Չհերկած խոպան

03/03/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանյան էլեկտրոնային մամուլում ամենաշատը քննարկվող նյութը վերաբերում է Ազգային մրցունակության հիմնադրամին: Ավելի ստույգ` այդ հիմնադրամի նախագահի աշխատավարձին: Այն մի քանի անգամ գերազանցում է հայաստանյան ամենաբարձր աշխատավարձերը: Իսկ մասնավոր հատվածում էլ դժվար թե գտնվի մի գործարար, որ իրեն պաշտոնապես 6 մլն 200 հազար դրամ աշխատավարձ նշանակած լինի: Պատկերը երկակի զգացումներ է ծնում: Թեպետ ոչ ոք չի հաշվարկել, բայց մենք բոլորս վստահ ենք, որ 1 քառակուսի մետրին կամ 1000 բնակչին ընկնող շքեղ ավտոմեքենաների ու պալատ-առանձնատների քանակով Հայաստանը մրցակից չունի ալամ աշխարհում: Չհաշված, իհարկե, միջնադարյան վարք ու բարքով ապրող արաբական աշխարհը, որի մի մասն այսօր վառվում է հեղափոխական խարույկի մեջ: Հայաստանյան նույնիսկ պաշտոն ունեցող տնտեսագետների ճնշող մեծամասնությունն անգամ տեղյակ չէ, թե ինչո՞վ է զբաղված Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը: Իսկ տեղյակները հավանաբար կդժվարանան նշել այդ բարեհունչ հիմնադրամի գործունեության դրական որեւէ արդյունք: Բայց հիմնադրամի նախագահը` Բեկոր Փափազյանը, պարզվում է, վիրավորված է: Էլեկտրոնային մամուլով մեկ պատասխան է տվել: Նախ նշել է, որ իր աշխատավարձի չափը հրապարակվել է «առանց հարկային պահումների»: Ըստ մեր սփյուռքահայ հայրենակցի՝ պարզվում է, «Աշխատավարձի մասին տեղեկատվությունները խիստ անձնական են, եւ դրանց հրապարակումը կարելի է դիտարկել որպես անձնական կյանքի միջամտություն»: Ի՜նչ նրբանկատ դիտողություն: Հատկապես, որ այն ուղեկցվում է կրթադաստիարակչական տեքստով: Օրինակ, պարզվում է, որ պետք է հաշվի առնել «այն հանգամանքը, որ հիմնադրամի իրականացրած ծրագրերը մի քանի տասնյակ միլիոնի են հասնում», հետեւաբար՝ «գործադիր տնօրենի աշխատավարձը պետք է համահունչ լինի դրանց» («դրանց» ասածը, հավանաբար, մի քանի տասնյակ միլիոն դոլարն է): Եկեք դառնանք ու փառք տանք, որ մեթոդական այս մոտեցման մասին դեռեւս տեղյակ չեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուները: Ի՜նչ լավ է, որ այդ մեթոդը չգիտի նաեւ Հայաստանի մրցունակության հիմնադրամի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այլապես պատկերացնո՞ւմ եք, թե որքան աշխատավարձ կպահանջեր մեր վարչապետը մոտ 2,8 մլրդ կազմող բյուջեն կառավարելու դիմաց: Մրցունակության հիմնադրամի բացատրություն-պատասխանի մեջ մեթոդական մեկ այլ կետ էլ կա: Պարզվում է՝ «Մրցունակության հիմնադրամում աշխատավարձերը սահմանվում են` ելնելով Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում առաջարկվող աշխատավարձերից»: Այն, որ Հայաստանում այս կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը շատերին չի գոհացնում` ակնհայտ է: Այդ կազմակերպությունների ղեկավարների մի մասի համար Հայաստանը խոպանի պես մի բան է: Այստեղ նրանք իրենց արարքներ են թույլ տալիս, որոնք աններելի կհամարեին սեփական հայրենիքներում` լուսավորյալ Արեւմուտքում: Օրինակ, երբ տարիներ առաջ ՀՀ առողջապահության նախարար նշանակվեց ոլորտի խոշորագույն սեփականատերերից մեկը, միջազգային կազմակերպության ոչ մի ղեկավար չհայտարարեց, որ դա անթույլատրելի արարք է: Մինչդեռ սեփական երկրներում նրանք հասարակությանն ու քաղաքական ուժերին կբացատրեին, որ դա շուկայական տնտեսավարման այբուբենային մակարդակի սխալ է: Մեզ բարբարոսի տեղ դնելով՝ լռեցին: Նախարարը մինչ այսօր պաշտոնավարում է՝ միջազգային կառույցների խոպանչի ղեկավարների հետ համագործակցելով: Հայրենասիրությունը մասնագիտություն չէ: Հետեւաբար՝ ցանկացած սփյուռքահայ Հայաստանում աշխատելու մոտիվացիա պիտի ունենա: Այսինքն` պատմական հայրենիքում ակնկալվող վարձքը պիտի որ գերազանցի լուսավորյալ, ապահով ու ոչ պատմական հայրենիք արեւմուտքների հնարավոր աշխատավարձերին: Մեծահարգ պրն Փափազյանի ասածից կարելի է ենթադրել, որ ինքը չի հրապարակի իր նախորդ աշխատավարձի չափը` այն անձնական կյանքի միջամտություն համարելով: Հետեւաբար պիտի բավարարվենք մեզ` բարբարոսներիս, տված խրատը մինչ վերջ` ցմրուր ըմբռնելով: «Մեզ համար սկզբունքային է, որ համապատասխան որակավորում ու կրթություն ստացած մասնագետներ հավաքագրենք` մեր ծրագրերն իրականացնելու համար: Դա նշանակում է, որ պետք է առաջարկենք շուկայում մրցունակ` այն է` միջազգային կազմակերպություններում առաջարկվող աշխատավարձ»,- իր պատասխանն ավարտելով՝ ասում է Բեկոր Փափազյանը: Շուկայական տնտեսության մասին, ըստ էլեկտրոնային մամուլի, միանգամայն անվճար մատուցված, սույն մեթոդական դասախոսության ֆինալն ահագին բան իր տեղն է գցում: Նախ՝ պարզ է, որ մեր` հայաստանցիներիս, ճնշող մեծամասնությունն իր հայրենիքում բարձր աշխատավարձի չի կարող հավակնել՝ «համապատասխան որակավորում ու կրթություն» չունենալու պատճառով: Բայց ընդունեք, որ սա դաժան փաստարկ է: Անողոք փաստարկ: Եթե անգամ համաձայն չեք դրա հետ: Իսկ համաձայն լինելու դեպքում ահագին ուրախ պատկեր կարձանագրեք: Զվարճանալու չափ ուրախ: Որովհետեւ այդ փաստարկի տրամաբանությունը կտարածվի անգամ ՀՀ գործող վարչապետի վրա: Հիշո՞ւմ եք, մեթոդաբանական դասախոսության այն հատվածը, ուր պնդում կա, թե «գործադիր տնօրենի աշխատավարձը պետք է համահունչ լինի» իր սպասարկած միլիոններին։ Հետեւաբար, ի տարբերություն լուսավորյալ արեւմտյան մասնագետ պրն Փափազյանի, նա չի կարող պահանջել, որ իր աշխատավարձը հաշվարկեն իր կառավարած բյուջեի ծավալներից:

Հ.Գ. Դասախոսություն կարդալու փոխարեն՝ ավելի ճիշտ կլիներ, Մրցունակության հիմնադրամը, հանձին Բեկոր Փափազյանի` հասարակությանը հաշվետվություն տար, թե իր ղեկավարած հիմնարկն ինչով է զբաղված եւ ինչի վրա է ծախսում այդ գումարները` իր ասած տասնյակ-միլիոնները: