Ինչու են հայերը «կասկածող ման գալիս»

29/10/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Բնությունը դատարկություն չի հանդուրժում. այնտեղ, որտեղ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, պակասը լրացնում են ենթադրություններով:
Բերնարդ Շոու

Եթե ժամանակակից Հայաստանում փորձեք ուշադրություն դարձնել մարդկանց լեքսիկոնին, հաճախ կհանդիպեք այնպիսի ֆրազների, ինչպիսիք են. «հարց չկա», «վարիանտ չկա», «200%-ով համոզված եմ», «մեր դեմ խաղ չկա» եւ այլն: Այսինքն` ֆրազներ, որոնցից կարելի է ենթադրել, որ Հայաստանում բոլորն իրենց վերաբերող եւ չվերաբերող հարցերի մեջ համոզված են ու ինքնավստահ եւ որեւէ բանի մեջ որեւէ մեկը կասկած չունի: Այստեղ ոչ մի արտասովոր բան չէր նկատվի, եթե իրականում պատկերը հակառակը չլիներ: Որովհետեւ սկսած նրանից, որ ծնողները կասկածանքով են վերաբերվում իրենց երեխաներին (տեսնես ծխո՞ւմ է, թե՞ ոչ, որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է անցկացնում իր ժամանակը, դեբի՞լ ա, թե՞ փողով կարող ենք ընդունել բուհ) եւ վերջացրած քաղաքական եւ պետական ամենաբարձր ատյաններում մերձակա շրջապատում դավաճան փնտրելուց, հայերը բաժանվում են երկու մասի` կասկածողների եւ կասկածող փնտրողների: Քանի որ, ինչպես նշեցինք, խնդիրն ունի լայն տարածում մեր կյանքի տարբեր բնագավառներում, փորձենք վերլուծել սա, հենց այդ տեսանկյունից:

Մանկական կասկած. Սա անշուշտ ամենաանմեղ կասկածի ձեւն է (ինչպես եւ` մանկական ամեն ինչը), երբ երեխան իր համար կոնֆետ կամ խաղալիք չգնելու պատճառով սկսում է կասկածել իր ծնողների հարազատ լինելուն, կամ մի քանի ժամով հրաժարվում է իր այն ծնողից, որը նրան կրկես կամ կարուսել չի տարել: Տվյալ պարագայում ֆրազը հնչում է հետեւյալ կերպ. «Դու իմ պապան չես: Ես քեզ էլ չեմ սիրում: Իմ պապան Սերոժ ձյաձյան ա»:

Ընտանեկան կասկած. Երեխայի վերջին ֆրազը կարող է ունենալ շատ լուրջ հետեւանքներ: Հայ տղամարդկանց հիվանդագին խանդը (որը եվրաինտեգրման ճանապարհին բավականին լուրջ հիմքեր է ձեռք բերում, հաշվի առնելով ոչ միայն օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին «գրեֆ արվող պուտանկաների» քանակը, այլեւ «էլիտար տղեքի էլիտար սիրուհիներին», որոնց քանակն, ի դեպ, չի զիջում վերը նշվածների քանակին), կարող է հանգեցնել առանց այն էլ «մի բուռ ազգիս» ոչ քաղաքացիական, բայց, այնուամենայնիվ, հասարակության առաջնային բջիջ համարվող ընտանիքի քայքայմանը:

Ծնողական կասկած. Այս կասկածին մենք մի թեթեւ անդրադարձանք, սակայն ինչպես եւ յուրաքանչյուր ծնողական պրոբլեմ, այս պրոբլեմը եւս, մեծանում է երեխայի տարիքին համարժեք եւ իր գագաթնակետին է հասնում տղայի կամ աղջկա ամուսնությունից հետո, երբ ծնողի մոտ կասկածներ են առաջանում, որ իր զավակը աներոջը կամ, Աստված մի արասցե, զոքանչին ավելի շատ է սիրում, քան իրեն: Իհարկե, շատ ավելի տարածված է հարսի նկատմամբ մայրական խանդը (այս տիպի խանդը տարածված է միայն հայերի եւ հրեաների մոտ):

Գործնական կասկած. Սա այն դեպքն է, երբ երկու-երեք հայ երիտասարդներ, ովքեր երկար տարիներ մտերիմ ընկերներ են եղել, որոշում են փչացնել իրենց ընկերական հարաբերությունները, բայց ոչ միանգամից: Սկզբից նրանք իրար հետ գործ են դնում (կամ եթե նրանցից մեկը պաշտոնյա է, մյուսին իր մոտ գործի է ընդունում), հետո իրար հետ փող են աշխատում, հետո սկսում են դիմանալ: Բայց հետո մեկը որոշում է, որ «ինչքա՞ն կարելի է դիմանալ» ու մինչեւ կյանքի վերջ չի ներում իր «քցող» ընկերոջը: Իսկ մյուս ընկերը «իր մաքրության վրա կասկածող է ման գալիս»:

Երաժշտական կասկած. Մեր ազգը միշտ էլ տաղանդներ շատ է տվել: Սակայն տեսնելով եւ լսելով վերջին տարիներին «բուծված եւ բազմացված հայ աստղերին» (խոսքս ԱԼՄ-ի «ալմազնի ֆոնդի» մասին չէ) , ես ինքս սկսել եմ «ման գալ կասկածող ման էկողներին»: Որովհետեւ սրանից-նրանից երաժշտություն գողանալով եւ սրանից-նրանից անկապ եւ անիմաստ բառեր գնելով (էլ չեմ ասում սրա-նրա ոչ օդային «պաչիկին» արժանանալով), հնարավոր չէ երկար դիմանալ այդ ասպարեզում, որտեղ մի օր կստիպեն երգել առանց ֆոնոգրամայի: Ու հենց այդ պահին «մանթոն կխեղդի»։

Ոստիկանական կասկած. Կասկածում են ում պատահի, երբ պատահի եւ որտեղ պատահի: Չեն կասկածում միայն իրենց վերադասին:

Նախընտրական կասկած. Սա հենց այն կասկածն է, որ ունի ամենաիրական հիմքերը: Որովհետեւ անգամ «դաբրո» ունենալով` ոչ ոք համոզված չէ, որ` ա) չեն «քցի», բ) չեն բռնի, գ) չեն «քցի-բռնի», դ) չեն լցնի եւ ե) վերջին պահին չեն առնի «անկաշառ» ժողովրդի ձայները: Այնպես որ, այս պարագայում ոչ թե «կասկածող են ման գալիս», այլ` «չկասկածող»։

Քաղաքական կասկած. Այս դեպքը նախորդի օրգանական շարունակությունն է: Քանզի «Երեւան դարձած իմ Էրեբունիի» նման մի գիշերվա ընթացքում կոմունիստից ՀՀՇ-ական դարձած ապագա երկրապահները դեռ չգիտեն, թե որ կուսակցության անդամ են դառնալու իրենք, ասենք, 2008-ից հետո: Էլ չեմ ասում, այն «անաղուհաց …ների մասին», որոնք կարող են առանց «օֆ» ասելու` միանգամից վերցնել 250.000-300.000 դոլար ու, այդքանից հետո, էլի ասեն` հեռացի: Վերջիվերջո չմոռանանք, թե ինչի՞ կամ ո՞ւմ հետ են համեմատում քաղաքականությունը:

Սահմանադրական կասկած. Այս դեպքը ամենազվարճալին է: Քանզի իշխանությունները համոզված են, որ սահմանադրական փոփոխություններին ժողովուրդն ասելու է «այո» (համենայն դեպս, այդպես են ասում իրենք), բայց մեծ կասկածներ ունեն (համենայն դեպս, այդպես են իրենց պահում), իսկ ընդդիմությունը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններին ժողովուրդն ասելու է «ոչ» (համենայն դեպս, այդպես են ասում իրենք), բայց մեծ կասկածներ ունեն (համենայն դեպս, այդպես են իրենց պահում): Սա այն դեպքերից է, երբ յուրաքանչյուրը կասկածում է միայն իր ուժերի վրա, թեպետ եւ բարձրաձայն այդ մասին ոչ ոք չի խոսում:

Իսկ ես, լինելով լավատես, իհարկե, չեմ կասկածում ու ոչ էլ փորձում եմ կասկածող փնտրել, որ մենք անկասկած կտեսնենք այն օրը, երբ մեր երեխաները չեն կասկածի իրենց կնոջն ու ընկերոջը, չեն կասկածի իրենց ուժերի եւ Հայաստանի ապագայի վրա, քանզի մենք հայ ենք, եւ դրանում ոչ ոք չի կարող կասկածել:

Անկասկած լավատես հայ` Ա.Ք.