Գնաճի «նեղ տեղերը»

03/03/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հայաստանում որքան շատ են խոսում գնաճի մասին, այնքան այն բարձրանում է՝ նորանոր բարձունքներ նվաճելով։

Այսպես, երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) «ավետեց» գների աճի փետրվարյան նոր ռեկորդի մասին՝ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 112.4։ Եթե ավելի պարզ ասենք, ապա 12 ամսվա կտրվածքով գնաճը մեր հանրապետությունում 12.4% է։ Սա իրոք ռեկորդային ցուցանիշ է։ Ընդ որում, ռեկորդները միայն 12-ամսվա կտրվածքով չեն։ ԱՎԾ-ն հաշվարկում է գների աճը նաեւ նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ։ Այդ ցուցանիշով գնաճն այս տարվա փետրվարին կազմել է 4.8%։ Սա վերջին 15 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

Եվ վերջապես՝ գնաճը գերազանցել է բոլորի «սպասելիքները» նաեւ ամսական հաշվարկի (տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա համեմատ) տեսակետից։ Փետրվարին հունվարի համեմատ գնաճը կազմել է 1.9%։ Անգամ ֆինանսների նախարարությունում նման բան չէին սպասում։ «Հայաստանում հունվարին գրանցվել է 2%-ից ավելի գնաճ, իսկ ըստ գնահատականների, փետրվարին գնաճը կլինի 1%-ի շրջանակներում, ինչը, բնականաբար, կառավարությանը մտահոգվելու տեղիք է տալիս»,- ընդամենը 3 օր առաջ լրագրողներին ասել էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Վերը նշված պատկերն առավել տխուր է դառնում, եթե նկատի ունենանք, որ պարենային ապրանքների (այդ թվում՝ սննդի) գներն ավելի շատ են թանկացել։ Եթե սպառողական ապրանքների գները 12 ամսվա կտրվածքով աճել են 12.4%-ով, ապա պարենային ապրանքները նույն ժամանակահատվածում թանկացել են 18.8%-ով։ Եվ սա՝ միայն պաշտոնական վիճակագրության համաձայն։ Պարենային ապրանքների գների թռիչքն ամենից շատ ազդում է սոցիալապես անապահով խավի վրա, որոնց եկամտի հիմնական մասն ուղղվում է սննդին։ Այսինքն, Հայաստանի աղքատ բնակչությունը վերջին մեկ տարվա ընթացքում շատ ավելի է աղքատացել։

Կենտրոնական բանկը փորձում է ինչ-որ բան անել գնաճը զսպելու համար, քանի որ դա այս կառույցի օրենսդրական պարտավորությունն է։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԿԲ-ն դա չի կարողանում անել, միգուցե այն պատճառով, որ ԿԲ ունեցած լծակները շատ թույլ են։ Վերաֆինանսավորման տոկոսադրույք բարձրացնելով՝ փողը տնտեսությունից «քաշելը» առայժմ ոչ մի օգուտ չի տալիս։

ԿԲ-ն ինքն էլ խոստովանում է, որ միայնակ ոչինչ անել չի կարող, եւ կառավարությունը նույնպես պետք է այս ուղղությամբ աշխատի։ Կառավարությունն էլ, իր հերթին, նշում է, որ «ոչ ընդլայնողական» հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է գնաճի մեղմմանը։ «2009թ.-ին 7,5%-անոց բյուջեի դեֆիցիտից անցում ենք կատարում նվազման, եւ մի քանի տարիների ընթացքում մինչեւ 5% պետք է նվազեցնենք` հասնելով 2,1%-ի, ինչն այլ երկրների հետ համեմատած՝ շատ արագ դեֆիցիտի նվազման ցուցանիշ է»,- օրերս ասել էր ֆինանսների փոխնախարարը։

Ստացվում է, որ ԿԲ-ն եւ կառավարությունը համատեղել են ջանքերը՝ գնաճի դեմն առնելու համար, սակայն ոչինչ անել չեն կարողանում։ Մինչդեռ կան մարդիկ, ովքեր համոզված են հակառակում՝ կառավարությունը կարող է մեղմել գնաճը, սակայն չի ցանկանում։ Այդպես է կարծում, օրինակ, Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Նրա խոսքով` կառավարությունը պետք է նվազեցնի մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մաքսազերծման արժեքը. «Օրինակ` լոլիկի կամ վարունգի նկատմամբ 2,2 դոլար մաքսավճար է, ցորենի նկատմամբ` 0,25 դոլար: Անհրաժեշտ է այդ մաքսերը նվազեցնել, որպեսզի գինը նվազի: Միեւնույն ժամանակ` պետք է եւ ցորենի, եւ բանջարեղենի, եւ բոլոր տեսակի բուսական ու կենդանական յուղերի արտադրությունն ընդլայնել»: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ, օրինակ, նշել էր, որ Հայաստանում գնաճը զսպելու համար անհրաժեշտ է երեք քայլ` ապամենաշնորհացում, մեծածախ եւ մանրածախ վաճառքի գների տարբերության փոքրացում, եւ առեւտրի մոտ 70-80 տոկոսը մանր ու միջին խանութների միջոցով կատարելու իրողության ապահովում: Ըստ Բագրատյանի` Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ոչ միայն որեւէ քայլ չեն կատարում, այլեւ ամրապնդում են մենատերերի դիրքերը:

Ավելի վաղ գնաճի մասին խոսել էր «Սթար» խանութների ցանցի տնօրեն Վահան Քերոբյանը։ Նա նույնպես կառավարության ուշադրությունը հրավիրել էր մենաշնորհային ապրանքների վրա։ Սակայն, ի տարբերություն Բագրատյանի, «Սթարի» տնօրենն առաջարկում էր վերացնել մատակարարման միջանկյալ շղթաները (ներմուծողներին) եւ ստեղծել պայմաններ, որպեսզի սուպերմարկետներն իրենք արտադրողներից անմիջապես ստանան առաջին անհրաժեշտության ապրանքները։ Այսինքն, նա էլ առաջարկում է ավելի՛ ուժեղացնել սուպերմարկետների ազդեցությունը։

Իսկ ի՞նչ է կարծում կառավարությունը։ Ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանի խոսքով, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հնարավոր է ազդել պահանջարկի վրա։ Սակայն գնաճի վրա ոչ պակաս չափով ազդում է նաեւ առաջարկի գործոնը։ Առաջարկի տեսակետից, ըստ Վ.Գաբրիելյանի, կառավարությունը երկու որոշում է կայացրել։ Առաջինը վերաբերում է գյուղատնտեսությանը, քանի որ գյուղատնտեսական ապրանքներն ամենից շատ են թանկացել դեֆիցիտի պատճառով։ Կառավարությունը մտադիր է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական ոլորտում ավելի մեծ քանակությամբ ցանքատարածություններ ունենալու եւ բերքատվությունը բարձրացնելու ուղղությամբ: Այդ նպատակով կառավարությունը հաստատել է գարու, եգիպտացորենի ցանքատարածությունների մեծացման եւ գյուղացիներին անվճար սերմացու տրամադրելու ծրագրերը, ինչը, նախարարի գնահատմամբ, հնարավորություն կտա ավելացնել գյուղատնտեսական արտադրանքը եւ մեղմել առաջարկի գործոններով ճշտված գնաճը:

Իսկ երկրորդ գործոնը, ըստ էության, մենաշնորհների դեմ պայքարն է։ «Բացի դրանից, թե ՏՄՊՊՀ-ն, թե կառավարությունն առավել մեծ ուշադրություն կդարձնեն առեւտրի կազմակերպմանը` գների մոնիտորինգ անցկացնելու եւ մատակարարման շղթայում առաջացած «նեղ տեղերի» բացահայտման, ինչպես նաեւ՝ գնաճի նվազեցման առումով»,- ասել է նախարարը։

«Նեղ տեղերը», ինչպես հասկացաք, հենց մենաշնորհային գործոններն են, որոնք, չարաշահելով իրենց գերիշխող դիրքը՝ կարողանում են բարձրացնել գները եւ գերշահույթներ ստանալ։ Չնայած վիճելի ձեւակերպում է՝ դրանք «նե՞ղ տեղեր» են, թե՞ հակառակը` լավ էլ «լեն» տեղեր։ Ինչեւէ, կառավարությունը կամաց-կամաց սկսում է ընդունել, որ գների կայունության ապահովումը հիմնականում կախված է ոչ թե ԿԲ-ի, այլ ի՛ր գործունեությունից։

Ընդունելը՝ ընդունում են, սակայն այլ հարց է՝ կոնկրետ քայլեր կիրականացվե՞ն, թե՞ կլինի՝ ինչպես միշտ. միայն գեղեցիկ խոսքեր։ Ամեն դեպքում, Կենտրոնական բանկը այսուհետ կարող է հանգիստ շունչ քաշել, իմանալով, որ գնաճի համար թուքումուրը միայն ինքը չի ուտելու։ Ոչ միայն կարող են հանգիստ շունչ քաշել, այլեւ զբաղվել ուրիշ, ավելի հաճելի բաներով։ Ընդ որում, ասվածն արդեն արվում է. մարտի մեկին ԿԲ Խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագիրը եւ ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ծաղիկների գեղեցկությունը» հուշադրամների շարքի «Քրքում ադամիի» հուշադրամի դիմերեսի եւ դարձերեսի ուրվագծերը: