«Պարզապես տեղադրեք տեսախցիկը փողոցում եւ վայրկյաններ անց կտեսնեք, թե ինչպես է կյանքը վերածվում կինոյի: Դանդաղ քայլերով բանուկ ճանապարհը կանցնի, կյանքի բեռից հոգնած հայացքով ծերուկը, իսկ քիչ անց, երիտասարդների մի խումբ, բարձրաձայն ծիծաղելով, գրեթե անտեսելով ծերուկին, այդ նույն ճանապարհը կանցնի վազքով: Ի՞նչ է այս մի քանի րոպեանոց տեսարանը, եթե ոչ՝ կինո»,- ասում է ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, ով ունի իր ուրույն ձեռագիրը: Նոյեմբերին Հ. Մովսիսյանը Ղարաբաղում ներկայացրեց «Այբուբենը երգերի մեջ» երաժշտական ֆիլմը, որի 12 մասնակիցները 9-14 տարեկան ղարաբաղցի երեխաներ էին, ովքեր երգում են տառերի մասին: «Ֆիլմի պրեմիերայի օրը գերագույն հաճույք էի ստանում` հետեւելով դահլիճում նստած երեխաներին, հատկապես ֆիլմի մասնակիցներին, ովքեր պարզապես հրճվում էին` էկրանին տեսնելով իրենց հերոսներին` անիմացիայի համադրությամբ: Այդ ոգեւորությունն ու աչքերի փայլը տեսնելու համար միայն արժեր նկարահանել այդ երաժշտական ֆիլմը»,- ասում է ռեժիսորը։ Հ. Մովսիսյանի նկարահանած` Նունե Եսայանի «Սեր իմ» երգի տեսահոլովակը ժամանակին մեծ ուշադրության արժանացավ հանդիսատեսի կողմից: «Նունեի տեսահոլովակի սցենարի սյուժեն չափազանց արդիական է: Կնոջ համար, որի 30 տարին արդեն լրացել է, չափազանց կրիտիկական ժամանակահատված է: Նա գտնվում է կյանքի այն փուլում, երբ հաճախանում են «ինչո՞ւ եմ մինչ այժմ միայնակ», «ինչո՞ւ չունեմ ընտանիք, այնպես, ինչպես իմ տարիքի շատ կանայք», «միգուցե դատապարտված եմ մենությա՞ն» հարցերը: Այդ տեսահոլովակի մեր հերոսուհին մարմնավորում է կյանքում իր տեղը չգտած, 30-ն անց կնոջ, ով վերջապես հանդիպել է նրան, հանուն որի արժե ապրել: Եվ նա շտապում է դեպի իր կյանքի տղամարդը, ով այդպես էլ չի գալիս հանդիպման: Սակայն կինը ողջ էությամբ զգում է, որ չի ցանկանում վերադառնալ մենության գիրկը, եւ շարունակ սպասում է` վստահ լինելով, որ նա չի գա»,- ներկայացնում է Հ. Մովսիսյանը: Այդ տեսահոլովակի շարունակության նկարահանումներն առավել մեծ հետաքրքրություն առաջացրեցին: Առաջին անգամ Հայաստանում պատրաստվում են նախապես նկարահանել տեսահոլովակը, հետո միայն դրան համապատասխան կգրվի երաժշտությունը: «Տեսնելով, թե որքան հաջողված է ստացվել այս աշխատանքը, Նունեի հետ եկանք այն եզրահանգման, որ պետք է կրկին անդրադառնանք այս պատմությանը: Սակայն 2-րդ տեսահոլովակը, որ պատրաստվում ենք նկարահանել, իրականում ոչ թե շարունակություն է, այլ` սկիզբ: Այդ պատմության մեջ ներկայացնելու ենք այդպես էլ չկայացած ժամադրության նախորդ օրը: Բացահայտելու ենք, թե ինչո՞ւ չկայացավ հանդիպումը: Ուզում եմ նշել նաեւ տեսահոլովակի օպերատոր Սուրեն Թադեւոսյանի հոյակապ աշխատանքը: Սուրենն այն մարդկանցից է, ում կարող ես հանգիստ գովել, նա երբեք չի մեծամտանում այդ փաստից: Նա սիրում է սովորել եւ օր օրի աճում է օպերատորության բնագավառում»,- ասում է Հ. Մովսիսյանը:
– Ժամանակին աշխատել եք Հ1-ում, Հ2-ում եւ այլ հեռուստաընկերություններում` բարձր դիրքում: Սակայն արդեն վաղուց «ազատ նկարչի» կարգավիճակում եք: Չե՞ք հանդուրժում վերադասի առկայությունը:
– Չեմ կարծում, թե կա մեկը, ով կարող է ինձ վերադաս լինել: Չեմ գտնում այն մարդուն, ում հետ կկարողանամ համագործակցել: Ես իրապես պրոդյուսերի կարիք ունեմ: Այժմ ես եւ՛ պրոդյուսեր եմ, եւ՛ ռեժիսոր, եւ՛ սցենարի հեղինակ: Դա շատ վատ է: Պարզապես չկա մեկը, ում հետ կկարողանամ իրապես համագործակցել:
– Միգուցե բարդ բնավորությո՞ւն ունեք:
– Հիմա մենք միասին զրուցում ենք: Ի՞նչ եք կարծում` ես բա՞րդ մարդ եմ:
– Չափազանց հետաքրքիր զրուցակից եք: Սակայն, Ձեր բնավորության մասին կիմանան միայն Ձեր մտերիմները, հարազատները եւ, իհարկե, Դուք: Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները` որդու հետ, ով համառորեն չի ցանկանում զբաղվել ձեր մասնագիտությամբ:
– Տղաս չի ցանկանում լինել այս ոլորտում: Այդ փաստը, սակայն, ինձ չէր տխրեցնի, եթե նրա մեջ չզգայի եւ չտեսնեի տաղանդավոր ռեժիսորի, ով հետաքրքիր մտածելակերպ ունի: Ես ուզում եմ նրան փոխանցել իմ վարպետությունն այս բնագավառում, սակայն նա հրաժարվում է: Ասում է. «Պապ, այնքան գումար եմ աշխատելու, որ ուղարկեմ քեզ շուրջերկրյա ճանապարհորդության: Փարիզում քեզ համար տուն եմ գնելու»: Գիտի, որ անչափ սիրում եմ Փարիզը:
– Ռուսական շատ կինոգործիչներ, երգիչներ, բացի իրենց գործունեությունից, նաեւ բիզնեսով են զբաղվում: Դուք նման մտադրություն չունե՞ք:
– Տղաս ասել է. «Պապ, դու հանգիստ քո կինոն նկարի: Ես կապահովեմ քո ծերությունը»: Ես էլ չեմ մտածում, ասել է` թող ապահովի:
– Եվ Դուք հավատո՞ւմ եք:
– Նա այնպիսի վստահությամբ ասաց, որ նրան հավատալուց բացի՝ ինձ ոչինչ չմնաց: Քանի դեռ կարող եմ` կստեղծագործեմ: Բիզնեսը վատ բան չէ, պարզապես այդ ոլորտն իմը չէ: Ես էությամբ գործարար չեմ:
– Զարմանալի է, սակայն, երբ արվեստագետներին այդ հարցն ուղղում եմ, բոլորը բացասական ենթատեքստ են կարդում հարցի մեջ: Ասես գործարար ասելով` հասկանում են՝ «սպեկուլյանտ»: Սա հետք է, որ մնացել է խորհրդային տարիների մտածելակերպի՞ց:
– Չեմ կարծում: Ժամանակին մտադրություն ունեի սրճարան բացելու, բայց այնքան էի տարված ռեժիսորական իմ աշխատանքով, որ սրճարանի գաղափարն այդպես էլ օդում մնաց:
– Ցանկացած բնագավառում լինում են մարդիկ, ովքեր կոլեգային անսպասելի հարվածում են մեջքից: Սովորաբար այդ քայլին դիմում են նրանք, ում կողմից բացարձակ չես սպասում: Ձեր կյանքում նման դեպքեր շա՞տ են եղել:
– Ինձ ոչ միայն մեջքից են հարվածել, այլ եղել են դեպքեր, երբ բացահայտ կանչում էին եւ ասում. «Հեռացիր, դու մեզ խանգարում ես»: Սակայն նման դեպքեր տեղի էին ունենում խորհրդային տարիներին, երբ ես դեռ նոր էի սկսում եւ շատերի աչքի փուշն էի դարձել: Ես գիտեմ, որ կան շատ երգիչներ, ովքեր ցանկանում են ինձ հետ աշխատել: Գիտեմ նաեւ, որ քիչ չեն մարդիկ, ովքեր նրանց ետ են պահում այդ քայլից`ասելով. «Հրանտի հետ գործ չունեք, Հրանտը թանկաբազար ա: Մենք էժան գնով կնկարենք ձեր տեսահոլովակը»: Եվ նկարում են, եւ մենք տեսնում ենք այդ էժանագին արդյունքները:
– Միգուցե մրցակցության կանոննե՞րն են այդպիսին:
– Յուրաքանչյուր ոք գործում է իր մտավոր հնարավորությունների սահմաններում: Որքան էլ որ տվայտվեն, գլխից վերեւ չեն թռնի, քանի որ ինտելեկտը զրոյի է հավասար: Այո, ես թանկ տեսահոլովակներ եմ նկարահանում, սակայն այդ գումարը գրպանս չեմ դնում, այլ ծախսում եմ` մակարդակով աշխատանք ստանալու համար:
– Վերջերս կյանքից հեռացավ քանդակագործ Դավիթ Բեջանյանը, ում, հարազատներից եւ ընկերներից բացի, եկել էին հրաժեշտ տալու բազում երեւանցիներ: Ինչո՞ւ ենք մարդու հեռանալուց հետո միայն հասկանում նրա արժեքը:
– Զարմանալի է, բայց փաստ, շատ պաշտոնյաներ եւ օլիգարխներ հաճախ արհամարհում են արվեստագետներին` նրանց համարելով, ինչպես իրենք են արտահայտվում`«ցնդած արվեստագետներ»: Սակայն, երբ այդ պաշտոնյան կամ օլիգարխը մեռնում է, նրան պարտադիր թաղում են այդ արվեստագետի կողքին. պատիվ է: Այսօր, կյանքից հեռացած մեր արվեստագետների կողքին թաղված են ինչ-որ «չինովնիկներ», ում մասին այլեւս ոչ ոք չի հիշի: Այո, կյանքից հեռացավ իմ լավ ընկերը`քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Կենդանության օրոք նրան այնքան վատաբանեցին Առնո Բաբաջանյանի արձանի համար, որ խեղճ Դոդոն չգիտեր` ի՞նչ անել: Իսկ նա շատ նուրբ հոգի ուներ: Ես չգիտեմ, թե ե՞րբ ենք սովորելու մի փոքր բարի լինել միմյանց հանդեպ, ե՞րբ ենք հասկանալու, որ մարդուն պետք է գնահատել նաեւ կենդանության օրոք: Բոլորս էլ մեղսավոր ենք, սակայն պետք է մեր մեջ ուժ գտնենք մեղա գալու, ասելու` ներիր, քանի դեռ այդ մարդը քեզ լսում է:
Ես կարողանում եմ ներել մարդկանց, ես սովորել եմ ներել: Եթե ուժեղ ես` կկարողանաս արտահայտել` «ներիր» եւ «շնորհակալ եմ» շատ կարեւոր խոսքերը, որոնք մարդու համար են ստեղծված: