«Այսպես չի կարող շարունակվել եւս յոթ տարի»,- այսպես է վերնագրված «Ժառանգություն» կուսակցության երեկ տարածած հաղորդագրությունը: Իսկ մինչ այդ հայտարարությունը, երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը բավականին անսպասելի կերպով բոյկոտեց Ազգային ժողովի նիստը: Նախ՝ սկզբում ելույթ ունեցավ այդ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հայտարարեց, թե ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգը պետք է արտահայտի ժողովրդի պահանջները, ինչը, սակայն, այդպես չէ: «Վերջերս գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ, ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների՝ սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակության, որ «պետությունը ես եմ, եւ իմ դեմ խաղ չկա»,- հայտարարեց Ր.Հովհաննիսյանը` ավելացնելով,- Այս խորհրդարանի առարկայական պատկերը արտացոլանքն է հերթական խեղված եւ կեղծված ընտրությունների, բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը մեծամասնության եւ ընդդիմության չի բավականացնում կուսակցապետերի հախն ու ախորժակը: Եվ իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ եւ երբեք հեգնանքով` առեք, կերեք, սա է ժառանգությունը ձեր»:
Իշխող «Հանրապետական» խմբակցության շարքերից միանգամից պատասխաններ եւ հայհոյանքներ տեղացին «Ժառանգության» անդամների ուղղությամբ, ու վերջիններս լքեցին նիստերի դահլիճը: «Ժառանգության» այդ քայլը կարծես թե անսպասելի էր նաեւ իրենց անդամների համար, սակայն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, թե դա նախապես պլանավորված էր: Նա նաեւ տեղեկացրեց, թե կեսօրին հրավիրելու են խմբակցության ու կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ քննարկվելու են ստեղծված իրավիճակում հետագա անելիքները: Եվ ողջ խմբակցությունը լքեց ԱԺ-ն: Իսկ մինչ այդ 20 րոպե ընդմիջում վերցրեց խորհրդարանական մյուս ընդդիմադիր` «Դաշնակցություն» խմբակցությունը` հասկանալու համար, թե ինչ արեցին իրենց գործընկերները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մի քանի րոպե առանձնազրույց ունեցան Ս.Սաֆարյանի հետ, որից հետո Վ.Հովհաննիսյանը հայտարարեց. «Մենք գտնում ենք, որ մեր գործընկերների անալիզը քաղաքական իրավիճակի, որոշ քաղաքական ուժերի չհիմնավորված ախորժակների աճի վերաբերյալ ճիշտ է, բայց լուծումը, որ նրանք առաջարկում են, տակտիկական բնույթի է եւ իրենց որոշելիքն է»:
Լրագրողների հարցին` եթե «Ժառանգությունը» բոյկոտի խորհրդարանական աշխատանքները, ՀՅԴ-ն կմիանա՞ նրանց, Վ.Հովհաննիսյանը պատասխանեց, թե նման որոշման համար իրենք պետք է սեփական վերլուծությունը կատարեն: Ավելի ուշ, «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում» ավելի քան 4 ժամ տեւած նիստից հետո «Ժառանգությունը» հայտարարություն տարածեց, որով տեղեկացրեց, որ մարտի 6-ին հրավիրելու են կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվի «կուսակցության ու նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության, մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում»: Այսինքն՝ կուսակցությունը դեռ պետք է որոշի` բոյկոտելու է միայն ա՞յս քառօրյան, գարնանային նստաշրջանն ամբողջությա՞մբ, թե՞ այս գումարման ԱԺ նիստերին այլեւս չի մասնակցի ընդհանրապես: Կուսակցության մամլո պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում միայն տեղեկացրեց, թե երեկ պատգամավորական մանդատները վայր դնելու հարց ընդհանրապես չի քննարկվել:
Հիշեցնենք, որ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ մի քանի ամիս տեւած լարվածությունից ու բանակցություններից հետո փետրվարի 17-ին կոալիցիոն 3 կուսակցությունները հայտարարություն ստորագրեցին` ամրագրելով, որ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ կպաշտպանեն գործող նախագահի թեկնածությունը: Բացի այդ, հայտարարության մեջ նշված էր, թե որոշակի փոփոխությունների իրականացման արդյունքում ավելի կմեծանա իրենց քաղաքական դերակատարությունը, նրա հանդեպ հասարակության վստահությունը, ինչը կհանգեցնի հաջորդ ԱԺ-ում կոալիցիայի ներկայացվածության աճին: Եվ այս մտքերը մեկնաբանվեցին՝ որպես իշխանությունների կողմից հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ելքը պարտադրող եւ կանխորոշող հայտարարություն: Ու եթե իշխանությունն ակնկալում է, որ 2012-ի խորհրդարանում ավելի մեծ ընդգրկվածություն է ունենալու, ուրեմն դա պետք է լինի ԱԺ առանց այդ էլ սակավաթիվ ընդդիմադիր անդամների հաշվին: Եթե ոչ բոյկոտը, ապա գոնե Ր.Հովհաննիսյանի հայտարարությունը կարելի է այս համատեքստում հասկանալ:
Այնուամենայնիվ, «Ժառանգության» երեկվա գործունեության մեջ տարօրինակ մի բան կար. եթե, իսկապես, ինչպես Ս.Սաֆարյանն էր ասում, իրենց քայլերը նախապես քննարկված եւ պլանավորված էին, ապա դրանից հետո ինչի՞ համար էր այդ չորսժամյա նիստը, որի ժամանակ ընդամենը որոշվեց հետագա անելիքները որոշել մարտի 6-ին: Խմբակցության պատգամավորները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն ներկայացնել: Իսկ մինչ այդ խմբակցությունը որոշել է չմասնակցել այս քառօրյա նիստերին:
Բոյկոտի քաղաքական նախադեպը
Ուղիղ 7 տարի առաջ` 2004թ. այս օրերին խորհրդարանական աշխատանքը բոյկոտեց ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը: Բոյկոտի քաղաքական պատճառն այն էր, որ խորհրդարանը հրաժարվել էր իրականացնել Սահմանադրական դատարանի որոշումը: «Արդարություն» դաշինքը քաղաքական ակցիաներ էր անցկացնում` բողոքարկելով 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքները: Դաշինքն այդ խնդրով դիմել էր նաեւ ՍԴ: Վերջինս, հիշեցնենք` աննախադեպ որոշում էր կայացրել, ըստ որի՝ նախագահական այդ ընտրությունների հետ կապված կա վստահության հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն: ՍԴ-ն նաեւ ԱԺ-ին առաջարկել էր 1 տարվա ընթացքում այդ հանրաքվեն անցկացնելու համար համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել: Ըստ էության, ՍԴ-ն, ամրագրելով վստահության հանրաքվեի գաղափարը` այն ժամանակ կասկածի տակ էր դրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմությունը: «Արդարությունը» զանգվածային ակցիաներ էր անցկացնում եւ պահանջում, որ ԱԺ-ն կատարի ՍԴ որոշումը եւ անցկացնի նախագահի վստահության հանրաքվե: Նույնիսկ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծ էր ներկայացրել: ԱԺ-ն, սակայն, դա չընդունեց, եւ հենց այդ նիստի ժամանակ «Արդարություն» խմբակցության պատգամավորները բոյկոտեցին նիստն ու լքեցին դահլիճը: «Քանի որ խորհրդարանական մեծամասնության կողմից խախտվեց ԱԺ կանոնակարգ օրենքը, վստահության հանրաքվեի եւ հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու հետ կապված մեր իրավունքները ոտնահարվեցին, մենք բոյկոտեցինք ԱԺ աշխատանքները: Ի պատասխան ժողովրդի բուռն ցասման՝ 2003թ. փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին զանգվածային ակցիաներ կազմակերպեցինք»,- հիշում է այն ժամանակ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այդ ակցիաներից մեկի ժամանակ 2004թ. ապրիլի լույս 12-ի գիշերը ԱԺ-ից դուրս եկած հատուկջոկատայինները ծեծի ենթարկեցին ընդդիմադիր գործիչներին ու ցրեցին խաղաղ հավաքը: Իսկ 1 տարի հետո դաշինքը որոշեց մասամբ դադարեցնել բոյկոտն ու օգտագործել ԱԺ հայտարարությունների ժամերը: Այն ժամանակ մեկնաբանություններ եղան, թե այդ բոյկոտը անիմաստ էր, ընդդիմության գործունեության համար անօգուտ: Երեկ
ԱԺ-ում նույն կարգի քննարկումներ էին ընթանում նաեւ «Ժառանգության» բոյկոտի հետ կապված: Կարծիք կար, որ կուսակցությունն այդ քայլին գնում է հասարակության մեջ իր քաղաքական հետաքրքրությունը բարձրացնելու եւ 2012-ի խորհրդարանում չընդգրկվելու մտավախությունից ելնելով: Եվ գերակշռող էին տեսակետները, թե խորհրդարանական աշխատանքը բոյկոտելով` «Ժառանգությունը» միայն ժամանակավոր հետաքրքրություն կառաջացնի: Իսկ երկարատեւ հեռանկարում այդ քայլը բացասական հետեւանքներ կունենա, որովհետեւ կորցնելու է ԱԺ ամբիոնն օգտագործելու հնարավորությունը, ինչը հասարակական որոշակի արձագանք առաջացնում է: «Ժառանգությունը», բնականաբար, ինքը պետք է որոշի իր տակտիկան, բայց իմ դիտարկումներով՝ եթե խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ փորձի ԱԺ-ն չօգտագործել որպես քաղաքական ամբիոն, կարծում եմ, որ այս քայլն ուղղակի սիտուատիվ կարող է լինել»,- եզրակացրեց Վ.Դալլաքյանը: «Կարծում եմ, որ Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ պետք է պայքարել»,- այս առնչությամբ ասաց ՀՅԴ-ական Վ.Հովհաննիսյանը: