Գնաճը կարող է որոշել ամեն ինչ

03/03/2011

Մինչ իշխանություններն ու ընդդիմությունը քննարկում են վերջին քաղաքական իրադարձությունները եւ կանխատեսումներ են անում առաջիկա զարգացումների վերաբերյալ, երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում սպառողական ապրանքների գների աճի վերաբերյալ հերթական ցուցանիշները, որոնք իրականում կարող են շատ ավելի ծանրակշիռ գործոն դառնալ նույն քաղաքական գործընթացների համար: Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, 12 ամսվա կտրվածքով գնաճը Հայաստանում կազմել է 12.4%։ Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին 15 տարիների կտրվածքով: Ավելին` պարենային ապրանքների գների աճը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 18.8%։ Իսկ փետրվարին հունվարի համեմատ գներն աճել են 1.9%-ով։ Այն դեպքում, երբ ընդամենը 3 օր առաջ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կանխատեսել էր, որ փետրվարին գնաճը կլինի 1%-ի շրջանակներում: Այսինքն` նույնիսկ գնաճի ցուցանիշների «հաշվարկման» ու «լավատեսական ներկայացման» գործընթացը դուրս է եկել իշխանությունների վերահսկողությունից, քանի որ ապրանքների գները խանութներում աճում են շատ ավելի արագ, քան վիճակագիրները կարող են «ճշգրտել» դրանք իրենց հաշվետվություններում: Իշխանությունները գործնականում չեն կարողանում որեւէ կերպ կանխել գնաճը, եւ դժվար է ասել, թե առաջիկայում այն ինչ ծավալների կարող է հասնել: Այնպես որ, առաջիկայում գնաճը կարող է դառնալ քաղաքական զարգացումների հիմնական կանխորոշիչը` խառնելով եւ իշխանությունների, եւ ընդդիմության հաշվարկները: