ՀՀ Էկոնոմիկայի ներկա նախարար Տիգրան Դավթյանն ու նրա նախորդը` Ներսես Երիցյանը, համարվում էին նույն թիմի ներկայացուցիչներ: Սակայն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրանց միջեւ կարեւոր տարբերություններ կան։ Դրանք երեւում են թեկուզ նոր նախարարի խոսքերից։
Առաջին տարբերությունը, թերեւս, այն է, որ Տ Դավթյանը կարծես իրականությանն ավելի մոտ է գտնվում, եւ օրվա խնդիրները թողած՝ ապագայի տիեզերական ծրագրերի մասին չի խոսում։ Օրինակ՝ 3 օր առաջ, Ծաղկաձորում կազմակերպված «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում Տիգրան Դավթյանն ասել է. «Համաշխարհային տնտեսությունը եւ Հայաստանի տնտեսությունը դուրս են գալիս ճգնաժամից, եւ հիմա արագ տեմպերով ընթանում է տնտեսության վերականգնման գործընթաց»: Մինչդեռ, եթե հավատայինք նախկին նախարարին՝ մենք ճգնաժամը պատվով հաղթահարել էինք դեռ նախորդ տարի։
Նշենք նաեւ, որ Տ. Դավթյանի համար կարծես հոգեհարազատ են տնտեսության բոլոր ոլորտները, ոչ թե միայն մոդայիկ դարձած «գիտելիքահենք տեխնոպարկային տեսլականները»։ «Ինձ համար բոլոր ոլորտները կարեւոր են, ուստի տարբեր ոլորտներում ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ներդրում ինձ հետաքրքրում է, եւ ես պետք է աջակցեմ»,- ասել է Տ. Դավթյանը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերություն եւ տնտեսություն, եւ որ արդյունաբերության ցանկացած ճյուղ, այդ թվում՝ թեթեւ արդյունաբերությունը, լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում: «Ոլորտներ կլինեն, որոնք ավելի արագ կզարգանան, ոլորտներ` ավելի դանդաղ, ոլորտներ, որոնք ավելի շատ աջակցության կարիք կունենան: Սակայն, իմ եւ նախարարության մոտեցումը բոլոր ոլորտների նկատմամբ լինելու է հավասարաչափ»:
Սակայն կա մի հատկանիշ, որը բնորոշ է եւ նախկին, եւ ներկա նախարարին (եւ՛ թերեւս բնորոշ կլինի էկոնոմիկայի ապագա նախարարներին). դա «հայեցակարգ» բառի նկատմամբ ունեցած սերն է։ Տ. Դավթյանը նշել է, որ ներկայումս իր ղեկավարած նախարարությունը մշակում է արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որտեղ նշված են լինելու այս նպատակին հասնելու սկզբունքներն ու քայլերը։ Հայեցակարգ հասկացությունը՝ որպես այդպիսին, վատ բան չէ։ Ավելին, թերեւս կարեւոր եւ անհրաժեշտ է «արագ փոփոխվող աշխարհում» ձեռքբերումներ ունենալու համար։ Սակայն վերջին տարիներին եւ հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Ն. Երիցյանի շնորհիվ՝ այս բառն այնքան է արժեզրկվել, որ ամենաիրատեսական նախաձեռնության դեպքում անգամ «հայեցակարգ» բառն առաջացնում է միայն թերահավատ ժպիտ։ Ասվածն ապացուցելու համար բավական է հիշատակել էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված հայեցակարգերից մի քանիսը։
Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության համակարգ ապահովելու հայեցակարգ։ Թե որքանով են Հայաստանում պաշտպանվում սպառողների շահերը, ցույց են տալիս առաջին անհրաժեշտության ապրանքների չհիմնավորված եւ անմարդկային թանկացումները։
Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության հայեցակարգ։
«Հայաստանը կազմակերպված հանգստի կենտրոն» համազգային նախագիծ հայեցակարգ (կարելի էր վերանվանել «անկազմակերպ հանգստի» կամ «կազմակերպված անհանգստության» կենտրոնի)։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգ։ Առանց մեկնաբանության։
«Դասական» դարձած հայեցակարգեր՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգ», «Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագիծ-հայեցակարգ։ Գյումրին տեխնոքաղաք դառնալու ճանապարհին է. այս պահին ընթացքի մեջ են գիտնականների «դոմիկների» ջեռուցման խնդրի լուծումը (ամեն ինչ արվում է գարնան գալուստը արագացնելու համար)։ Իսկ «Գերազանցության կենտրոնի» վերածվելու համար առաջին հերթին հարկավոր է թույլ չտալ, որ վրացիները շատ առաջ անցնեն։
Ինչեւէ՝ նոր նախարարը լավատես է, քանի որ, ըստ նրա, առաջանում են դրական սպասումներ թե երկրի ներսում, թե գործընկերների մոտ, ովքեր այս կամ այն չափով հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ: «Այդ դրական սպասումները հիմնավորված են, քանի որ այս տարվա տնտեսական զարգացումները եւ այն ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են, որոնք առաջիկայում սպասվում են, վստահություն են տալիս, որ տնտեսությունում այս տարի բավականին էական դրական տեղաշարժեր կլինեն»,- ասել է Տ. Դավթյանը։
Նա նաեւ խոսել է տնտեսության մեջ շինարարության ոլորտի տեսակարար կշռի նվազման մասին՝ նշելով, որ ճգնաժամից հետո մենք «ավելի բալանսավորված տնտեսություն ունենք». «Կարծում եմ` արդյունաբերության, ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների հատվածը առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում էականորեն կմեծանա»:
Ինչպես ասում են՝ տա Աստված։ Կարծում ենք՝ դրական սպասումների մասին խոսելիս նախարարը նկատի է ունեցել նաեւ այս տարվա առաջին մակրոտնտեսական ցուցանիշները։ Հիշեցնենք, որ ամսական կտրվածքով ՀՆԱ-ի աճի ցուցանիշ պաշտոնական վիճակագրությունն այլեւս չի հրապարակում։ Փոխարենը՝ հրապարակվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն այս տարվա հունվարին կազմել էր 7% (նախորդ տարվա հունվարի համեմատ)։ Առանձին վերցրած բոլոր ոլորտներում արձանագրվել էր աճ։ Սակայն ամենամեծ աճը, կամ, այսպես ասենք, տնտեսության շարժիչի դերը ստանձնել էր ծառայությունների ոլորտը։ «Դա լավ է, քանի որ ժամանակակից աշխարհում ծառայությունները ՀՆԱ-ի մեջ զգալի կշիռ ունեն, եւ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում»,- կասեին առավել լավատեսները։ Սակայն Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած մանրամասն տվյալները այլեւս թույլ չեն տա ոգեւորվել ծառայությունների ոլորտի 24.3% աճով։ Բանն այն է, որ այդ աճի համար պարտական ենք ԱՊՊԱ կոչվածին։ Այսպես, հունվարին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 62.8 միլիարդ դրամ, որից 21.7 միլիարդը պատկանում է «ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունների» ոլորտին։ Այս ոլորտի աճը նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմել է 131.7%։ Այսինքն՝ ծավալներն աճել են 2.3 անգամ։ Փաստորեն՝ կառավարությունը դեռ նախորդ տարվանից ԱՊՊԱհովագրել էր տնտեսական աճի ցուցանիշը։