Երեկ ԱԺ-ն՝ 83 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ, Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան: Հիշեցնենք, որ վերջինիս թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնում առաջադրել էր կոալիցիան` Հանրապետական կուսակցության առաջարկությամբ: Երեկ մինչ ընտրությունները նա ԱԺ-ում ելույթ է ունեցել` ներկայացնելով իր պատկերացումները օմբուդսմենի գործունեության վերաբերյալ: Պարզվում է` նրա համար ՄԻՊ գործունեությունը «սերվիս» է. «Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ծառայություն է, սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով մեր համաքաղաքացիներին եւ ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ, բացի այդ՝ շահագրգռված, որ մեզ դիմումները շատանան, ինչպես ամեն ծառայության մեջ»: Ի դեպ, նրա համար կարեւոր են բոլոր իրավունքները, բայց «որպես խոսքի ազատության մասնագետ` առավել կարեւորում է խոսքի ազատության իրավունքը»: Հարկ է հիշեցնել, որ հենց նա էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծում փոփոխություն առաջարկեց, ըստ որի` զրպարտության եւ վիրավորանք հասցնելու դեպքում ֆինանսական պատժամիջոցներ պետք է կիրառվեն լրատվամիջոցների նկատմամբ: Անդրադառնալով այս առնչությամբ իրեն հասցեագրվող մեղադրանքներին, նա ասել է, թե տեղյակ է իր հեղինակած նախագծի վերաբերյալ լրատվամիջոցների ու լրագրողների դժգոհության մասին, սակայն օմբուդսմենի պաշտոնում հաստատվելու դեպքում պատրաստվում է ամեն ինչ անել, որ խոսքի ազատության «նորմը չչարաշահվի, այն չգործի ի չարս լրատվամիջոցների»: «Այդ իմաստով հնարավոր է, ինձ թվում է, գտնել Հայաստանում ոչ թե ծայրահեղ լրագրողներ, որոնք կարողանում են վիրավորանքի եւ զրպարտության ճանապարհով շանտաժի ենթարկել ցանկացած մարդու, քաղաքական գործչի, այլ գտնել այնպիսի լրագրողներ, որոնք դարձյալ ընդդիմադիր, թերեւս, կեցվածք ունեն, բայց չեն հատում այն սահմանը, որը կա»,- հայտարարել է Անդրեասյանը: Նաեւ հավելել է, թե «հասկանում» է, որ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող հեռու լինել քաղաքականությունից: «Եթե նույնիսկ ես չզբաղվեմ քաղաքականությամբ, քաղաքականությունը հաստատ կզբաղվի ինձնով: Ես հասկանում եմ նաեւ, որ քաղաքական գործընթացներում չկողմնորոշված, անորոշ վիճակը միգուցե կդիտարկվի որոշ մարդկանց կողմից լղոզվածության, ոչ սկզբունքայնության կամ որեւէ այլ դրսեւորում: Ես ոչ թե ի սկզբանե արդարանում եմ, այլ հասկանում եմ, որ այդ վտանգները միշտ կան»,- ասել է նա: ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե` իր կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներ, Կարեն Անդրեասյանը պատասխանել է, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար պետք է ծանոթ լինել ամեն կոնկրետ գործի. «Այսօր ես կօգտվեմ նախկին ՄԻՊ ձեւակերպումից, որ Հայաստանում դատական հարցերն ընդունված են, եւ դրանք իր` նախկին ՄԻՊ-ի համար վերջնական ակտեր են, որոնց վերաբերյալ ինքը չի կարող դիրքորոշում հայտնել: Ես, որ չեմ ուսումնասիրել այդ գործերը, իսկապես մասնագիտորեն կամ որպես ՄԻՊ, չեմ կարող հիմա այստեղ նման հայտարարություն անել եւ ընդունել այս կամ այն տեսակետը»: Ի դեպ, երեկ նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Քվեարկության արդյունքները հրապարակվելուց հետո նա օրենքով սահմանված կարգով երդում է տվել, այնուհետեւ մտել ՀՀԿ խմբակցություն, իսկ քիչ անց դուրս է եկել եւ շտապել հեռանալ խորհրդարանի շենքից: Հավելենք, որ ԱԺ անկախ պատգամավորները երեկ բոյկոտել էին Կ. Անդրեասյանին. Անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել էր, թե քանի որ Կ. Անդրեասյանն իրենց հետ չի հանդիպել, եւ իրենք չգիտեն, թե ով է նա, ապա չեն պատրաստվում մասնակցել նրա ընտրությանը: