Անելիքը գիտե՞ն, բայց չեն ասում

03/03/2011

ՀԱԿ ծավալած քաղաքական գործընթացը շատ արագ ցույց կտա իր արդյունքները: Այդ մասին երեկ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը: Հարցին, թե ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, եթե իշխանություններն իրենց պահանջները չկատարեն, Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Մի բան կարող եմ ասել, որ այդ օրը մենք կունենանք եւ՛ ասելիք, եւ՛ անելիք»: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պահանջների չկատարման դեպքում Կոնգրեսը կարող է սկսել ամենօրյա հանրահավաքների շարք: Այս հարցին ի պատասխան՝ Զուրաբյանն ասել է. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ իշխանությունները շանս ունեն լուրջ քաղաքական գործընթացի մեջ ընդգրկվելու, պահանջները կատարելու եւ երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծելու, որը արագ կբերի ժողովրդի ցանկությունների իրականացմանը»: Մեկնաբանելով Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացրած պահանջների վերաբերյալ իշխող կոալիցիայից հնչած արձագանքները, մասնավորապես, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը` թե պետք չէ իրենց հետ վերջնագրերի լեզվով խոսել, Լ. Զուրաբյանը խորհուրդ է տվել շատ լուրջ չվերաբերվել «առաջին ռեակցիային»: «Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն էլ հասկանում է՝ ինչքան ծանր է սոցիալական վիճակը երկրում, եւ հենց իր շահերից է բխում՝ ինչ-որ քայլեր կատարել իրավիճակը մեղմելու նպատակով: Եթե հիշում եք, Մուբարաքն էլ էր խոսում շատ հոխորտալից լեզվով, նույնպես ասում էր, որ իրեն պետք չէ ուլտիմատումներ ներկայացնել, բայց, ի վերջո, ստիպված էր զիջել: Այնպես որ, ես կարծում եմ, որ քաղաքական գործընթացը, որը մենք ծավալում ենք երկրում, շատ արագ ցույց կտա իր արդյունքները»,- ասել է նա` ավելացնելով, որ մարտի 17-ին ՀԱԿ-ի հանրահավաքում կվերլուծեն, թե ներկայացրած պահանջներից ո՞ր մասն է կատարվել, եւ ըստ այդմ կգործեն: Անդրադառնալով ՀԱԿ հանրահավաքներից հետո դրա մասնակիցների թվի վերաբերյալ Ոստիկանության տարածած հաղորդագրություններին, Լ. Զուրաբյանն ասել է, որ ՀՀ Ոստիկանությունը «միայն ՀԱԿ-ին է դիտարկում որպես իրական վտանգ այս իշխանություններին»: Նա նկատել է, որ օրինակ` փետրվարի 28-ին Մատենադարանի մոտ «Ժողովրդական կուսակցության» հրավիրած հանրահավաքի մասին ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունից ընդամենը տեղեկանում ենք, որ հանրահավաքը սկսվել է ժամը 15։25-ի սահմաններում, հասարակական կարգի որեւէ խախտում տեղի չի ունեցել, եւ հանրահավաքն ավարտվել է ժամը 16։25-ին: Մասնակիցների թվի մասին ոչ մի տեղեկություն նշված չէ: Մինչդեռ ՀԱԿ-ի հանրահավաքների մասին հաղորդագրություններում պարտադիր նշվում է մասնակիցների մոտավոր թիվը: Մինչդեռ, ըստ Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, մարտի 1-ի հանրահավաքին մասնակցել է 9-10 հազար մարդ: Նա ասել է, որ ՀՀ ոստիկանությունը, շեղվելով օրենքով ու սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթից եւ ծառայելով որպես իշխանության գործիք, զբաղված է քաղաքական գործառույթներով, այդ թվում նաեւ՝ իր վրա է վերցրել քարոզչական ֆունկցիաներ: «Այդ քարոզչության մի մասը կազմում են այդ կեղծ տվյալները, որոնք Ոստիկանությունը տալիս է ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքներին մասնակցած մարդկանց թվի վերաբերյալ` մշտապես 5-6 անգամ նվազեցնելով իրական թիվը: Քանի որ աշխարհում ընդունված է հղում կատարել Ոստիկանության տվյալների վրա, դրանով իշխանությունները հույս ունեն` միջազգային հանրությունից թաքցնել ՀՀ-ում կատարվող իրադարձությունների իրական ծավալը»,- ասել է նա: