Եվգենի Պրիմակով. «Արաբական հեղափոխությունները պայմանավորված են սոցիալական պատճառներով»

03/03/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

ՌԴ նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար, ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Ռուսաստանի առաջատար արեւելագետներից մեկը համարվող Եվգենի Պրիմակովը երկուշաբթի օրը մամուլի ասուլիս էր հրավիրել, որն, ի թիվս այլ հարցերի, նվիրված էր նաեւ այսօր աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացներին: Ընդ որում` Պրիմակովն ընդգծեց եւ լրագրողներին խնդրեց հաշվի առնել, որ ինքը չի արտահայտում ո՛չ Ռուսաստանի իշխանությունների, ո՛չ որեւէ կուսակցության կամ գիտական այս կամ այն շրջանակների, ո՛չ հասարակայնության դիրքորոշումը կամ տեսակետը, եւ հանդես է գալիս ու պատասխանում հարցերին միմիայն իբրեւ մասնավոր անձ: Ստորեւ ներկայացնում ենք մամլո ասուլիսի ընթացքում հնչած հարցուպատասխաններից մի քանիսը:

– Պրն Պրիմակով, ի՞նչ է կատարվում Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Կարելի՞ է արդյոք այդ գործընթացները համարել փոխկապակցված, կազմակերպված արտաքին աշխարհից:

– Գործընթացները, որոնց մասին խոսում եք, իմ կարծիքով՝ պայմանավորված են սոցիալ-տնտեսական պատճառներով: Մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած անկարգությունները, հեղափոխությունները դրսից չեն հրահրվել կամ պլանավորվել ու կազմակերպվել: Դրանք ներքին իրադարձություններ են: ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի մոտ, օրինակ` Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները շոկ, իսկական շոկ առաջացրեցին: Եվ դա օրինաչափ է. Եգիպտոսի եւ Թունիսի ղեկավարները ԱՄՆ-ի համար շահավետ հակաահաբեկչական քաղաքականություն էին վարում` Վաշինգտոնի համար խոչընդոտներ կամ նույնիսկ աննշան խնդիրներ չհարուցելով: Նման դաշնակիցների` իշխանությունից հեռացվելը տհաճ անակնկալ եղավ օվկիանոսի այն կողմում գտնվողների համար: Սակայն շոկը արագ անցավ, եւ ամերիկացիները դինամիկ կերպով ներգրավվեցին այդ գործընթացում: Ընդ որում` նրանց առջեւ այնքան էլ հեշտ խնդիր չէր դրված. հարկ էր պահպանել ժողովրդավարության կողմնակցի, պաշտպանի իմիջը, մյուս կողմից` այդ պետություններում իշխանության ղեկին թողնել այն ուժերին, որոնք ի վիճակի են եւ պատրաստ են պաշտպանելու Ամերիկայի շահերը: Նրանց հաջողվեց լուծել դրված խնդիրները:

– Ըստ Ձեզ` ո՞րն է ողջ տարածաշրջանն ընդգրկած անկայունության նման շղթայի պատճառը:

– Արաբական հեղափոխությունների պատճառը նախ եւ առաջ սոցիալ-տնտեսական է: Այնտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել` իրենց անհեռանկար դրությունից դրդված: Այլ կերպ ասած` այնտեղ ժողովրդական զանգվածներին առաջ է մղում սոցիալական բողոքն՝ ընդդեմ տիրող ավտորիտար, կոռուպցիայի մեջ թաղված ռեժիմների: Կոռուպցիան է՛լ ավելի է ամրապնդվում խոսքի ազատության բացակայությամբ, նաեւ նրանով, որ երիտասարդությունն այնտեղ որեւէ հեռանկար չունի: Խոսքը վերաբերում է նաեւ երիտասարդության այն հատվածին, որը լավ կրթություն է ստացել, սակայն չի կարողանում ինքնադրսեւորվել ընտրած բնագավառում եւ ստիպված է զբաղվել ուրիշ բանով: Այս ամենն իրար միահյուսվելով, ինչպես պարզվեց, կարող է հասարակությանը բորբոքելու դրդապատճառ դառնալ:

– Ինչպե՞ս կզարգանան իրադարձություններն այդ տարածաշրջանում:

– Չարժե միանման սցենարներ որոնել: Այնտեղ առանց այդ էլ քիչ չեն անակնկալ երեւույթները: Օրինակ` բացահայտվեց արդիականացման գործոնների ազդեցությունը արաբական երիտասարդության վրա: Այդ երեւույթը թերագնահատվում էր. ինչպես արդեն հայտնի է, կազմակերպությունը, որ Եգիպտոսի բնակչությանը հանեց բողոքի ակցիաների, ստեղծվել է համացանցում: Դժվար է կանխատեսումներ անել, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները, քանի որ չափազանց տարբեր կերպ են ընթանում հեղափոխությունները տարբեր երկրներում: Օրինակ` Եգիպտոսում եւ Թունիսում պայքարը դեռ շարունակվում է: Աճում է գործազրկությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա: Եվ միայն սա արդեն կարող է իրար դեմ հանել փոփոխությունների կողմնակիցներին ու նրանց, ովքեր կայունություն են ուզում: Ամեն ինչ այնտեղ պարզ կդառնա այն բանից հետո, երբ հրապարակվի նոր սահմանադրությունը եւ հայտարարվի ընտրությունների օրը: Լիբիայում առայժմ շատ հարցեր կան, սակայն իրադրությունը փոփոխվում է ո՛չ ի օգուտ Մուամմար Կադաֆիի:

– Ո՞ր երկիրն է հաջորդը լինելու «հեղափոխությունների հերթում»:

– Արաբական հարուստ երկրները վախենալու հիմքեր չունեն: Չեմ կարծում, թե, օրինակ, Սաուդյան Արաբիայում կարող են նման իրադարձություններ սկսվել: Այնտեղ պետական կառուցվածքն այլ է, երկիրը հարուստ է: Բացի այդ` այնտեղի թագավորը աննախադեպ քայլի դիմեց. ժողովրդին փող տվեց: Սաուդյան Արաբիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը բարեկեցիկ վիճակում է: Չարժե նաեւ նոր արաբա-մահմեդական կազմավորության ձեւավորում ակնկալել Մերձավոր Արեւելքի հետհեղափոխական «մեծ» վերափոխումների արդյունքում, քանի որ համաարաբական ազգայնամոլությունը ճնշված է արաբական առանձին պետությունների ազգայնամոլությամբ: Այո, գոյություն ունի «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը, նմանատիպ այլ կազմակերպություններ: Սակայն դրանք միատարր չեն, եւ դրանցից բոլորը չէ, որ արմատական իսլամի կողմնակից են:

– Միջազգային հանրության շրջանում կոչեր են հնչում` ազդել հեղափոխական գործընթացների վրա: Ինչպե՞ս եւ ի՞նչ կերպով դա կարելի է անել:

– Հիմա պետք չէ խառնվել այդ իրադարձություններին: Ոչ ոք չպետք է խառնվի: Արեւմուտքում որոշ տաքգլուխ քաղաքական գործիչներ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին ռազմական աջակցություն ցույց տալու ծրագրեր են կազմում: Այդ ծրագրերը շատ վտանգավոր են: Արաբական պետությունների առանձնահատկությունն այնպիսին է, որ արտաքին միջամտությունը կարող է միայն հակառակ արդյունք տալ: Հատկապես ռազմական միջամտությունը:

– Կարո՞ղ են արդյոք արաբական հեղափոխություններն ազդել Ռուսաստանի քաղաքական ներքին իրադրության վրա:

– Քիչ հավանական է: Ռուսաստանի կյանքի վրա արաբական հեղափոխությունները կարող են ազդել միայն մի դեպքում. եթե իսլամիստներն այստեղ փորձեն իշխանության գալ: Թեեւ դա դժվար թե տեղի ունենա, բայց դա կարող է ազդել նաեւ մեր Հյուսիսային Կովկասի վրա, որտեղ վահաբիստներ կան, թեեւ նրանք վահաբիզմի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Սակայն սա քիչ հավանական տարբերակ է: