«Սերվիսի Կարենն» ընտրվեց

03/03/2011

Երեկ ԱԺ-ն՝ 83 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ, Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան: Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնում առաջադրել էր կոալիցիան` ՀՀԿ առաջարկությամբ: Երեկ մինչ ընտրությունները նա ԱԺ-ում ելույթ է ունեցել` ներկայացնելով իր պատկերացումները ՄԻՊ գործունեության վերաբերյալ: Պարզվում է` նրա համար ՄԻՊ գործունեությունը «սերվիս» է. «Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ծառայություն է, սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով մեր համաքաղաքացիներին եւ ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ, բացի այդ՝ շահագրգռված, որ մեզ դիմումները շատանան, ինչպես ամեն ծառայության մեջ»: Նրա այս հայտարարությունից հետո երեկ պատգամավորները նրան արդեն անվանում էին «Սերվիսի Կարեն»: