«Forbes» հանդեսի ռուսական տարբերակը երեքշաբթի հրապարակել է առեւտրային նպատակներով օգտագործվող անշարժ գույքի խոշորագույն 30 ռուսաստանցի սեփականատերերի ցանկը, որում «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը երրորդ հորիզոնականում է: «Ռուսաստանում բնակվող ամենահայտնի հայազգի գործարարներից մեկը` «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն, իր սեփականությունը հանդիսացող կոմերցիոն անշարժ գույքի վարձակալության միջոցով 2010թ. 410 մլն դոլար է վաստակել»,- գրում է «Forbes»-ը: Ս. Կարապետյանը, «Forbes»-ի պնդմամբ, այն եզակի ռուսաստանցի գործարարներից է, ով համաշխարհային տնտեսական ճգնաժամից առանց կորուստների է դուրս եկել: «Ավելին, ճգնաժամի փուլում Կարապետյանը լրջորեն ընդլայնեց իր բիզնեսը` գնելով սնանկացող ընկերություններին պատկանող անշարժ գույքը: Այդ նախագծերում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 2 միլիարդ դոլար ցուցանիշը»,- ընդգծում է «Forbes»-ը: Նաեւ հավելում է. «Այսօր «Տաշիրը» բազմապրոֆիլային ընկերություն է, այն բիզնես է ծավալել տասնյակ ուղղություններով, այդ թվում` էներգետիկա, մանրածախ առեւտուր եւ հասարակական սնունդ: 2010-ին «Տաշիր գրուպի» արձանագրած շահույթի ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար»: Անդրադառնալով այն բիզնես ուղուն, որ վերջին 20 տարիների ընթացքում անցել է Կարապետյանը, «Forbes»-ը գրում է. «Էմալապատ ամանեղենի գործարանի տնօրեն Ս. Կարապետյանն իր առաջին կապիտալը վաստակել է ռետինե իրերի արտադրությամբ զբաղվող կոոպերատիվ հիմնելով: Հետագայում արդեն նա տեղափոխվեց Կալուգա»: Իսկ կոմերցիոն նշանակության անշարժ գույքի ռուսաստանցի սեփականատերերի` «Forbes»-ի կազմած ցանկը գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնամին` մոսկվաբնակ գործարար Արաս Աղալարովը: «Նրան պատկանող «Կրոկուս» ընկերությունների խմբի վարձակալության միջոցով ստացած շահույթի կեսից ավելին` 550 միլիոն դոլարը, Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսային կենտրոնի` «Կրոկուս էքսպոյի» շահագործման արդյունք է»,- գրում է «Forbes»-ը` հիշեցնելով, որ Աղալարովը ռուսաստանցի միակ գործարարն է, ով մասնավոր ներդրումներ է իրականացնում մոսկովյան մետրոյի շինարարությունում: «Աղալարովը մասնակիորեն ֆինանսավորում է «Կրոկուս էքսպոյի» տարածքում գտնվող «Մյակինինո» մետրոյի կայարանի շինարարությունը,- գրում է հանդեսը` հատուկ ընդգծելով,- Արաս Աղալարովի որդին` Էմինը, Ադրբեջանի նախագահի դստեր` Լեյլա Ալիեւայի ամուսինն է: Բացի այդ, նա մասնակցում է իր հոր կողմից իրագործվող բիզնես նախագծերին»: