Երեւանի քաղաքային իշխանությունների եւ կառուցապատողների ճարտարապետական մտքի փայլուն դրսեւորումներից է Պուշկին-Սարյան հատվածում՝ թիվ 29 դպրոցի հարեւանությամբ կառուցվող բարձրահարկ բնակելի շենքը: 4-5 ամիս առաջ, երբ շենքի 8-9-րդ հարկերն էին բարձրացնում, փլուզում տեղի ունեցավ: Մասնագետները, ոչ բացահայտ, այնուամենայնիվ, ասացին, որ դա անվտանգության նորմերը չպահպանելու հետեւանք էր: Իսկ շինարարության պատասխատուներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ պատասխանեց, թե՝ «շինարարության մեջ ամեն ինչ էլ պատահում է»: Այս նույն պատահականությամբ այդպիսի մի «թեթեւ» դեպք կարող է ճակատագրական լինել մի աշակերտի, բնակչի կամ պարզապես մի պատահական անցորդի համար: Մանավանդ, որ շենքը կառուցվում է դպրոցից ընդամենը կես մետր հեռավորության վրա, ուղիղ Սարյան փողոցի վրա եւ Պուշկին 51 բնակելի շենքին կպած: Իսկ երեկ մեր այցելության պահին վերեւի հարկերից քարեր էին ընկնում դպրոցի ցածր շինության ու փողոցի վրա: Փլուզման ժամանակ խոսակցություն եղավ այն մասին, որ այդ շենքը կառուցվում է առանց օրինական փաստաթղթերի:
Մեր ունեցած տվյալներով` այդ շենքի սեփականատերերն են Ոստիկանության Նոր Նորքի Քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Սիմոն Աղազարյանը եւ նույն համայնքի Ոստիկանության բաժնի ներկայիս պետ գնդապետ Լեւոն Յազիչյանը: Չար լեզուներն ասում են, որ տարիներ առաջ Ս. Աղազարյանին եւ նույն բաժնի օպեր-լիազոր Տիգրանին կաշառակերության եւ ոստիկանության պատիվն արատավորելու համար Ոստիկանության համակարգից հեռացրել են:
«Տիգրանին դատել են, իսկ Ս. Աղազարյանը կարողացել է դուրս պրծնել,- ասում է մեր աղբյուրը: -Նրան օգնել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը, որը Աղազարյանի գործընկեր ու մանկության ընկեր Լեւոն Յազիչյանի փեսան է: Այդ շենքի կառուցման օրինականության համար հետաքրքրվել են նաեւ Ազգային անվտանգության ծառայությունից եւ Ոստիկանության 6-րդ վարչությունից: Բայց Երիցյան Արմենը բոլորի բերանը փակել է: Երբ Ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն Աղազարյանի վերաբերյալ դիմում-բողոքներ են գնացել եւ անցկացվել է ծառայողական քննություն, նա ընդամենը կարգապահական տույժերի է ենթարկվել»:
Մի կերպ հնարավոր եղավ հեռախոսազրույց ունենալ միայն Ս. Աղազարյանի հետ:
«Էս անգամ ո՞վ ա զանգել, Ազգային անվտանգությունն էլ ա նայել, 6-րդ վարչությունն էլ ա նայել, հիմա դուք ի՞նչ եք ուզում,- մոտավորապես այսպես պատասխանեց նա: -Ձեզ ինչ-որ բան ա պետք, գնացեք քաղաքապետարանից ու քաղաքաշինությունից իմացեք: Ես ձեզ ասելու բան չունեմ»:
Փորձեցինք, այնուամենայնիվ, ճշտել, թե ի՞նչ թույլտվություն ունեն, կամ ինքը՝ Ս. Աղազարյանը որքա՞ն մասի սեփականատերն է:
«Շատ հարցեր չտվեցի՞ք,- պատասխանեց նա: -Ես ձեզ ինտերվյու չունեմ տալու, իմ իրավաբանը ձեզ կտեսնի: Ես ձեզ մի բան ասեմ, համապատասխան մարդիկ ձեր հետ կխոսեն, ու դուք սուս կմնաք»:
Չսպասեցինք, մինչեւ համապատասխան մարդիկ մեզ տեսնեն, նրանց տեսնելու համար ինքներս այցելեցինք «դեպքի վայր»: Շինարարներից փորձեցինք տեղեկանալ, թե շինարարության համապատասխան օրինական թույլտվություն կա՞, թե՞ ոչ, ինչքանո՞վ է այն համապատասխանում քաղաքաշինական նորմերին, եւ որքանո՞վ են պահպանվում անվտանգության նորմերը: Շենքի կառուցման պատասխանատուներից մեկը, որը ներկայացավ որպես Աշոտ Գարեգինիչ, տեղեկացրեց, որ կառուցողը «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ-ն է, տնօրենը Գագիկ Պապոյանն է, ու կառուցապատման թույլտվության բոլոր փաստաթղթերը նրա մոտ են: Փորձեցինք հեռախոսազրույց ունենալ Գ. Պապոյանի հետ: Աշոտ Գարեգինիչը զանգահարեց, տեղեկացրեց մեր այցելության մասին, բայց պարոն Պապոյանը չցանկացավ թեկուզ հեռախոսով խոսել մեզ հետ: Նրա այդ դժկամությունից ազդված՝ մյուս շինարարներն էլ զգացնել տվեցին, որ այլեւս չեն ուզում խոսակցությունը շարունակել: Ուղղակի ներկայանալ չցանկացող շինարարը հասցրեց տեղեկացնել, որ երկար տարիների մասնագետ է: Իսկ մեր այն հարցին, թե երկար տարիների շինարարի կարծիքով` դպրոցին այդքան մոտ եւ բնակելի շենքին կպած եւս մի բարձրահարկ շենք կառուցելը համապատասխանո՞ւմ է արդյոք քաղաքաշինության նորմերին, այսպես պատասխանեց. «Դա իմ գործը չէ, դրանով գծագրողներն են զբաղվում: Ես կոնստրուկտորն եմ»:
Հիմա այդ բարձրահարկ շենքին ուղղահայաց գցել են նաեւ մեկ այլ շենքի հիմքերը, որն իր երկարությամբ զուգահեռ է դպրոցին: Շատ հնարավոր է, որ կառուցապատողները շինարարության թույլտվության բոլոր փաստաթղթերն արդեն ձեռք են բերել, որ քաղաքային իշխանությունների կողմից ստորագրված ու կնքված թուղթը, ի գիտություն կասկածողներին, նշանակում է համապատասխանություն քաղաքաշինության նորմերին: Իսկ թիվ 29 դպրոցի ցածր դասարանի աշակերտները չէին կարողանում հասկանալ, թե այդ ո՞ր օրենքն ու նորմերն են թույլ տալիս, որ իրենց դպրոցից ընդամենը կես մետր այն կողմ բարձրահարկ շենք կառուցեն: Նրանք մտահոգ էին, թե այսուհետ ինչպե՞ս պիտի իրենց դասարանների պատուհանները բացեն: «Մեր դասարանի պատուհանն էլ չենք կարողանա բացել,- ասում էր Արամը: -Որ բացենք` կկպնի էդ շենքի պատին»:
«Մենք վեց դասարան ու մի դահլիճ ենք կորցնում այդ շենքի պատճառով,- ասաց դպրոցի փոխտնօրեն տիկին Նազարյանը:- Շատ ենք բողոքել, բայց չեմ հավատում, թե օգուտ կտա: Քաղաքապետարանից էլ, թաղապետարանից էլ եկել, նայել, գնացել են, բայց ոչինչ չի փոխվել»:
«Քաղաքաշինության այդ նորմերից» դժգոհ էին նաեւ Պուշկինի 51 շենքի բնակիչները: Նորակառույցը սպառնում է լուսավորությունից զրել նաեւ բնակարաններին: Բնակիչները բողոքում էին, որ իրենց բակում այլեւս շարժվելու տեղ չունեն: Իսկ նույն շենքի Սարյան փողոցի հատվածի բնակարաններից շատերն ունեին նոր սեփականատերեր: Նախկինները` չդիմանալով շինարարության սեփականատերերի, իրենց ասելով, լկտիությանը՝ վաճառել-գնացել են: Իսկ նորերը գոհ են, որովհետեւ շինարարներն իրենց բնակարանների փակած պատուհանի փոխարեն` դեպի բակ նայող նոր պատուհաններ են բացել ու իրենց հաշվին բնակիչների համար պատշգամբներ կառուցել: