Լատիներեն «bellis» («bellus») նշանակում է շատ գեղեցիկ, իսկ «perennis»՝ դիմացկուն, համբերատար։ Այս` աչքի չընկնող, սովորական սպիտակ ծաղիկներով խոտաբույսը գունազարդում է այգիները, տնամերձ բացատները, մարգագետինները՝ իր սպիտակադեղնավուն կամ վարդագույն ծաղիկներով։ Մարգարտածաղիկը առաջին ծաղիկներից մեկն է, որ վաղ առավոտյան բացում է իր ծաղկաթերթերը, եւ որի պատճառով ստացել է նաեւ «օրվա աչք» («օրվա ակն») անվանումը։ Մարգարտածաղիկը լայն տարածում ունի որպես բարության եւ մտերմության խորհրդանիշ։ Մեծ Բրիտանիայում համընդհանուր սեր վայելող այս ծաղիկը հիշատակվում է շատ երգերում։ Մարգարտածաղիկը գովաբանել են բազմաթիվ բանաստեղծներ ու գրողներ (Չոսեր, Շեքսպիր, Հյուգո)։ Միջին դարերում Bellis Perennis-ը համարվում էր ընտանիքի պայմանանշան։ Ասպետը ազնվաբարո աղջկանից ստանալով ամուսնության համաձայնությունը, այս ծաղիկը դրոշմում էր իր վահանի վրա։ Մարգարտածաղիկը աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, անցողուն, թիականման տերեւների վարդակով, ամռան ընթացքում առաջացնում է մի քանի ծաղկակիրներ (երբեմն մեկ), որոնցից յուրաքանչյուրի վրա կազմավորվում է մեկ ծաղկազամբյուղ։ Արտաքին ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմիր, իսկ ներքինները՝ ոսկեդեղին։ Ծաղկում է գարնանն ու ամռանը։ Երբեմն՝ մինչեւ ուշ աշուն։ Մարգարտածաղիկը պարունակում է սապոնին, դաբաղանյութեր, ինուլին, օրգանական թթուներ, եթերային յուղեր, որոնք ապահովում են բուժական ներգործությունը։ Մարգարտածաղիկը հնուց կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ, օգտագործվում են ծաղկած ծաղկաթափքերն ու տերեւները։ Թուրմը խմում են հաստ աղիի, երիկամների բորբոքման, ստամոքսի խոցի, հազի, բրոնխիտի դեպքում, որպես բուժման լրացուցիչ միջոց՝ համաձայնեցնելով բժշկի հետ։
– 2 ճ/գ թարմ մարգարտածաղկի խոտաբույսի վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 2-3 ժամ, քամեք։ Ընդունեք 1/3-ական բաժակ թուրմ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։ Բուժման ընթացքում հետեւեք սննդակարգին։
Ռեւմատիզմ, պոդագրա, փորկապություն
– 1ճ/գ մանրացրած հումքը 8 ժամ թրմեք կես բաժակ ջրի մեջ։ Քամեք։ Խմեք օրվա ընթացքում։
Միզապարկի բորբոքում, նեֆրիտ հիվանդություններ
– 10 հատ թարմ մարգարտածաղկի մանրացրած ծաղկաբույլերի վրա ավելացրեք 1ճ/գ արջախաղող, 200 մլ եռջուր, թրմեք 4 ժամ, քամեք։ Ընդունեք 2-ական ճ/գ` օրվա մեջ 3-4 անգամ, սնունդ ընդունելուց հետո:
Հոդային ռեւմատիզմ, արթրիտ
– Գոլորշու վրա խաշեք մի բուռ թարմ խոտաբույսը, հովանալուց հետո լցրեք թանզիֆի վրա, տեղադրեք ցավոտ հոդի վրա։ Վրայից դրեք պոլիէթիլենային թաղանթ, փաթաթեք տաք շալով։ Գործողությունը կատարեք քնելուց առաջ։
Պիգմենտային լաքաներ
3 ճ/գ մանրացրած թարմ խոտաբույսի վրա լցրեք սառը ջուր, թրմեք 3-4 ժամ, քամեք։ Դեղաթրջոցները դրեք պիգմենտային հատվածների վրա` 15-20 րոպե տեւողությամբ։
Ֆուրունկուլյոզ
– 3 ճ/գ մանրացրած թարմ կամ 1-2 ճ/գ չոր խոտաբույսի վրա լցրեք 200 մլ եռջուր, թրմեք 6-8 ժամ, քամեք։ Ստացված զանգվածը դրեք չիբանների վրա, պոլիէթիլենային թաղանթ ամրացրեք։ Կրկնեք օրը 2 անգամ, շարունակեք մինչեւ չիբանների հասունանալը։ Ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։
Մարգարտածաղիկն ուտելի խոտաբույս է, պարունակում է վիտամինների ընդարձակ հավաքածու (կույտ) եւ հանքային աղեր։ Թարմ, մատղաշ տերեւներով կարելի է աղցան պատրաստել։ Բացի այդ, մարգարտածաղկի ծաղիկները կարող են զարդ հանդիսանալ՝ յուրաքանչյուր կերակրատեսակի համար։ Բույսը հակացուցումներ չունի։