ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի եւ Ոստիկանության` Արաբկիրի բաժնի այլեւս նախկին պետ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ միջնորդագիրը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին փետրվարի 23-ին ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրվել է Ա. Հովսեփյանի ներկայացրած միջնորդագիրը` էական կրճատումներով, ինչպես նշված է` «չխախտելու համար նախաքննության գաղտնիությունը»: Ա. Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրում ասված է. «ՀՀ քր.օր-ի 104-րդ, 235-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի եւ չպարզված անձանց հետ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետեւ Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած Երեւանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա, դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից: Լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաեւ` խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածների 4-րդ մասերով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում»: (Այնուհետեւ միջնորդագրում ներկայացվում են փաստեր` Ոստիկանության` Արաբկիրի բաժնի եւ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների մասին): «Այսպիսով` Հովհաննես Թամամյանը եւ Վարազդատ Ադամյանը, իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը: Բացի այդ` նկատի ունենալով, որ Հ.Թամամյանը եւ Վ.Ադամյանը, իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով, կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության իրականացմանը` ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածների կարգով միջնորդել է ՀՀ ոստիկանության պետին` քննարկել ներկայացված միջնորդագրում արծարծված հարցերը եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` ՀՀ ոստիկանության համակարգում թույլ տրված վերոհիշյալ եւ նմանօրինակ խախտումները կանխելու, այդպիսիք վերացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ` լուծել այդ խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց, մասնավորապես` ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ Ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը»: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազը Ա. Սարգսյանին միջնորդել է փետրվարի 23-ին, իսկ փետրվարի 26-ին Հ. Թամամյանն ու Վ. Ադամյանն արդեն աշխատանքից ազատվել էին: