Քյալյանն էլ գնաց

05/03/2011

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրամաններ է ստորագրել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծարելու վերաբերյալ: Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` մարտի 9-ից տվյալ բուհերի ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում` Կորյուն Աթոյանը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` Դերենիկ Դումանյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում` Հովհաննես Թոքմաջյանը, Գավառի պետական համալսարանում` Ռուզան Հակոբյանը: Ի դեպ, վերջինս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի զարմուհին է: Հիշեցնենք, որ վերոնշյալ բուհերի ռեկտորների պաշտոնավարման ժամկետը լրացել էր, քանի որ նրանք ռեկտոր էին դարձել 2006թ. մարտի 3-ին` 5 տարի ժամկետով: