Տնտեսական կանխատեսվող երջանկություն

29/10/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վերջին շրջանում իշխանություններն առիթը բաց չեն թողնում մեզ ուրախացնելու համար։ Խոսքը միայն Էրեբունի-Երեւան եւ այլ միջոցառումների մասին չէ։ Օրինակ` գարնանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը ուրախ-ուրախ հայտնեց, որ արտադրվող ներքին արդյունքով մենք արդեն գերազանցում ենք Խորհրդային Հայաստանին։ Հիմա էլ 2006թ. պետբյուջեն հրապարակելով` իշխանությունները նոր աչքալուսանք են տալիս։ Եկող տարի մենք ունենալու ենք 1 մլրդ դոլարը գերազանցող բյուջե։ Ընդ որում, եկամուտների մասով բյուջեն համարյա մոտենում է 1 մլրդ-ի ցուցանիշին, իսկ ծախսերի մասով` գերազանցում է 65 մլրդ դրամի չափով։ Բյուջեի նախագիծը ենթադրում է տնտեսական եւ դրական, եւ բացասական գործընթացներ։ Տնտեսական աճին զուգահեռ` աճում է նաեւ բյուջեի դեֆիցիտը։ Այսինքն` ամեն տարի մենք ավելի ու ավելի շատ ենք ծախսում, քան վաստակում ենք։ 2003-ի բյուջեի դեֆիցիտը կազմել է համախառն ներքին արդյունքի 1,3%-ը, 2004-ին` 1,7-ը։ Ենթադրվում է, որ այս տարի այն կգերազանցի 2%-ի սահմանը։ Իսկ 2006-ի համար կառավարությունը կանխատեսում է արդեն մոտ 3%-անոց ցուցանիշ։ Նախորդ տարիների բյուջեի նախագիծը հստակ նշում էր, թե ինչ աղբյուրներից է փակվելու բյուջեի դեֆիցիտը։ Այն, որպես կանոն, մեկ հիմնական աղբյուր ուներ` պարտք վերցվող վարկերը։ Այս տարի դեֆիցիտը միայն կիսով չափ է փակվելու վարկերի ստացումով։ 48%-ը փակվելու է ներքին աղբյուրների հաշվին։ Բյուջեի այս հատվածում «Այլ ներքին աղբյուրներ» տող կա։ Այս տողը ենթադրում է մոտ 26,5 մլրդ դրամի մուտք։ Նախագիծը չի բացատրում, թե այդ խորհրդավոր «այլ աղբյուրը» որն է։ Կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է սեփականաշնորհման ճանապարհով մուտքագրվող գումարների մասին։ Ագարակի Պղնձամոլիբդենայինի մասնավորեցումից հետո այդ հաշվի վրա մոտ 70 մլն դոլար կա։ Հենց այս գումարն էլ, երեւի թե, ծախսի կառավարությունը` բյուջեի դեֆիցիտի փակման համար։ Միանշանակ պետք է ընդունել, որ վերջին տարիներին տնտեսական փաստաթղթերը ավելի գրագետ են կազմվում։ Օրինակ` արտաքին տնտեսական հատվածի վերլուծության մեջ ենթադրվում է, որ ներմուծումներն աճելու են 25%-ով, մաքսատուրքերի գծով գանձումները հենց այդքանով էլ ավելացել են։

Բյուջեի եկամուտների հատվածում վերջին տարիներին որոշակի տենդենցներ են կայունացել։ Բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի հետ համեմատած անշեղորեն նվազում են։ Վերջին 5 տարում 20%-ից դրանք նվազել են, կազմելով 16%։ Սրանից կարելի եզրակացնել, որ տնտեսությունն ավելի արագ է աճում, քան նրա հարկվող հատվածը։ Բյուջեի հարկային հատվածի վերլուծությունից կարելի է ենթադրել, որ մեր կառավարությունն ահագին լավատես է։ Նախագծում կանխատեսվում է ոչ միայն անուղղակի (ակցիզ, ԱԱՀ, մաքսատուրք), այլեւ` ուղղակի հարկեր։ Շահութահարկի գծով ենթադրվում է 16% աճ։ Շահութահարկի աճը տնտեսությունը դրական բնութագրող ցուցանիշ է։ Դրականի կողքին առավել ընդգծվում է, որ բացասական գործընթացները ոչ մի կերպ չեն շտկվում։ Հարկային եկամուտների մեջ առյուծի բաժինը շարունակում են ապահովել անուղղակի հարկերը (մոտ 75%)։ Այսինքն, պետությունը շարունակում է ընդունել, որ իր հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը շարունակում է անկատար մնալ։ Հետեւաբար, հարկային ոլորտում հիմնականում կողմնորոշվում է հարկերը ոչ տնտեսական գործունեությամբ հաշվարկելու եւ գանձելու մեթոդին։ Այս մոտեցումը շարունակում է մնալ տնտեսական առաջընթացի լուրջ խոչընդոտ։ Ավելացած արժեքի հարկի գանձման մեթոդից ու ծավալից գործարարներն առաջին տարին չէ, որ բողոքում են։ Պետական բյուջեի եկամուտների հատվածում իր դանդաղ աճով մշտապես աչքի է ընկնում բնապահպանական եւ բնաօգտագործման վճարների մասը։ Կանխատեսվում է մոտ 10 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ` աճը հնարավոր է, որ պատկառելի է։ Բայց այն հիմնականում ապահովվում է ճանապարհային վճարների ավելացման հաշվին։ Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ բնօգտագործումը շարունակում է մնալ տնտեսության ամենավատ հարկվող ոլորտներից։

2006-ի բյուջեի կանխատեսումի ամենաանսպասելի հատվածը վերաբերում է տնտեսական աճին։ Երկնիշ թվերով աճող տնտեսությունը մեր իշխանությունների հպարտությունն է։ Վերջին տարիների տնտեսական վիճակագրությունը հասարակությանը մատուցել է 14, 10, 11 տոկոսանոց հաշվետվություններ։ Ավելի ճիշտ լինելու համար ընդգծենք, որ 11 տոկոսանոց հաշվետվությունը դեռ կանխատեսվում է։ Այն մեզ կներկայացվի 2005-ի տնտեսական ամփոփման հետ։ Փոխարենն` անհասկանալիորեն իշխանությունները ՀՀ կառավարությանը թույլատրել են 2006-ի համար միանիշ թվով աճ ենթադրել։ Այն հաշվարկված է 7,5%-ի սահմանում։ Նախորդ տարիների նախագծի հետ համեմատած` որոշակիորեն փոխվել է բյուջեի ծախսերի հատվածի տրամաբանությունը։ Ես այն շրջանցեցի երկու պատճառով։ Նախ` վերջին տարիներին խորհրդարանական քննարկումների ընթացքում բյուջեի եկամտի հատվածն էական փոփոխության չի ենթարկվում։ Երկրորդ` փոփոխության ենթարկվում է բյուջեի ծախսերի հատվածը, երբ որեւէ խմբակցության հաջողվում է մյուս ոլորտների հաշվից փող պոկել եւ ավելացնել իր կուսակցության նախարարների բաժինը։ Հետեւաբար ծախսերի հատվածին իմաստ ունի անդրադառնալ, երբ խորհրդարանն ընդունի բյուջեի նախագիծը։