Փակուղում չէ

03/03/2011

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, նախկինում Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում կտրականապես հերքել է Հարավային Կովկասի քաղաքական շրջանակներում եւ մամուլում պարբերաբար հայտնվող այն պնդումները, թե հակամարտության կարգավորումը վերջնականապես փակուղում է հայտնվել: «Մենք փակուղում չենք, եւ դրա ապացույցը նաեւ համանախագահների վերջին հայտարարություններն են, որոնցում նրանք ասում են, թե վերջին հանդիպումների ընթացքում եւս առաջընթաց է գրանցվել»,- նշել է Բրայզան: Նաեւ հավելել է. «Հիմնվելով անձնական փորձառության վրա, որ ձեռք եմ բերել բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավված լինելու ընթացքում, նաեւ այն, ինչին ականատես եմ դառնում այսօր` որպես կողմնակի դիտորդ, այս ամենն ինձ թույլ է տալիս պնդելու, որ զգալի առաջընթաց է արձանագրվել: Եթե մենք հետադարձ հայացք ենք ձգում, թե ինչ վիճակում էր բանակցային պրոցեսը 2004թ. կամ 2005թ., ապա տեսնում ենք, որ այն ժամանակ բանակցային գործընթաց ընդհանրապես գոյություն չուներ: Բանակցությունները պարզապես կանգ էին առել: Դրանից ի վեր մի շարք կառուցողական եւ հուսադրող գաղափարներ են մշակվել: Այժմ պետք է մի փոքր էլ աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա: Կարող եմ ասել միայն, որ առաջընթաց եղել է եւ այժմ էլ այդ առաջընթացն արձանագրվում է»: Խոսելով Բաքվում իր պաշտոնավարման առաջնահերթությունների մասին` նա կրկին անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին` նշելով, թե բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ է աջակցել Մինսկի խմբում իրեն փոխարինած Ռոբերտ Բրադկեին: «Չկա ավելի կարեւոր խնդիր, քան ունեցած բոլոր հնարավորությունները կիրառելով՝ օժանդակել Մինսկի խմբին, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների միջոցով հասնել Lեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Սա անվտանգության ոլորտում մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն է: Լուրջ խնդիրներ կան, որ անհրաժեշտ է իրագործել էներգետիկայի ոլորտում: Այս տարին շատ կարեւոր է լինելու այն ընկերությունների եւ պետությունների համար, որոնք փորձում են ձեւավորել «Հարավային միջանցքը»` ադրբեջանական գազը մատակարարելով Եվրոպա: Վերջապես, հրատապ խնդիրներից մեկը նաեւ շարունակվող ազատականացման գործընթացի խթանումն է: Խոսքը հանրային ոլորտում, քաղաքական դաշտում, տնտեսությունում իրականացվելիք բարեփոխումների մասին է,- ասել է Բրայզան` հավելելով,- Այս երեք ոլորտներից թեկուզ մեկում արձանագրված առաջընթացը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ»: Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նման ծավալուն աշխատանքն իրականացնել պաշտոնավարման մեկ տարում, եւ արդյո՞ք նշանակման նման կարճ ժամկետը դեսպանին հետ չի պահում երկարաժամկետ ծրագրերում ներգրավվելու գաղափարից, Մեթյու Բրայզան պատասխանել է. «Ոչ, դա այդպես չէ: Ես երկար տարիներ աշխատել եմ այս աշխարհամասում: Կարող եմ ասել, որ առկա են բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ, որոնց իրագործումը ես սկսել եմ դեռ իմ նախորդ պաշտոնում գտնվելու ընթացքում: Իմ պաշտոնավարման ընթացքում ես շարունակելու եմ նախկինում սկսած գործը: Այն պայմաններում, երբ նախագահն արդեն իսկ կրկին առաջադրել է իմ թեկնածությունը, ԱՄՆ-ում գործող ժողովրդավարական համակարգն ու մեր երկրի Սենատը կորոշեն` արդյո՞ք ինձ պետք է հաստատել դեսպանի պաշտոնում, թե՞ ոչ: Ես այստեղ կաշխատեմ այնքան, որքան դա թույլ կտան ինձ մեր երկրի ժողովրդավարական գործընթացները»: