«Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` ՀՀ տարածքում Դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով: Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միավորմանը (ՀԿ ԲՀՄՄ) կից: Այդ միավորման տարածած հաղորդագրության համաձայն` Կենտրոնական կազակական զորքը (ԿԿԶ) ՌԴ-ի 11 ցուցակագրված կազակական զորքերից մեկն է, ՌԴ արդարադատության նախարարության կողմից անցյալ տարի ընդգրկվել է Կազակական կազմակերպությունների պետական ռեգիստրում: ԿԿԶ-ի զորական ատաման Վալերի Նալիմովը ՌԴ նախագահին կից կազակության հարցերով խորհրդի անդամ է: «Դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ավանդ կհանդիսանա ՌԴ-ի եւ ՀՀ-ի կազակական կազմակերպությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում, իսկ մեծ հաշվով` նաեւ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ»,- ասել է ՀԿ ԲՀՄՄ-ի նախագահ Կարապետ Զադոյանը: Կարելի է շնորհավորել ՀՀ իշխանություններին. նրանց հետեւողական ջանքերի շնորհիվ նույնիսկ կազակները ՀՀ-ին վերաբերվում են որպես ռուսական գուբերնիաներից մեկին: Դժվար է պատկերացնել, որ մեր իշխանությունները կհամարձակվեն մերժել կազակ եղբայրների խնդրանքը: