Տխուր «համայնքապատկեր»

29/10/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ի՞նչ է համայնքը: Մեր օրենսդրությունը սահմանում է՝ «Համայնքը պետական համակարգի ժողովրդավարական հիմքն է: Համայնքը բնակիչների հանրության եւ վարչատարածքային միավոր է, որի սահմաններում համայնքի բնակիչներն ուղղակիորեն կամ օրենքով սահմանված ընտրովի մարմինների միջոցով իրականացնում են ՏԻ»: Իսկ վերջինս, համաձայն 1985թ. ընդունված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (ՏԻԵԽ), ենթադրում է, որ համայնքները պետք է «սեփական պատասխանատվությամբ եւ տեղական բնակչության շահերից ելնելով կանոնակարգեն եւ կառավարեն պետական գործերի զգալի մասը»: Արդեն այս երկու սահմանումներից ակնհայտ է դառնում հայաստանյան համակարգի թուլությունը: Մեր երկրում համայնքը ժողովրդավարական հիմք լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ համայնքի ղեկավարների գերակշռող մասն իսկապես չի ընտրվել ժողովրդի կողմից: Այսօր Հայաստանում կան շատ համայնքապետեր, որոնց ֆիզիկական եւ մտավոր ունակությունները պարզապես թույլ չեն տալիս գործել տեղական բնակչության շահերից ելնելով: Այժմ ենթադրենք, որ հայկական համայնքները, ցանկանալով պահպանել ՏԻԵԽ սկզբունքները, ձգտում են պետական գործերի զգալի մասը «վերցնել իրենց ուսերին»: Բայց ի՞նչ գործիքներ ունեն նրանք իրենց ձեռքում. համայնքի բյուջե՞ն, թե՞ պետության կողմից տրվող դոտացիաները: Համայնքի բյուջեն մեզ մոտ ձեւավորվում է հիմնականում հարկային եկամուտներից, ընդ որում, եկամտահարկի, շահութահարկի եւ բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Իհարկե, բացի հարկային մուտքերից, համայնքային բյուջեի ֆինանսավորման աղբյուրներ են նաեւ պետական եւ տեղական տուրքերը, ոչ հարկային եկամուտները, այդ թվում՝ համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները ու համայնքի տիրազուրկ գույքի վաճառքից ստացված գումարները, պաշտոնական տրանսֆերտների ձեւով պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները եւ այլն, սակայն դրանք չեն բավարարում համայնքային հսկայական ծախսերը նորմալ հոգալու համար:

Այս առնչությամբ պետք է նշել, որ Հայաստանի ՏԻ համակարգում հանրային էթիկան շատ ցածր մակարդակի վրա է, ինչը վերաբերում է ոչ միայն համայնքի ղեկավարների ու ավագանու անդամների զգալի մասին, այլեւ՝ աշխատակազմի գործելակերպին: Համայնքապետարաններում աշխատող բազմաթիվ պաշտոնյաներ այսօր ձգտում են հնարավոր բոլոր լծակներն օգտագործել համայնքի բյուջե ուղղվող ֆինանսական միջոցներն իրենց գրպան տեղափոխելու համար: Հայն այս պարագայում կասեր. «Այսպես եք անում, որ մեր մեկը երկուս չի դառնում»: Բացի այդ, օրենքով, համայնքն իրավունք ունի արժեթղթեր թողարկելու միջոցով ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը, սակայն մունիցիպալ արժեթղթերի թողարկման փորձ Հայաստանը չունի, ինչը պայմանավորված է համայնքների նկատմամբ ժողովրդի անվստահությամբ: Այսպիսով, համայնքի բյուջեի ձեւավորման աղբյուրները բազմաթիվ են, սակայն ճիշտ կենսագործման մեխանիզմի բացակայության պատճառով այսօր մեր երկրի 930 համայնքները ֆինանսական պրոբլեմներ ունեն:

1997-ից գործում է «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը, որին անդամակցում են բոլոր համայնքապետերը, ավագանու անդամները, համայնքային ծառայողներ, տեղական էլիտայի ներկայացուցիչներ, մասնագետներ: Կազմակերպության հիմնական նպատակը ՏԻ համակարգի զարգացումն է: Կազմակերպությունն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների: Հայաստանը ստորագրել է ՏԻԵԽ-ը եւ պարտավոր է պահպանել ՏԻ եվրոպական սկզբունքները:

Այսօր ՏԻ համակարգում առկա են բազմաթիվ այլ հիմնախնդիրներ ու անորոշություններ, մասնավորապես՝ ՏԻՄ եւ պետական մարմինների փոխհարաբերությունները, համայնքների հսկողությունն ու աուդիտը, նրանց գործունեության թափանցիկությունը եւ այլն: Այս հարցերի շուրջ համակարգի մասնագետների կարծիքները կներկայացնենք մեր հետագա համարներից մեկում: