«Հայաստանի իշխանությունների գործունեությունը հիմնված է մոնոպոլիաների եւ կեղծիքի վրա»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` ավելացնելով, որ Հայ Ազգային կոնգրեսը` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ամեն ինչ անում է երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: Ըստ Բագրատյանի՝ եթե այսօր Հայաստանում գազի գինը չի բարձրացել, դա միայն ՀԱԿ-ի շնորհիվ է: «Մեր շնորհիվ է, որ մոնոպոլիաները չեն խեղդել, չեն քրքրել: Մենք հանուն ժողովրդի օգնում ենք իշխանությանը չլկտիանալ: Եթե մենք չլինեինք, էլեկտրաէներգիան 30-ից 50 դրամ էր դարձել»,- ասել է նա: Խոսելով վարչապետի պաշտոնում իր գործունեության մասին՝ Հրանտ Բագրատյանն ասել է, որ իր արածի 70 տոկոսը սխալ է եղել, միաժամանակ ավելացրել է. «30 տոկոսը բարձր ցուցանիշ եմ համարում, մինչդեռ այս իշխանությունների մոտ մինուսային ցուցանիշ է»: Խոսելով ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակի, մասնավորապես՝ գնաճի մասին, Հ. Բագրատյանն ասել է, որ ՀՀ-ում գնաճը զսպելու համար անհրաժեշտ է երեք քայլ` ապամենաշնորհացում, մեծածախ եւ մանրածախ վաճառքի գների տարբերության փոքրացում, եւ առեւտրի մոտ 70-80 տոկոսը մանր ու միջին խանութների միջոցով կատարելու հնարավորության ապահովում: Ըստ Բագրատյանի` Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ոչ միայն որեւէ քայլ չեն կատարում, այլեւ ամրապնդում են մենաշնորհների դիրքերը: Հ. Բագրատյանի կարծիքով, Հայաստանի երեք նախագահներից տնտեսությունից ամենավատը հասկանում է Սերժ Սարգսյանը, այլապես նա պարտավոր էր զբաղեցրած պաշտոնից ազատել Տիգրան Սարգսյանին, ով խոսում է միայն մենաշնորհներից ազատվելու անհրաժեշտության մասին, սակայն որեւէ գործուն քայլ չի կատարել. «Լոլոներ է կարդում լրագրողների եւ հասարակության ականջին: Էդ մարդն ինչ ասում է` սուտ է: Եգիպտոսում սենց բան չի լինում, Լիբիայում չի լինում: Նրանք մեզանից տնտեսապես լավ են ապրում»: Պատասխանելով Ֆինանսների նախարարի այն հայտարարությանը, թե տնտեսության արդյունքները հուսադրող են` Հ. Բագրատյանը ասել է. «Տո, ձյուն գա գլխին, ի՞նչն է հուսադրող: Ձեռք են առնում, ի՞նչ են անում»: Խոսելով ներկայիս քաղաքական զարգացումների մասին՝ Հ. Բագրատյանը հայտարարել է`«մենք պատմական օրեր ենք ապրում»: Նա ասել է, որ «պատմական իրադարձություններ» ասելով` պետք է նկատի ունենալ ոչ միայն հանրահավաքները, այլեւ ընդհանրապես ընդդիմության ողջ պայքարը: Իսկ հարցին` հնարավո՞ր են արդյոք արտահերթ ընտրություններ, նա պատասխանել է, թե ինքը կանխագուշակումներ չի անում: «Ես գիտեմ, որ ապրում ենք այնպիսի օրեր, որոնք հայ ժողովրդի պատմության մեջ 2000 տարի հետո գրվելու են ոսկե տառերով, ես հավատում եմ դրան»,- հայտարարել է նա` բոլորին հրավիրելով ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին: