Ննջասենյակի փալասների մեջ «թաղված» Պավելի մարմինն աստիճանաբար մաշվելով՝ հավասարվում է մահճակալի մակերեսին: Պավելն ու մահճակալը ոխերիմ թշնամիներ են, որովհետեւ մահճակալն արդեն քանի տարի այս հիվանդ տղամարդուն մագնիսի պես քաշել է դեպի իրեն ու թույլ չի տալիս տեղաշարժվել: Երազում է մի օր գոնե մի քանի ժամով հեռանալ մահճակալից, բայց մարմինն ասես սարդոստայնի հանգույցի մեջ ընկած լինի, օր ու գիշեր գալարվում է ծուղակի մեջ: Մեկ տարուց ավելի չի կարողանում տեղաշարժվել:
Կինը` տիկին Մարջիկը, պարբերաբար «բզբզում» է վառարանը, որի ջերմությունն օդի պես անհրաժեշտ է հիվանդ, հյուծված ամուսնուն: Ասում է` «Ռեւմատոիդ պոլիարթրիտ հիվանդությունն ունի: Դեղորայքով քանի տարի կարողանում էր շարժվել, նույնիսկ աշխատել: Միշտ էլ ցավեր ունեցել ա, բայց դեղերով վիճակը կարգավորվել ա: Անցյալ տարի ընկավ ու անկողնուց էլ վեր չկացավ»: Կոտայքի մարզի Գառնի գյուղի ծայրամասում բնակվող ամուսիններն ասես էս աշխարհի երեսին եւ կան, եւ չկան: Ապրում են լուռ տառապանքով ու չեն հանդգնում ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջել: «Էլ չեմ դիմանում էս ցավին, սա աննկարագրելի տանջանք ա, թշնամուս չեմ ցանկանա, էս ցավը մարդուն սպանում ա»,- հեւալով խոստովանում է Պավելն, ում համար մանավանդ գիշերվա 12 ժամն անցնում է այնպես, կարծես դժոխքի կրակի մեջ այրվելիս լինի: 2-րդ կարգի ցմահ հաշմանդամության համար ստանում է ընդամենը 13.400 դրամ թոշակ: Ամսական մոտ 40.000 դրամ կազմող դեղորայքն անհրաժեշտություն է Պավելի սոսկալի ցավերը փոքր-ինչ մեղմելու համար, սակայն շատ հաճախ դեղորայքի բացակայությունից՝ ոսկորների ցավից «ոռնում» է: Ուզում է խոսել, բայց նվաղած ձայնը շշուկի է վերածվում, երբ նա ցավից մխրճվում է վերմակի տակ: Ասում է` «Ճիշտ ա, էս հիվանդությունն ունեցել եմ, բայց կարողացել եմ շարժվել, ամբողջ կյանքս օր ու գիշեր աշխատել եմ: Անցյալ տարի բժիշկը նշանակումներ արեց, ահագին, մի ցելոֆան դեղեր էին: Գառնիի դեղատնից առանք, ու սկսեցի էդ նշանակումներով ընդունել»: Բուժման կուրսը ստանալուն պես, դրական փոփոխության փոխարեն, Պավելն անկողին է ընկել, ու վիճակը ծայրաստիճան վատացել է: Հետագայում պարզվել է, որ դեղորայքը ժամկետանց է եղել ու հիվանդի վրա բացասական սուր ազդեցություն է թողել: Պավելի ոսկորները լրիվ ձեւախեղվել, ծռմռվել ու մաշվել են: Ձեռքի մատներն աննկարագրելի պատկեր են ստացել: «Սպասի, ոտքերը բացեմ, վիճակը տես: Ոսկորների վրա էլ ուժ ու հալ չի մնացել: Սա սարսափելի բան ագ»,- ասում է տիկին Մարջիկն, ով փորձում է դանդաղ ու զգուշավոր վերմակը քաշել ամուսնու մարմնից: Պավելը ցավից շնչահեղձ է լինում, երբ կինը փորձում է դիպչել ոտքերին։ «Թող, թող, մի կպիգ էն կողմ, գնա էն կողմ, չեմ դիմանում, ցավում ա»,- բղավում է 50-նն անց տղամարդը, ում աչքերը սուր ցավից թրջվում են: Մարջիկը շփոթմունքից այլայլված կանգնում է ամուսնու դիմաց ու չի կողմնորոշվում` օգնի, որ պառկի՞, թե՞ նույնիսկ չփորձի մատով դիպչել նրան: Պավելի մարմինը քարե կտորի նման չի տեղաշարժվում: Ծռված ոտքը մինչեւ ծունկը բացում է, որն ասես պատիժ լինի այդ տեսարանին ականատեսի համար: Հիվանդ այս տղամարդու ոտքերն այնպես են մաշվել, որ նորածնի ոտքի բարակություն են ստացել, իսկ այտուցված ծնկներն այնպիսի տպավորություն են թողնում, կարծես լիտրերով ջուր են ներարկել: Պավելը ցավից ոռնում է, չի կարողանում հարմարվել մահճակալի դիրքին: Ոսկորները ցավից մրմռում են: Բոլորս շունչներս պահած սպասում ենք Պավելի` ինչ-որ մի դիրքի հարմարվելուն. բոլորս մեղավորության զգացում ունենք՝ նրան տանջելու համար: Ասում է` «Հասկանո՞ւմ ես, մարմնիս վրա տեղ չկա, որ չցավի, ոչ կարողանում եմ նստեմ, ոչ պառկեմ, շատ սուր ցավ ա, որը երբեք չի հանգստանում: Սա պատմելու, նկարագրելու բան չի»: «Բժիշկներն ի՞նչ են ասում»,- հարցնում եմ:
«Դե, դեղերի ցուցակ են գրում, տալիս կնկաս ձեռն ու ուղարկում են»,- պատասխանում է: 2-րդ կարգի ցմահ հաշմանդամությամբ այս տղամարդուն անվճար հիմունքներով դեղորայք Գառնիի համապատասխան բուժհաստատությունը չի տրամադրում` պատճառաբանելով` «չենք ստանում»: «Հիվանդանո՞ց էլ չեք գնացել»,- զարմացած հարցնում եմ: Պավելն ասում է, որ հիվանդանոց ոտք դնելու համար փող է անհրաժեշտ, դրա համար էլ նախընտրում է տան պայմաններում ցավին դիմանալ ու սպասել ամենավատթարագույնին: «Խորհուրդն ի՞նչ ա, խորհուրդն էլ ա փողով: Որ գնում ա խորհուրդ հարցնելու, թե ինչ դեղ տա ինձ` դրա համար էլ են փող ուզում: Ես սենց անփող գնամ հիվանդանոց, իմ վրա ո՞վ կնայի»,- ասում է Պավելը, ում փորձում եմ բացատրել, որ ՀՀ Առողջապահության նախարարի հրաման կա, որի համաձայն` պոլիկլինիկ ծառայություններն անվճար են: Իսկ հիվանդանոցային պայմաններում բուժվելու դեպքում ցմահ հաշմանդամությունն արտոնյալ կարգավիճակ է տալիս: «Ախր ձեր հիվանդությունն էնպիսին չէ, որ ասենք` քաղցկեղ է, եւ ոչինչ անել հնարավոր չէ: Հոդային սրսկումներով կարող են ձեզ այդ սուր ցավերից ազատել: Փակվել եք տանն ու տանջվում եք»,- ասում եմ նրան, ով հեգնելով պատասխանում է` «Դուք ինձնից լավ գիտեք` ինչ ա կատարվում: Ո՞վ ինձ անկոպեկ կօգնի»: Ծանր հաշմանդամությամբ հիվանդի շուրջօրյա խնամքի պատճառով տիկին Մարջիկը չի կարողանում աշխատել: Հարցին, թե ինչպե՞ս են ապրում` ամուսինները չեն պատասխանում, որովհետեւ պատասխանը նույնքան ցավոտ է:
Պավել Ավետիսյանն ամբողջ կյանքում ծանր աշխատանք է կատարել: Աշխատել է «Հայկենցաղշին», «Հայգյուղշին» եւ մի շարք այլ հաստատություններում: Տարիների ընթացքում «սեւ» օրվա համար աշխատավարձի մի փոքր մասը կուտակել է «Հայխնայբանկում»: Սեւ օրը եկել է, բայց Պավելի աշխատած գումարները փոշիացել են: Պավելենց տուն սեւ օրն է եկել, որից պաշտպանվելու համար այս ամուսինները ոչինչ չեն անում, չեն պայքարում, չեն ընդվզում, փրկության «ճիչեր» չեն արձակում: Երկուսով Գառնիի երկար ձգվող ճանապարհին գտնվող տան սառնության մեջ դառնանում են: Պետությանը, բուժհաստատություններին անփող կարգավիճակով չեն հավատում: Պետությունը միայն փողով մարդկանց է հույս ներշնչում: