք չգիտենք (պետք չէ մոռանալ, որ վերլուծելու եւ բացթողումներ բացահայտելու կարողություններ ունի միայն կառավարությունը)։
Սակայն ամենազարմանալին Տ. Սարգսյանի այն պնդումն է, որ առաջիկա տարիների ընթացքում կառավարությունը պատրաստվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի։ Այսինքն՝ զբոսաշրջիկների տարեկան հոսքը հավասար կլինի Հայաստանի մշտական բնակչության թվին։ Համեմատության համար նշենք, որ Իտալիան ունի 60 միլիոն բնակչություն, իսկ զբոսաշրջիկների տարեկան հոսքը կազմում է 44-45 միլիոն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010 թվականի ընթացքում Հայաստան են այցելել շուրջ 684 հազար զբոսաշրջիկներ։ Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 18.9%։
Դժվար չէ հաշվել, որ եթե զբոսաշրջությունը շարունակի աճել նույն տեմպերով, ապա 2013թ. մենք կգերազանցենք 1 միլիոնի սահմանագիծը, 2017թ.՝ 2 միլիոնի, իսկ 2019թ.՝ 3 միլիոնի բաղձալի շեմը։ Այսինքն, դա կլինի լավագույն դեպքում 8-9 տարի հետո։ Եթե ընդունենք, որ 8-9 տարին կարելի է համարել «առաջիկա տարիներ», ապա վարչապետի ասածը շատ հավանական է։ Մանավանդ, չի կարելի բացառել, որ զբոսաշրջության աճը հաջորդ տարիներին կարող է 18.9%-ից բարձր լինել։
Իսկ ի՞նչն է այդ դեպքում զարմանալի։ Այդ հարցին պատասխանելուց առաջ հիշեցնենք, որ մեր իշխանությունները հենց այնպես, «օդի մեջ» ոչինչ չեն անում։ Ամեն ոլորտ զարգացնելու համար գրվում են ծրագրեր, ռազմավարություններ, եւ իհարկե՝ հայեցակարգեր։ Զբոսաշրջության ոլորտը նույնպես այս առումով բացառություն չէ. 2008թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել զբոսաշրջության զարգացման հայեցակարգը (հիշեցնենք, որ կառավարության ղեկավարն այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր)։
Այդ հայեցակարգում նշվում է, թե ինչ խնդիրներ պետք է լուծի կառավարությունը՝ ոլորտում հաջողության հասնելու համար, եւ պետական քաղաքականության խնդիրների արդյունավետ լուծման պարագայում ակնկալվող արդյունքները։ Այդ արդյունքների ցանկի առաջին կետում կարող եք կարդալ հետեւյալ նախադասությունը՝ «ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի միջին տարեկան աճը կկազմի 9%` 2030թ. հասնելով 3 միլիոնի»։ Ավելին, հայեցակարգում նշվում է, որ առանց պետական աջակցության ոլորտի աճը տարեկան կկազմի 4%, իսկ 2030թ. կունենանք 1 միլիոն զբոսաշրջիկ։
Ստացվում է՝ ըստ հայեցակարգի, լավագույն սցենարի դեպքում, 3 միլիոն զբոսաշրջիկ կունենանք 19 տարուց ոչ շուտ։ Իսկ 19 տարին «առաջիկա տարիներ» համարել չի կարելի։ Կարճ ասած՝ կառավարության ղեկավարի կանխատեսումը խիստ տարբերվում է նույն կառավարության համար հիմք հանդիսացող հայեցակարգի գնահատականներից։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞ւմ հավատալ՝ վարչապետի՞ն, թե՞ հայեցակարգին։
Որպեսզի ընթերցողը կողմնորոշվի, նույն հայեցակարգից մեջբերենք եւս մեկ հատված, որը վերաբերում է ենթակառուցվածքների զարգացման ծրագրի կետերին։ Ահավասիկ այդ կետերից մեկը. «Երեւանը Ջերմուկի հետ կապող թունելի կառուցում, ինչը դեպի Հայաստանի հարավը ճանապարհի զգալի կրճատման շնորհիվ, բացի զբոսաշրջային նշանակությունից, կնպաստի նաեւ ընդհանուր ապրանքաշրջանառության բարելավմանը»։
Հիշեցնենք, որ այդքան գովաբանված «Սեւան-Դիլիջան» թունելը ընդամենը 3կմ է, իսկ Երեւանից Ջերմուկ ուղիղ գծով մոտ 130 կմ է։ Երբ թունելաշինության գործին ծանոթ հայաստանցի փորձագետներից մեկին հարցրեցինք, թե ի՞նչ կարծիքի է Երեւան-Ջերմուկ թունել կառուցելու հնարավորության մասին, նա առաջին 1-2 րոպեն պարզապես չէր հասկանում՝ խոսքն ինչի մասին է, իսկ պարզելուց հետո ասաց՝ դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Մի խոսքով, «Երեւան-Ջերմուկ» թունելի մոտ մեր նախկին դարակազմիկ նախագծերը «հեչ բան են»։ Այնպես որ, մենք ավելի հակված ենք հավատալու վարչապետին։ Մանավանդ որ, նրա կանխատեսումներն ավելի լուսավոր են։