Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ նոյեմբերի 27-ից հետո գալու է նոյեմբերի 28-ը, իսկ դրան հաջորդելու են մյուս օրերը։ Այսինքն՝ նոր թվարկություն չի սկսվելու, եւ չի լինելու այն, ինչ եղավ Ջրհեղեղից հետո։ Նոյեմբերի 27-ը պարզապես լինելու է իշխանությունների կազմակերպած եւս մեկ միջոցառում՝ հար եւ նման միասնության շուրջպարին կամ Էրեբունի-Երեւան տոնակատարությանը, որոնցից առաջինն ուղղված է չուզողների չար աչքի դեմ, իսկ երկրորդը ծառայում է սեփական թերարժեքության հաղթահարման սուրբ գործին։
Նոյեմբերի 27-ն, ըստ էության, մեծ թոզ է (կներեք ոչ հայերեն բառի համար), որ եվրոպացիների գիտությամբ ու համաձայնությամբ փչվելու է իրենց աչքին։ Արեւմուտքը դեմ չէ սրան, որովհետեւ ԽՍՀՄ փլատակներում սկսել է փորձարկումների մի շրջան, որը ոչ այնքան ուղղված է համամարդկային արժեքների հաստատմանը, որքան ռուսական գործոնի չեզոքացմանը։ Եվ եթե, ասենք, Վրաստանում ուշ աշնանը վարդեր բացվեցին, իսկ Ուկրաինան ցուրտ ձմռանը ներկվեց նարնջի, մեզ մոտ այդ զիզի-բիզի բաները չեն լինելու։ Մենք կազմակերպված պետություն ենք։ Եվ նոր, եվրոպական սահմանադրությունը եթե անցնի, պարտական ենք լինելու ոչ թե իշխանություններին, այլ` ընդդիմությանը, որովհետեւ նա է իր տքնաջան անգործությամբ մեր երկիրը դարձրել կազմակերպված պետություն։
Իսկ ի՞նչ է նշանակում կազմակերպված։ Այս հարցը ես երկար եմ ուսումնասիրել եւ կարծում եմ, որ ամենադիպուկ բնորոշումն այս առիթով տվել է անվանի հրապարակախոս Ավետիս Հարությունյանն՝ ասելով, թե պետությունը կազմակերպված չի լինում, կազմակերպվածը լինում է բանդան։ Որովհետեւ միայն բանդան է ապրում գոյություն ունեցող օրենքներից առանձին, սեփական օրենքներով։ Այս հարցը Եվրոպայում էլ, կարծես թե, ուսումնասիրել են ու կազմակերպվածի կազմալուծման անհնարինությունը գիտակցելով՝ որոշել օրինականացնել այդ տարանջատումը։
Երբ սեփական օրենքներով ապրող իշխանական վերնախավը միաժամանակ խիստ մտահոգված դեմքով չարչարվում է սահմանադրական փոփոխությունների վրա, նրա նպատակն ամենեւին էլ ուրույն օրենքներից հրաժարվելը չէ, այլ` կեղեւն ապահովելը։ Պատահած կլինի, որ շուկայից կարմիր, առողջ կեղեւով բողկ գնեք ու պարզվի, որ մեջը փտած է։ Եվ եթե ձեզ բողկ պետք չէ ու չեք գնում, առողջ կարմրաթուշ բողկի տպավորությունը, միեւնույնն է մնում է։ Եվրոպան իր ապագա սահմանների մոտ այդ նատյուրմորտն է ուզում տեսնել, եւ իր պարապ ռեստավրատորների համար նորանոր աշխատատեղեր է նախանշում։ Սահմանադրության դրույթների եւ իրականության համեմատական ուսումնասիրման նպատակով փորձագետների ու դիտորդների պարսեր են արշավելու Հայաստան, եւ հարկատուներիս համեստ գրպանից միլիոնավոր դոլարներ ու եվրոներ են հատկացվելու նրանց ծախսած վարկերը փակելու համար։
Եվրամիությունը չի ուզում հետ մնալ Ամերիկայից կամ նախկին ԽՍՀՄ-ից՝ սեփական կաղապարները պարտադրելու հարցում։ Սա ես չեմ ասում։ Սա ասում են հենց եվրոպացիք, ում համար տարածական եվրոպականացումը խորքային եվրոպականացման մահն է։ «Մենք չենք կարող ստիպել ասիացիներին, որ ընտանիքում բռնություն չգործադրեն,- գրում է եվրոպացի սոցիոլոգ Ժան Իվ Բոնսինիեն,- քանի որ այն արմատացած է այդ ազգերի հասարակական, բարոյական եւ նույնիսկ սեռագիտակցական աշխարհայացքի մեջ»։ Բոնսինիեն, սակայն, չի նահանջում եւ չի համակերպվում այդ աշխարհայացքի հետ, որովհետեւ, ինչպես ամեն եվրոպացի, ինքն էլ գիտե, որ դա անմարդկային է, բայց նաեւ չի առաջարկում խնդիրը լուծել պարտադրանքով։ Մարդն, առաջին հերթին` բռնության ենթարկվողը, պետք է ցանկանա լինել ազատ։ «Եթե ցանկանա, ամենահետամնաց երկրում անգամ կգտնվեն այդ ազատությունը պաշտպանող մեխանիզմներ, որովհետեւ հետամնաց երկրները սովորաբար քողարկվում են իրականության հետ կապ չունեցող օրենքներով»։
Մի առիթով վաղուց գրել եմ, ուզում եմ նորից հիշել։ 1990 թվականի աշնանը, երբ Հայաստանն արդեն ուներ Անկախության հռչակագիրը, «Գարուն» ամսագրի խմբագրություն եկավ տանջված տեսքով մի կին ու սկսեց բողոքել իր ամուսնուց։ «Ամբողջ օրը ծեծում է ինձ, օր ու արեւ չի տալիս»,- արտասվելով ասում էր նա։ Ես էլ շատ խելոք խորհուրդներ էի տալիս՝ դիմեք Ոստիկանություն, Դատախազություն, դատարան կամ այլուր։ «Ուրեմն էս անկախությունից հետո ոչ մի բան չի՞ փոխվել»,- հարցրեց կինը։ «Դուք պիտի փոխվեք»,- ասացի ես։ Ձեռքը հուսահատ թափ տալով` հեռացավ։
Հիմա նա հեռվում է։ Այսինքն՝ նա հիմա էլ հեռվում է։ Անձնական արժանապատվությունից եւ ազատության գիտակցությունից նրան տարածքներ ու ժամանակներ են բաժանում։ Նոյեմբերի 27-ին նա էլ բոլորի նման կգնա հանրաքվեի եւ «Հայլուրից» կամ այլ հեռուստատեսությունների այլ հաղորդումներից ազդված` կասի՝ «այո»։ «Հայլուրը» կամ այլ հեռուստատեսությունների այլ հաղորդումները ոտքի վրա նրա հետ հարցազրույց կանեն «Նոր սահմանադրության հատկապես ո՞ր կետն եք սիրում» թեմայով։ Եվ նա կասի, որ իրեն առավել հոգեհարազատ է 55-րդ հոդվածի 4-րդ կետը, համաձայն որի` վարչապետի նշանակման հարցում առաջնային է Ազգային ժողովի, այլ ոչ թե հանրապետության նախագահի մոտեցումը։
Նոյեմբերի 28-ին նրանց տանը նորից կռիվ կընկնի։ Ամուսինը, որ հոգով ու սրտով «սրանց դեմ է», կնոջը հեռուստացույցի էկրանին տեսնելով` աղմուկ-աղաղակ կբարձրացնի ու «կազմակերպված ընտանիքի բոլոր օրենքներով» կգոռա, որ տանն իր խոսքը պիտի անցնի։ Աղջիկը` Ռուսաստանից, տղան Գերմանիայից կզանգեն ու կասեն. «Մամ, դրան թող, արի մեզ մոտ»։ Բայց մաման չի գնա։