Մարզական շաբաթ

05/03/2011 Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Շախմատ

Էլինան եւ մյուսները

Քաթարում ավարտին մոտեցող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարում մեր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է հաղթանակներ տանել: Իններորդ տուրում նա տարավ արդեն յոթերորդ հաղթանակը, ինչն արդեն իսկ բացառիկ արդյունք է նման կազմ ունեցող մրցաշարի համար: Էլինայի վերջին «զոհը» էկվադորցի գրոսմայստեր Մարտա Ֆիերոն է: Մրցաշարի մեր մյուս մասնակիցը` Լիլիթ Մկրտչյանը, անհաջող սկզբից հետո կարողացավ երկու հաղթանակ տանել եւ նկատելի բարելավել իր դիրքերը: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Էլինա Դանիելյանը 7,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լիլիթի արդյունքը` 4 միավոր, նրան թույլ է տալիս ընդամենը բաժանել 7-8-րդ տեղերը: Նախավերջին տուրում մեր շախմատիստուհիները հանդես կգան սեւ խաղաքարերով. Էլինա Դանիելյանը կհանդիպի շվեդուհի Պիա Կրամլինգի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ հնդկուհի Հումփի Կոներուի հետ: Վերջինս, ի դեպ, առաջատարի հիմնական մրցակիցն է համարվում, քանի որ այս մրցաշարում տարած հաղթանակի դեպքում միայն կկարողանա մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Ստորեւ ներկայացված մրցաշարային աղյուսակից ակնհայտ է, որ հաղթողի հիմնական թեկնածուն Էլինա Դանիելյանն է: Անհամբեր կսպասենք:

1. Դանիելյան 7,5
2. Սեբագ 6,5
3. Կոներու 6
4. Ձագնիձե 5
5. Կրամլինգ 4,5
6. Չիբուրդանիձե 4,5
7. Ֆիերո 4
8. Մկրտչյան 4
9. Մունգունտուլ 3,5
10. Հու Յուհուա 3
11. Ստեֆանովա 3
12. Զհու Չհեն 2,5

Ֆուտբոլ

Առաջնությունը մեկնարկում է

Առաջիկա հանգստյան օրերին կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Ինչպես անցյալ տարիներին, այս տարի էլ երկրի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 8 թիմեր 4 շրջանով անցկացվելիք մրցաշարում: Մարտի 5-ին եւ 6-ին միմյանց հետ կմրցեն «Արարատ» (Երեւան)-«Բանանց» (Երեւան), «Միկա» (Երեւան)-«Շիրակ» (Գյումրի), «Իմպուլս» (Դիլիջան)-«Փյունիկ» (Երեւան) եւ «Գանձասար» (Կապան)-«Ուլիս» (Երեւան) թիմերը: Խաղերը կկայանան առաջինը նշված թիմերի դաշտերում: Առաջնության մեկնարկային երկու տուրերն անչափ կարեւոր են մարտի 26-ին կայանալիք ԵՎՐՈ-2012 ի Հայաստան-Ռուսաստան նախընտրական փուլի խաղի լույսի ներքո: Հայտնի է, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կորիզը երկրի բազմակի չեմպիոն «Փյունիկի» խաղացողներն են, եւ նրանց մարզավիճակը հավաքականի խաղում որոշիչ գործոն է լինելու: Այս առումով առանձնահատուկ նշանակություն են ստանում «Իմպուլս»-«Փյունիկ» եւ երկրորդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումները: Նկատենք, որ ԵՎՐՈ-2012-ում մեր առաջիկա մրցակիցների` Ռուսաստանի ներքին առաջնությունը մեկնարկելու է մարտի 12-ին: Այս փաստը մեզ համար նվազ կարեւոր չէ, այնտեղ են խաղում մեր հավաքականի առաջատարները, դարպասապահ Բերեզովսկին («Խիմկի»), եւ Մովսիսյանը («Կրասնոդար»):

Իսպանիայի առաջնություն
Բարսելոնան կրկին հաղթեց

Եվրագավաթների խաղարկությունում ստեղծված 20-օրյա դադարը ֆուտբոլասերների հոծ բազմության ուշադրությունը սեւեռեց Եվրոպայի առաջատար առաջնությունների վրա, որոնցից առավել դիտարժանն, անշուշտ, Իսպանիայի Պրիմերան է: Առաջատարի դիրքը «զավթած» «Բարսելոնան» մարտի 2-ին առաջնության 26-րդ տուրի խաղում Վալենսիայում 1:0 հաշվով հաղթեց տեղի թիմին եւ միավորների տարբերությունը իրեն հետապնդող Մադրիդի «Ռեալից» հասցրեց 10-ի: Իր հերթական՝ 26-րդ գոլը խփեց Լեո Մեսսին: Հաջորդ օրն իսկ մադրիդցիները պատասխան հաղթանակը տարան, քարը քարին չթողնելով, Մալագայից` 7:0: Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն եւ խփած 27 գոլերով միանձնյա գլխավորեց առաջնության ռմբարկուների ցանկը: Ի դեպ, ըստ նախնական տեղեկությունների, նա ծանր վնասվածք է ստացել:

Առաջնության ավարտից 12 տուր առաջ «Բարսելոնան» ունի 71 միավոր, նրան հետապնդող «Ռեալը»` 64, եւ, թվում է, չեմպիոնության համար մղվող պայքարում արդեն ինտրիգ չկա: Առաջատարը, սակայն, զգուշանալու տեղ ունի. ապրիլի 17-ին կայանալիք հերթական «կլասիկոն» տեղի է ունենալու «Ռեալի» դաշտում, եւ ցանկացած վրիպում, նախքան այդ խաղը, թիմերի միջեւ միավորների տարբերությունը կարող է կրճատել մինչեւ նվազագույնը:

Գերմանիայի առաջնություն

Բունդեսլիգայում խաղացված 24 տուրից հետո յուրատեսակ բուտերբրոդ է ստացվել, մրցաշարային աղյուսակը գլխավորում եւ եզրափակում են «Բորուսիաները», սակայն, եթե Դորտմունդի թիմի չեմպիոնությանը կասկածողներ արդեն չկան, նույնը չի կարելի ասել «Մյոնխենգլադբախի» մասին: Առաջնության ետնապահը մրցաշարի ավարտից 10 տուր առաջ «փրկարար»` 16-րդ տեղում ընթացող «Կայզերսլաուտերնին» զիջում է ընդամենը 5 միավորով եւ միանգամայն ընդունակ է տեղը պահպանել ուժեղագույնների խմբում: Առաջատարը` Դորտմունդի «Բորուսիան», երկրորդ տեղում ընթացող «Բայերից» 12 միավորանոց հեռավորություն է պահպանում: