Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ գյուղատնտեսության ներուժի հստակ պատկերն ունենալու համար անհրաժեշտ է ճյուղի համատարած հաշվառում իրականացնել: Երեկ Երեւանում անցկացվող «ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման դերն ու կարեւորությունը» խորագրով սեմինարի ժամանակ նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով` այսօր ոլորտի վիճակագրությունը ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, սակայն «այդ պատկերը շեղված է իրական վիճակից»:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է առաջին անգամ գյուղացիական տնտեսությունների համատարած հաշվառում իրականացնել, սակայն, ինչպես նշել է Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը` դեռ հստակեցված չէ, թե հաշվառման գործընթացը երբ կմեկնարկի, քանի որ չկա ֆինանսավորում, վերապատրաստված չեն կադրերը: «Բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց լուծումը պայմանավորված է համատարած հաշվառման առկայությամբ: Մենք, ըստ էության, ես միշտ խոստովանել եմ, հիմա էլ եմ ասում, կուրորեն ենք կառավարում այն համակարգը, որը կոչված ենք կառավարելու: Այն հաշվառումը, որ մենք ունեցել ենք` գյուղատնտեսության հաշվետվությունների համակարգը, որի վրա կատարվել են վերլուծությունները, կառուցվել է ամբողջ քաղաքականությունը, այսօր, ցավոք սրտի` շատ սուղ հնարավորություններ ունենք այդ առումով»,- ասել է Սամվել Ավետիսյանը: Ըստ նրա` այսօր հստակ հայտնի չէ գյուղացիական տնտեսությունների եկամուտների, ծախսերի չափը, պատկերացում չկա այդ տնտեսությունների արտադրության միջոցների, իրական պոտենցիալի մասին. «Ցավոք սրտի, մենք լիարժեք պատկերացում չունենք անգամ մեր հողատարածությունների եւ դրանց օգտագործման մասին: Մեր ամբողջ հույսը, վիճակագրությունը, իհարկե, դրանում մեղք չունի վիճակագրական ծառայությունը, կառուցված է ծառայության տվյալների վրա»: Ս. Ավետիսյանի խոսքով` հաշվառումը թույլ կտա նաեւ գյուղացիական տնտեսություններին հասցեական աջակցություն տրամադրել: «Եթե առեւտրային կազմակերպությունն է սնանկանում, նա պարզապես դուրս է մնում բիզնես միջավայրից, բայց նրա վերադարձի հնարավորությունը չի կորչում: Բաց եթե սնանկանում է գյուղացիական տնտեսությունը, իր կենսագոյությունը պահպանելու համար ստիպված դուրս է գալիս գյուղից, հեռանում է գյուղից, գնում է քաղաք, այլ երկիր, եւ վերադարձի հնարավորությունը զրո է»,- նշել է Ս. Ավետիսյանը` հավելելով, որ Գյուղնախարարության ոլորտի մասնագետներին այսօր մտահոգում է երկրի ժողովրդագրական իրավիճակը եւ այն, որ մշակովի հողատարածքների ծավալը գնալով նվազում է: