Mediamax-ը` նոր ձեւաչափով

05/03/2011

«Մեդիամաքս» ընկերությունը սկսել է վերագործարկել իր` www.Mediamax.am կայքը, որը, սակայն, այսուհետ կհանդիսանա տեղեկատվական պորտալ` էլեկտրոնային թերթի տարրերով: «Մեդիամաքսը» ՀՀ մեդիա-շուկայում գործում է 12 տարի, ունի ուժեղ ապրանքանիշ եւ հարուստ փորձ: «Մենք որոշել ենք, որ ժամանակն է հանրությանը տեղեկատվություն ներկայացնել ոչ միայն ավանդական ԶԼՄ-ների միջոցով, այլեւ անմիջականորեն»,- ասել է «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը: Ընկերության առաջին ինտերնետային պորտալը` www.Auto.am-ը, գործարկվել է 2003թ.: Այսօր «Մեդիամաքս» ինտերնետ-հոլդինգը ներառում է 4 հաջողված եւ լավ մոնետիզացված նախագիծ` www.Auto. am,www.Banks.am, www. Itel. am եւ www.Bravo.am: «Մեզ հաջողվել է ստեղծել ՀՀ-ի ամենառեյտինգային պորտալները ավտոմեքենաների, ֆինանսական շուկայի, IT-ի եւ հեռահաղորդակցությունների, ինչպես նաեւ՝ ժամանցի ոլորտում: Վստահ ենք, որ www.Mediamax.am հասարակական-քաղաքական պորտալի գործարկումը կհամալրի հաջողված նախագծերի ցանկը եւ ավելի կամրապնդի «Մեդիամաքսի» դիրքերը ՀՀ ինտերնետային շուկայում»,- ասել է Ա. Թադեւոսյանը: Ինչպես եւ ընկերության մյուս ինտերնետային նախագծերի դեպքում, www.Mediamax.am պորտալում հիմնական շեշտը կդրվի սեփական եզակի բովանդակության վրա` նորություններ, վերլուծություն, բացառիկ հարցազրույցներ համաշխարհային առաջատար քաղաքական գործիչների հետ: «Մեդիամաքսը» նաեւ համագործակցության է հրավիրել տեղի եւ օտարերկրյա հեղինակներին, ովքեր պարբերաբար սյունակներ կգրեն www.Mediamax.am-ի համար: Պորտալում ներկայացված կլինի նաեւ լիցենզավորված արտասահմանյան բովանդակություն: «Մեդիամաքսը» «Project Syndicate» միջազգային սինդիկատի կողմից բացառիկ իրավունք է ստացել Հայաստանում ներկայացնել մեկնաբանություններ, որոնք գրում են համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի տնտեսագետներն ու քաղաքագետները: «Project Syndicate»-ը միավորում է շուրջ 500 ԶԼՄ աշխարհի 150 երկրներում: Բացի այդ, ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի (GMF) հետ պայմանավորվածությունների շրջանակներում «Մեդիամաքսը» բացառիկ իրավունք է ստացել ՀՀ-ում հրապարակել «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները` գրված հայտնի ամերիկացի, եվրոպացի եւ թուրք հեղինակների կողմից: