«Իմ դեմ խաղ չկա, ինձ ավելի բարձր պաշտոն կտան»,- այս օրերին այսպիսի հոխորտացող հայտարարություններով է հանդես գալիս Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրինուհի Սուսաննա Նազարյանը: Վերջինս իր դեմ հարուցված քրեական գործից հետո ավելի լայն է փռել թեւերը` անգամ ասելով, թե ԶԼՄ-ների այսչափ անդրադարձն իր ղեկավարած դպրոցին ու իր կերպարին` բարձրացրել է իր հեղինակության, այսպես ասած՝ նշաձողը, ռեյտինգը: Զավեշտալին այն է, որ մի կողմից՝ Ս. Նազարյանն այսպիսի անվախ, խրոխտ հայտարարություններ է անում, մյուս կողմից` իր գործընկերներին ու իր «թայֆային» պարտադրում է ԶԼՄ-ների «բերանը փակող» քայլեր ձեռնարկել: Իսկ դրա համար, բնականաբար, լավագույն միջոցը աշակերտների գործոնը մեջբերելն է, թե իբր ԶԼՄ-ների հրապարակումների պատճառով խաթարվում են դասընթացները, աշակերտների հոգեկան վիճակը եւ այլն: Ընդ որում՝ օրեր առաջ, ավելի ստույգ՝ երկուշաբթի օրը, դպրոցի՝ աշակերտների մասին զօր ու գիշեր մտածող «թայֆան» նամակ է հանձնել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Իսկ մյուս կողմից, ըստ Էջմիածնի բնակիչների, արդեն մի քանի օր է՝ դպրոցի լույսերը վառվում են մինչ ուշ գիշեր: Նրանց կարծիքով՝ Ս. Նազարյանը «դզում-փչում» է իր բոլոր գործերը, որ հանկարծ ՀՀ ԿԳՆ պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ժամանակ որեւէ սխալ չբացահայտվի, եւ, որ ինքն առիթ ունենա իր «համբավը» գետնով տվողներին հատ-հատ պատասխան տալ: Ինչեւէ, տեսչության կողմից տրվող այսչափ ժամանակը, ինչ խոսք, «մեծահոգի» վերաբերմունք է դպրոցի՝ նմանօրինակ վարքագիծ ունեցող տնօրենի նկատմամբ, ով ջանք չի խնայում այս գործից «մաքուր» դուրս գալու համար: Չնայած տնօրեն Ս. Նազարյանի վերոնշյալ հայտարարություններին, վերջինիս ամուսինն ու բարեկամներն, արդեն մի քանի օր է, «հյուրընկալվում» են դպրոցի նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանի հարազատների մոտ: Հիշեցնենք, որ 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտի միջոցով բացվեց այդ դպրոցում տիրող բարոյահոգեբանական, մեղմ ասած՝ հիվանդ մթնոլորտը: 14-ամյա տղան մեր նախորդ հրապարակումներից մեկում պատմեց, թե դպրոցի տնօրենն ինչպես է իրեն հարվածել, ճանկռել եւ հայհոյել: «Արդեն մի քանի օր է՝ տնօրենի ամուսինն ու բարեկամները գնում են հորս, եղբորս եւ մեր հարազատների տները՝ խնդրելով չհրապարակել այն ինֆորմացիան, որն ունենք: Կան մանկավարժներ, թվարկեմ կոնկրետ մի 2-3-ի անունները՝ Գազազյան Գոհար, Չիրքինյան Ռուզաննա, Սաղաթելյան Լիդա, ովքեր չեն գտնվել ՀՀ-ում, իսկ դա շատ հեշտ է եւ անձնագրով, եւ օդանավակայանից հաստատելը, բացակայել են, բայց իրենց բացակայած ժամանակի համար նրանք էստեղ լրիվ չափով վարձատրվել են»,- օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց Ալբերտ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ով դպրոցի նախկին եւ ներկա աշակերտների ծնողների եւ շրջանավարտների անունից բաց նամակ է հանձնել ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին: «Դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանն, արդեն 6 տարի է, ղեկավարում է դպրոցը: Տնօրեն եղած օրվանից իսկ սկսած Սուսաննա Նազարյանը ուսումնական հաստատությունը դարձրել է հարաբերություններ պարզելու, հետապնդումների եւ հաշվեհարդար տեսնելու օջախ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ տնօրեն Սուսաննա Նազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել՝ ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին: Տնօրենն առիթը բաց չի թողնում վիրավորելու եւ իրեն փոքր-ինչ հակառակվող աշակերտներին անպարկեշտ խոսքեր ասելու համար… Սուսաննա Նազարյանը բոլորին իր շուրջը պահում է շանտաժով եւ իր կապերն օգտագործելով: Նա հպարտանում եւ ամենուր հայտարարում է, որ ծանոթներ ունի ԿԳՆ-ում, եւ իր դիրքերն ամուր են»,- ասվում է նամակի մեջ: «Ալբերտն այս ամենը շատ ծանր է տանում: Կարող եմ ասել, որ մի քանի օր հաց չկերավ: Աչքերի հաճախակի թարթումներ են սկսվել Ալբերտի մոտ,- նկատեց 14-ամյա տղայի մայրը՝ ավելացնելով,- Քաղաքում լուրեր են պտտվում, որ նախարարը տիկին Նազարյանին ասել է՝ դիմումդ գրի-հեռացի, իսկ ինքը դուռը շրխկացրել եւ դուրս է եկել: Լուրեր են պտտվում նաեւ, որ նա (Ս. Նազարյանը.- Մ.Մ.) ասել է, թե իրեն մի քանի ամիս է մնում աշխատելու, եւ իր վարկն այս ամենից բարձրացել է: Ես ապշել եմ: Էլ ի՞նչ կարող եմ ասել այդ ամենից հետո»: