Առաջին հանդիպումները կայացան
Կայացան չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր առաջին հանդիպումները:
«Միլանը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց անգլիական առաջատար ակումբներից մեկին`«Տոտենհեմին»: «Վալենսիան» սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Շալկեի» նկատմամբ, եւ հանդիպումը ավարտվեց 1։1 հաշվով: «Ռոման» սեփական դաշտում 2։3 հաշվով զիջեց «Շախտյորին»: Նշենք, որ «Շախտյորի» կազմում լավ խաղ ցույց տվեց հայազգի Հենրիխ Մխիթարյանը:
Շատերին հետաքրքրում էր Լոնդոնի «Արսենալի» եւ «Բարսելոնայի» հանդիպումը: Լոնդոնի «Արսենալը» մեծ դժվարությամբ 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ: «Լիոնը» սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ, «Կոպենհագենը» 0։2 հաշվով զիջեց «Չելսիին», «Մարսելը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթրի» հետ: Երկրպագուները հետաքրքրությամբ էին սպասում «Ինտերի» եւ «Բավարիայի» դիմակայությանը: Հիշեցնենք, որ այս թիմերը վերջին անգամ հանդիպել են 9 ամիս առաջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի շրջանակներում:
Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով` հօգուտ «Ինտերի»: Բայց այս անգամ բախտը ժպտաց «Բավարիային»: «Բավարիան» առավելության հասավ 1։0 հաշվով:
Բոլոր հանդիպումներում ինտրիգը դեռ պահպանվել է, բացի «Կոպենհագենի» եւ «Չելսիի» դիմակայությունից:
Եվրոպայի լիգայի 1/6 եզրափակիչը հաղթահարեցին շատ թիմեր: Հաջորդ փուլի խաղերն են` «Բայեր»-«Վիլյառեալ», «Բրագա» -«Լիվերպուլ», «ՊՍՎ»-«Ռեյնջերս», «ԲԿՄԱ»-«Պորտու», «Այաքս»-«Սպարտակ» (Մոսկվա), «Բենֆիկա»-«ՊՍԺ», «Դինամո» Կիեւ-«Մանչեսթըր Սիթի», «Տվենտե»-«Զենիթ»:
Բուն ֆուտբոլի դաշտում
Դեպորտիվոյի «Պանամայի» ֆուտբոլիստ Լուիս Մորենոն ոտքով հարվածել է հանդիպման ժամանակ դաշտ ներխուժած բվին: Ինչպես հետո պարզվել է, այդ թռչունը Դեպորտիվոյի հակառակորդ Ատլետիկոյի «Ժունյորի» կենդանի խորհրդանիշն է: Բարեբախտաբար, բվին տեղափոխել են հիվանդանոց: Այժմ նրան վտանգ չի սպառնում:
«Ռուբինն» առանց Կակայի մնաց
Մադրիդի «Ռեալը» մերժել է 45 մլն եվրոյով բրազիլացի կիսապաշտպան Կակային Կազանի «Ռուբինին» վաճառելու նրանց առաջարկը: Իսպանական պարբերականներից մեկի տեղեկություններով` մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր չէ հրաժարվել 28-ամյա կիսապաշտպանից: Հաղորդվում է, որ ռուսական ակումբը պատրաստ է վճարել նույն աշխատավարձը` տարեկան մոտ 10մլն եվրո: «Ռուբինի» մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Լոպուխովը հումորով է վերաբերվել Կակայի հնարավոր գնման վերաբերյալ տեղեկատվությանը` ասելով, թե առայժմ մեկնաբանելու կարիք չկա։ Իսպանական պարբերականներից մյուսը երեքշաբթի հաղորդեց, որ «Մանչեսթըր Սիթին» նույնպես հետաքրքրված է Կակայի ծառայություններով: Քաղաքաբնակները պատրաստ են «Ռեալ» ուղարկել աֆրիկացի հարձակվող Էմանուել Ադեբայորին, ինչպես նաեւ վճարել 20 մլն եվրո:
Վիլյային «դավաճան» են անվանել
Իսպանիայի ներկայիս չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան նշել է, որ կցանկանար վերադառնալ Իսպանիայի առաջատար ակումբներից մյուսը`«Վալենսիա»: Նշենք, որ իսպանացին երկար տարիներ հանդես է եկել «Վալենսիայում»: «Բարսելոնայի» երկրպագուների մի մասն այս արարքը դիտարկել է որպես դավաճանություն: Իսպանացին վրդովված է «Բարսելոնայի» երկրպագուների այս պահվածքից: Վիլյան ասել է, որ ինքն ընդամենը նկատի է ունեցել այն, որ երբ ավարտվի իր` «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագիրը, հնարավոր է, որ ինքը վերադառնա հարազատ ակումբ:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ