Յոթ տարեկան Սամվելը երեկ ամբողջ օրը լաց լինելով պնդել է, որ այլեւս դպրոց չի գնալու: Թեեւ սովորում է գերազանց գնահատականներով, այդուհանդերձ, դատարկ ստամոքսով չի կարողանում ընկալել ուսուցիչների պահանջը: Մայրը` Ռոզան, ասում է, որ արթնանալուն պես Սամվելը սկսել է հեծկլտալ. «Ասում ա` չեմ կարում դաս սովորեմ, հաց եմ ուզում, ստամոքսս սկսում ա ցավալ, ու ուշադրությունս շեղվում ա»: Եթե նախկինում այս ընտանիքի երեխաներն առավոտյան գոնե շաքարաջուր էին խմում, ապա այսօր արդեն` քաղցած վիճակում են ստիպված լինում դպրոց հաճախել:
Ռոզայի եւ Խաչիկի երեխաներն ամեն երեկո նստում են վառարանի շուրջ ու բանակցում են, թե առավոտյան ով ում կոշիկն ու շորը պետք է հագնի, եւ ինչպես պետք է հասցնեն օրվա երկրորդ կեսին փոխանակում կատարել, որպեսզի մյուսներն էլ կարողանան տանից դուրս գալ: Երեխաներից փոքրը` Սամվելը, աննկարագրելի գունատ է, պարբերաբար «դխկդխկալով» կոշտ հազում է, բայց մայրն ասում է, որ բժշկի չեն տարել: «Ինչո՞ւ, թոքախտի նման հազում ա»,- հարցնում եմ: Ռոզան անտարբերությամբ երեսը թեքում է` հասկացնելով, որ… «Դու մի քիչ էստեղ մնա, կհասկանաս»: Երկաթե վագոնակի ներսն այնքան անդուր է, որ սրտխառնոցից ու փսխելու ցանկությունից՝ խնդրում եմ դուռը բացել: Մի քանի ոտնաչափ տարածքում տեղադրված վառարանի շուրջն աթարի մնացորդներ են, որոնք հարեւանները խղճալով տվել են նրանց, որ երեխաները չցրտահարվեն: Ռոզայի «տունն» անասնագոմից չի տարբերվում: Կեղտակորույս փալասները, ոտքի տակ ճզմվող ոչխարի արտաթորանքը, վառարանի մուրն ու Ռոզայի եղունգների տակ անցած չորացած խմորը վկայում են, որ այս ընտանիքը վայրի ցեղերի կենսակերպով է գոյատեւում: Սամվելը թախծոտ աչքեր ու վատ տրամադրություն ունի: Կծկվել է կեղտից անգույն դարձած բազմոցի անկյունում ու ոչ մի կերպ զրույցին չի մասնակցում: Մի տեսակ թույլ, անուժ ու հյուծված է: Հայացքը հուշում է, որ ուրիշ տեղ է, ինչ-որ բան է մտմտում: Կոտայքի մարզի Գառնի գյուղի այս ընտանիքի երեխաները սարսափելի ծանր վիճակում են: Հասկանալով, որ այլեւս գոյատեւելու տարբերակ չկա` օրեր առաջ որոշել են. «Սպասում ենք ձնհալին: Որոշել ենք գնանք սարեր ու ձնծաղիկ հավաքենք: Մենք սկի չենք գնացել ու չգիտենք՝ որտեղ ա ձնծաղիկ լինում: Հարցուփորձ ենք անում, որոշում ենք… Կգնանք սարերից ձնծաղիկ կհավաքենք, փողոցներում կկանգնենք ու 50-100 դրամով կծախենք»: Արդեն 13 տարի երկաթե վագոնակում ապրող այս բազմազավակ ընտանիքն այլեւս կորցրել է վաղվա օրվա ապրելու հույսը:
49-ամյա Ռոզա Սարգսյանը երեխաներից չորսին տանը, միայնակ է ծննդաբերել. «Փող չկար, ռիսկ չէի անում ոտք դնել ծննդատուն: Մարիամիս, Դավիթիս, Անիիս ու Սամվելիս տանն եմ ունեցել, լրիվ մենակ ու անօգնական, բայց փառք Աստծո, ամեն ինչ նորմալ ա եղել»,- ասում է տիկին Ռոզան` խնդրելով իշխանություններին փոխանցել, որ աղքատության նպաստից կտրելով` պետությունն իրենց դատապարտել է մահապատժի: Նախկինում տիկին Ռոզայի բազմանդամ ընտանիքը գոյատեւում էր 42.000 դրամ ընտանեկան նպաստով, սակայն սոցիալական բաժնի աշխատակիցներն այս ամիս տեղեկացրել են, որ իրենք այլեւս նպաստառու չեն: Բացի այն, որ պետությունն այս վեց երեխաներին զրկել է օրվա հացի եկամուտից, դեռ ավելին` «70.000 դրամ էլ տուգանք են նշանակել, ասել են` կամաց-կամաց կփակեք, թե չէ` բռնագանձում կանենք: Ասել ենք` եկեք բռնագանձում արեք, ի՞նչ պիտի տանեք, էս փե՞չը, թե՞ էս ջարդուխուրդ եղած դիվանը, կռավաթը: Թող գան մեզ հերթով բռնագրավեն, ո՞ւմ ենք պետք»: Տան տղամարդը` Խաչիկը, հասկանալով, որ միայն նպաստով չեն կարողանում գոնե օրվա հացն ապահովել` ընդունվել է աշխատանքի: ՀՀ Պետական պահպանության ծառայության ռազմականացված թիվ 4 ջոկատում պահակություն է անում: 35.000 դրամ աշխատավարձի ուղիղ կեսը տրամադրում է Գառնիից Երեւան հասնելու տրանսպորտի ծախսին: «Հիմա Աբովյանի սոցծառայության աշխատակից Կոմիտաս Գրիգորյանն ասում ա` դու աշխատում ես, էլ նպաստ չեք ստանալու: Բացի դա էլ` 70.000 դրամ տուգանք պիտի վճարենք նրա համար, որ ես ընդունվել եմ աշխատանքի, բայց իրանց չեմ ասել: Աբսուրդ, անտեր երկիր ա. փաստորեն, պետությունն ինձ ասում ա` տանը անբանի պես նստի, մի աշխատի, որ ես քեզ աղքատության 42.000 դրամ նպաստ տամ: Պետության վեջը չի, որ երեխեքիս հացն էլ էդ փողով չեմ հասցնում, սովամահ են լինում: Ես ընդունվել եմ աշխատանքի, սուտկով պահակություն եմ անում, որ 35.000 դրամ ստանամ ու գոնե դրա 15.000-ով էլ օրվա հաց հասցնեմ: Առաջ 28.000 էր, իսկ հիմա բարձրացրել են 35.000: Հիմա էդ 35.000 եկամուտի համար նպաստ չեն տալու: Է, թող աշխատավարձը բարձր լինի` իրանց նպաստն իրանց պահեն, ախր… Եթե աշխատավարձս 100.000-150.000 լիներ` նպաստից ինքնակամ կհրաժարվեի: Դա էլ մշտական աշխատանք չի, որովհետեւ եռամսյակով չենք աշխատում: Ես ռեզերվում եմ եղել, տեսել են՝ մարդ չկա, ինձ կանչել են: Հիմա վաղը կարող ա աշխատողը գա, ու ինձ նորից ռեզերվ ուղարկեն: Մի ամիս ա՝ ընկած ման ենք գալիս, թե ո՞ւմ դիմենք, ի՞նչ ճանապարհով պետությանը բացատրենք, որ էդ նպաստով չենք կարում ապրենք, չենք կարա տունը նստենք ու նայենք, թե ո՞նց են երեխեքը սովից կոտորվում, ցրտից հիվանդանում: Հասկանո՞ւմ եք, էդ նպաստը կտրողը թող մի օր գա ու իմ բունը տեսնի, իմ երեխեքի վիճակը ուսումնասիրի: Հետո էլ ասում են՝ մարդիկ գազազած են: Նպաստ տվողն ասում ա` քեզ դատի չենք տվել, մի հատ սեղան էլ չգցեցիր գոնե»,- բարկացած ասում է Խաչիկը, ում սոցիալական աշխատողը տեղեկացրել է, թե` զբաղվածության մասին տեղյակ չպահելով` նա պետությանը վնաս է հասցրել, որը պետք է փոխհատուցի: Տիկին Ռոզան ստիպված աղջկա` Անժելայի հետ հացի արտադրամասում խմոր է հունցում: Ասում է, որ այդ աշխատանքով վարձատրվում է ոչ թե դրամով, այլ` հացով: «Գնդեր ենք անում ու 2000 դրամ օրավարձի փոխարեն՝ օրական 32 հատ հաց եմ բերում: Զարմանում եք, բայց օրական 32 հաց ուտում են երեխեքը, որովհետեւ ուրիշ բան չկա տանը, մենակ հացով են ապրում: Ախր էդ նպաստով գոնե լույսի փող էինք տալիս, գոնե կարողանում էինք հազարից մեկ երեխեքից մեկին մի կոշիկ առնել: Էսքան դաժան կարելի՞ ա լինել»,- նեղսրտում է տիկին Ռոզան, ում երեխաներից չորսը դպրոցական են եւ հաճախ ստիպված են լինում հողաթափերով դասի գնալ: Տղաներից ավագը` Արթուրը, ներկայումս զինվորական ծառայություն է անցկացնում, որտեղ հաստատ իրեն ավելի պաշտպանված կզգա, քան իրենց անտանելի վագոնակում: Ծնողները վստահեցնում են, որ շուտով կավարտի ծառայությունը, սակայն իրենք երբեք չեն այցելել Արթուրին. «Վախը սրտներումս ա, որ գա ու հանկարծ որոշի ամուսնանալ. ի՞նչ ենք անելու, որտե՞ղ ա հարս բերելու, ո՞նց ենք էդ հարցերը լուծելու… Հիմա կգա, առանց զինվորական համազգեստի, ու կհասկանա, որ հագնելու բան էլ չունի»: Տիկին Ռոզան վստահեցնում է, որ 80.000 դրամ էլ պարտք են խանութին, որտեղից ժամանակ առ ժամանակ վերցրած մակարոնեղենի համար խոստացել էին նպաստը ստանալուն պես մարել պարտքերը: Սեպտեմբեր ամսին տիկին Ռոզան գյուղի առեւտրականներից մեկից պարտքով դպրոցական հագուստ է վերցրել, սակայն մինչ օրս գումարը չի տվել. «Հիմա շվարել, մնացել ենք…»: Ամուսինները վստահեցնում են, որ իրենց բողոքն արտահայտելու միակ միջոցը միտինգներին մասնակցելն է, որին չեն մասնակցում միայն նրա համար, որ Գառնիից Երեւան հասնելու տրանսպորտի գումար չունեն: Ասում է` «Ես առողջ, 40-ն անց տղամարդ եմ: Հիմա պետությունն ինձ ասում ա` դու ինվալիդի պես տանը նստի, իսկ ես քեզ ողորմություն տամ: Ո՞ր մի հայրն անտարբերությամբ կարա ամեն օր տանը նստի ու տեսնի, որ երեխեքը սովամահ են լինում: Ես աշխատող մարդ եմ, թող պետությունն իմ աշխատածի չափ վճարի, ու ես կհրաժարվեմ իրա նպաստից: Բայց սիստեմն էնպիսին ա, որ պետությունը մարդուն գցում ա անտեր վիճակում: 2 կոպեկ ողորմում ա ու ասում ա` չաշխատես, էդ 2 կոպեկով կամաց-կամաց գնա էն աշխարհ»: Վեց երեխաների ծնողներն ասում են, որ Գառնիի գյուղապետը քաջատեղյակ է բազմազավակ այս ընտանիքի կենսակերպի մասին, սակայն որեւէ բանով ձեռք չի մեկնել: 18-ամյա Անժելան մի տեսակ արհամարհանքով է նայում անընդհատ դժգոհություն արտահայտող ծնողներին: Չի ընդունում, երբ ծնողները ներկայացնում են ընտանեկան խիստ անձնական խնդիրները, ամաչում է… Անժելան հպարտ մարդ է: Երազում էր դպրոցն ավարտելուց հետո կրթություն ստանալ, ինչ-որ բանի հասնել, բայց… Ներկայումս օր ու գիշեր մոր հետ խմոր է հունցում, որ քույրերն ու եղբայրները գոնե ցամաք հաց ուտեն: Հարցնում եմ` «Գոնե երիտասարդների համար Գառնիում աշխատանք չկա՞»: «Չէ, հավատացեք, որ համատարած գործազրկություն ա: Եթե լիներ` ես ինչի՞ պիտի գնայի Երեւան ու փողի կեսը տրանսպորտի տայի»,- բարկացած ասում է Խաչիկը` վստահեցնելով, որ ամռանը խոտքաղի ժամանակ կարողանում են ուրիշների ցանքատարածությունների խոտը քաղելով վաստակել, իսկ ձմռանը… Մարիամին հարցնում եմ` «Ի՞նչ ես դառնալու»: «Մարդ… ուզում եմ մարդ դառնամ»,- ասում է նա ու վստահեցնում է, որ վախենում է էն մտքից` «Որ լույսի մարդը հես ա գալու ա: 5000 դրամ պարտքը չենք տվել, պիտի անջատի: Գիտե՞ս, ես շատ եմ վախենում, որ պիտի անջատեն լույսը, շատ վախենալու ա մեր տան մթությունը»: Մարիամին հարցնում եմ` «Բոբիկ էս ցրտին չե՞ս մրսում»: Անձայն հեռանում է… Ժամանակ առ ժամանակ խրճիթի դուռը բացում, ինչ-որ բան է ուսումնասիրում, նորից նստում է բազմոցին: Գառնիի հաստ շերտով ճերմակ ձյունն այս երեխաների համար իսկական պատիժ է: Արեւի ճառագայթը Խաչիկի ու Ռոզայի երեխաներին խիստ անհրաժեշտ է: Երեխաները ժամ առ ժամ սպասում են ձյան հալոցքին: Որոշել են գնալ սարեր ու ձնծաղիկ հավաքելով՝ գումար վաստակել: Մարիամը հույս ունի երբեւէ մարդ դառնալ: 14 տարեկան այս աղջիկը, փաստորեն, իրեն մարդ չի համարում, որովհետեւ պետությունն է ստիպել այդպես մտածել: Ամռանն այս երեխաները գոյատեւում են բուսականությամբ: «Սա աճող ընտանիք ա, պետությանն օգուտ եմ տալիս, երեք տղա եմ ուղարկում բանակ, բայց պետությունը թքած ունի: Մեր վիճակը գնալով վատանում ա: Բոլորը փախնում են Ռուսաստան, Գառնիում մարդ չմնաց, մենակ իմ նման խեղճերն են մնացել: Ուրեմն` թող պետությունը չասի` շատ երեխեք ունեցեք, թող չասի` բանակը չի համալրվում…»,- ասում է ընտանիքի հայրը: