Օգտակար խորհուրդներ

03/03/2011

Անոթները մաքրող. Խառնել 2թ/գ կատվախոտի մանրացրած, չոր արմատը եւ մեկ բաժակ սամիթի սերմը, ավելացնել 2 լ եռջուր։ Թրմել 24 Ժամ։ Քամել, ավելացնել 500 գրամ կծոխուրի մեղր, պարբերաբար խառնել։ Խմել օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ (80-ական մլ)։

Ըմպելիք կծոխուրով. Լավ լվացված 50 գ կծոխուրի չոր պտուղների վրա լցնել 1լ եռջուր, 10 րոպե եփել թույլ կրակի վրա։ Քամել, ավելացնել 60 գրամ շաքարավազ եւ եռջրի մեջ լուծված 1 գ վանիլի փոշի, խառնել։

Համեմունք կծոխուրով. Մաքուր պտուղները հավասարապես լցնել արծնապատ կաթսայի մեջ, լցնել պտուղների մակերեսին հավասար ջուր, եփել, մինչեւ փափկելը, տրորելով անջատել սերմերից քամիչի միջոցով։ Ստացված խյուսին ավելացնել (4։1) շաքարավազ։ Մեկ կգ խառնուրդը համեմել մեկական թ/գ կոճապղպեղի եւ դարչինի փոշով եւ 3-5 հատ մեխակով։ Կրկին եփել, մինչեւ մնա ծավալի 80 տոկոսը։ Տաք վիճակում լցնել ապակե տարաների մեջ եւ ծածկել կափարիչով։ Համեղ համեմունք է մսի, ձկան, հավի հետ։

Լիկյոր կծոխուրով. 500 գ կծոխուրի փափկեցրած պտուղների վրա ավելացնել համեմունքներ` կիտրոնի մեկ կտոր կեղեւ, մեկ դարչին, 3-4 հատ մեխակ, լցնել 1 լ օղի եւ ապակե տարան պահել հով եւ մութ տեղում 10-14 օր։ Որից հետո քամել։ Քաղցրացնել 0,4 լ օշարակով։ Լցնել շշերի մեջ։

Հակացուցում։ Կծոխուրը չի թույլատրվում հղի կանանց, դեղորայք օգտագործելիս եւ զարկերակային ցածր ճնշման դեպքում։